Իսրայելի և «Համասի» միջև հաստատված հրադադարի ապագան անորոշ է, և այդ պայմաններում՝ արաբական երկրների առաջնորդները հանդիպել են Կահիրեում՝ քննարկելու Գազայի ապագային վերաբերող հարցեր:
Եգիպտոսի առաջ քաշած ծրագիրը, որը հավանության է արժանացել գագաթնաժողովում, կոչ է անում Պաղեստինի ինքնավարությանը ղեկավար դեր ստանձնել Գազայի վերականգնման գործում՝ պաղեստինցի տեխնոկրատ կառավարիչներից կազմված կոմիտեի միջոցով:
Ծրագիրը նաև նախատեսում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել Գազայում՝ վեց ամսով: Այնտեղ, սակայն, բացակայում է «Համասի» զինաթափման մասին հիշատակում, որը և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ պահանջն է:
«Համասի» հետ բանակցություններում Իսրայելի նախկին ներկայացուցիչ Գերշոն Բասկինն ասում է. ««Համասի» ղեկավարությունը, որը գործում է Գազայից դուրս, արդեն ամիսներ շարունակ հստակորեն հասկացնում է, որ պատրաստ է հրաժարվել Գազայի կառավարումից՝ հօգուտ անկուսակցական, քաղաքացիական, արհեստավարժ, տեխնոկրատ կառավարության»:
«Համասի» առաջնորդ Սամի Աբու Զուհրին, այդուհանդերձ, ընդգծել է, որ կազմակերպությունը զենքը վայր չի դնի:
Բասկինն շարունակում է, որ այլընտրանքի բացակայության դեպքում «Համասը» կվերականգնի դիրքերը Գազայում. «Իմ մտավախությունն է՝ քանի որ Գազայում «Համասի» քաղաքական ղեկավարությունից ոչ ոք չի մնացել, և հին զինվորականների մեծ մասը սպանվել է Իսրայելի կողմից պատերազմի ժամանակ, մարդիկ, ովքեր հիմա ցույց են տալիս, որ իրենք իշխանություն են, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի երիտասարդ սպաներ են, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ նոր երիտասարդներ հավաքագրելու համար»:
Կահիրեի գագաթնաժողովին արաբ առաջնորդները համաձայնել են, որ ԱՄՆ կողմից Գազան վերհսկողության տակ վերցնելու և նրա երկու միլիոն բնակիչներին արաբական այլ երկրներ տեղափոխելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն անընդունելի է:
Արաբական երկրների ղեկավարների խոսքով՝ Գազայի բնակիչները պետք է մնան Գազայում՝ չնայած 16-ամսյա պատերազմի պատճառած համատարած ավերածություններին։
Փոխարենը, Իսրայելի կառավարության համար է ընդունելի Թրամփի ծրագիրը:
Իսրայելցի որոշ դիտորդներ գտնում են, որ, ամեն դեպքում, պաղեստինյան անկախ կառավարության ձևավորման հնարավորությունն առկա է։
««Համասի» փոխարեն կգա ոչ կոռումպացված, չափավոր գործիչ, որը կկառավարի՝ Պաղեստինի ինքնավարության հովանու ներքո: Բայց կառավարումը ուղղակի չի իրականացնի Պաղեստինի ինքնավարությունը, որը ղեկավարում է Հորդանան գետի արևմտյան ափը, և որը կոռումպացված է՝ կառավարման վատ փորձով և տակավին ծայրահեղական: Այդ գործիչը Սալամ Ֆայադն է»,- ասում է Բար-Իլամ համալսարանի ներկայացուցիչ Ջոնաթան Ռայնհոլդը:
Սալամ Ֆայադը տնտեսագետ է, Պաղեստինի նախկին վարչապետն ու անկուսակցական գործիչ, ով հեռու էր Պաղեստինի ինքնավարությանն առնչվող ենթադրյալ կոռուպցիոն գործերից:
Ֆայադը նաև սերտ կապեր ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որը, ամենայն հավանականությամբ, կարող է ֆինանսավորել Գազայի վերակառուցման առնվազն մի մասը, և որը ՄԱԿ-ի գնահատմամբ կարժենա մոտ 50 միլիարդ դոլար:
Արաբական երկրների գագաթնաժողովը միջազգային հանրությանը կոչ է արել ստանձնել Գազայի վերականգնման ընդհանուր պատասխանատվությունը:
comment.count (0)