Երկու անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ֆինանսական բեռի բարձրացումը ձևակերպվել է այնպես, որ այն ամեն տարի բարձրանա, որ լուծվի խաղային օպերատորի հարցը: Վերջինիս միջոցով սահմանափակվելու է քաղաքացիների՝ կազինո խաղալու հնարավորությունը, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների համար ընդհանրապես արգելվելու է»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հայտնելով, որ հանձնաժողովի նիստում փոխվել է նախագիծը, մասնավորապես՝ հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի. «Ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազերցրել ենք մի քանի անգամ: Ինչի համար. անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկությունից՝ հարկը պիտի լինի տրամաբանական, և չի կարող հարկը ավբելի մեծ լինել, քան եկամուտը, որ ստանում են ընկերությունները»:
Թունյանը հույս հայտնեց, որ կկարողանան առաջիկայում արագ կյանքի կոչել կարգավորումները, մասնավորապես՝ խաղային օպերատորի ներդրումը. «Խաղային օպերատորը ոչ միայն թույլ է տալու ամբողջական պատկերացում կազմել խաղային ոլորտւի իրական շարժերի մասին, այլև թույլ է տալու նույնականացնել այն խմբերին, որոնց նկատմամբ պետք է որոշակի սահմանափակումներ գործեն, լինեն դրանք սոցիալապես անապահով մարդիկ, պետական ծառայողներ, զինծառայողներ: Մենք հիմա չենք կարող բուքմեյքերական ընկերություններին էդ ամբողջ ինֆորմացիան տալ, պետք է լինի միջանկյալ օղակ»:
Պատգամավորն ընդգծեց, որ կարգավորումները պետք է լինեն այնպիսի, որ ոլորտը չունենա գերշահույթներ, մյուս կողմից չպետք է լինեն այնքան խիստ, որ մարդիկ ֆինանսական հոսքերը տեղափոխեն կասկածելի օտարերկրյա կայքեր և ավելի մեծ վնաս տան:
«Նախագիծը այս տեսքով մեզ համար ընդունելի է: Այս նախագիծը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման խնդիր, այլ արդարացի հարկման խնդիր: Խաղամոլության տարածման խնդիրը լուծում են այլ նախագծեր»,- ասաց Թունյանը՝ հորդորելով կողմ քվեարկել նախագծին:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հայտնեց, որ կառավարության առաջարկով խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կիրականացվի պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ:
«Պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկն է, որ անմիջապես ապրիլի 1-ից երկու անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև ստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը, և կներդրվի օպերատորի ինստիտուտը»,- ասաց Պողոսյանը:
comment.count (0)