Ազգային ժողովը  ընդունեց պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկելու նախագիծը
11:51 - 06 մարտի, 2025

Ազգային ժողովը ընդունեց պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկելու նախագիծը 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ ֆինանսական բեռի բարձրացումը ձևակերպվել է այնպես, որ այն ամեն տարի բարձրանա, որ լուծվի խաղային օպերատորի հարցը: Վերջինիս միջոցով սահմանափակվելու է քաղաքացիների՝ կազինո խաղալու հնարավորությունը, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների համար ընդհանրապես արգելվելու է։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստում փոխվել է նախագիծը, մասնավորապես՝ հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի. «Ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազերցրել ենք մի քանի անգամ: Ինչի համար. անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկությունից՝ հարկը պիտի լինի տրամաբանական, և չի կարող հարկը ավբելի մեծ լինել, քան եկամուտը, որ ստանում են ընկերությունները»:

Թունյանը հույս է հայտնել, որ կկարողանան առաջիկայում արագ կյանքի կոչել կարգավորումները, մասնավորապես՝ խաղային օպերատորի ներդրումը. «Խաղային օպերատորը ոչ միայն թույլ է տալու ամբողջական պատկերացում կազմել խաղային ոլորտւի իրական շարժերի մասին, այլև թույլ է տալու նույնականացնել այն խմբերին, որոնց նկատմամբ պետք է որոշակի սահմանափակումներ գործեն, լինեն դրանք սոցիալապես անապահով մարդիկ, պետական ծառայողներ, զինծառայողներ: Մենք հիմա չենք կարող բուքմեյքերական ընկերություններին էդ ամբողջ ինֆորմացիան տալ, պետք է լինի միջանկյալ օղակ»:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հայտնել է, որ կառավարության առաջարկով խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կիրականացվի պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ:

«Պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկն է, որ անմիջապես ապրիլի 1-ից երկու անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև ստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը, և կներդրվի օպերատորի ինստիտուտը»,- ասել է Պողոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել