armenpress.am: Ամուլսարի հանքի գործարկումը լավ է և՛ տնտեսական, և՛ սոցիալական առումով, իսկ շրջակա միջավայրի ու բնապահպանական առումով վերահսկելի է:
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ ՀՀ քաղաքացիները՝ ի դեմս կառավարության, ունեն բաժնեմաս Ամուլսարի նախագծում:
«Այո, բնապահպանական խնդիրներ են բարձրացվել: Այդ բնապահպանական խնդիրներն ավելի համապարփակ ենք ընկալել, և այդ խնդիրներին տրվել են համապատասխան պատասխաններ: Այդ պատասխանները համարվել են վստահելի: Ազդակիր համայնքների համար ձևավորվել են լրացուցիչ մեխանիզմներ՝ այդ թվում ֆինանսական մեխանիզմներ: Հետևաբար կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է և՛ տնտեսական առումով, և՛ սոցիալական առումով: Շրջակա միջավայրի և բնապահպանական առումով վերահսկելի է և ստանդարտների մեջ է լինելու»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ Ամուլսարի հանքի շահագործման համար գնացել են երկար ճանապարհով: Բայց, ըստ նրա, Ամուլսարն այն դեպքերից է, որ ժամանակը չի վատնվել:
«Սա այդ բացառիկ դեպքերից է: Գնացել ենք քայլ-քայլ՝ հետևողական, հավասարակշռված, լսելով, ուշադիր լինելով, մտահոգություններին երկրորդ, երկրորդ անգամ անդրադառնալով, ՀՀ պետական շահերը սպասարկելով, Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված մտահոգությունները սպասարկելով, ՀՀ քաղաքացիներին բաժնեմասով օժտելով, համայնքներին ֆինանսական կայուն եկամուտներով օժտելով: Ամուլսարի նախագիծը իրականում շատ լավ նախագիծ է»,–ընդգծեց վարչապետը:
Կառավարությունը փետրվարի 27–ի նիստում որոշել էր մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանի բանկերից՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկ ներգրավելու նպատակով։ Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեսակետ էր հայտնել, որ հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու 2025–ի և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում:
comment.count (0)