Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Շնորհավորական ուղերձում նշված է․
«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, հոգատարությամբ և գնահատանքով:
Մարտի 8-ը ոչ միայն լավ առիթ է հերթական անգամ մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու մեր կանանց հանդեպ, ինչը պետք է լինի ամենօրյա սովորական երևույթ, այլև հնարավորություն անդրադարձ կատարելու հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության կարևորությանը:
Ցանկացած հասարակության զարգացում պայմանավորված է նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ և հավասար հնարավորությունների ընդլայնմամբ: Խտրականության վերացումը, հավասար վարձատրությունը և առաջխաղացման արդար պայմանները համընդհանուր արժեքներ են:
Այս տեսանկյունից պիտի նշենք, որ ուրախալի է տեսնել, թե ինչպես են որոշումների կայացման բազմաթիվ հարթակներում կանայք իրենց ձայնը հնչեցնում քաղաքական, տնտեսական, կառավարչական և այլ ոլորտներում:
Միայն կարծրատիպերից ազատ հասարակությունում յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր ողջ ներուժը, անկախ բնակության վայրից, տարիքից կամ կրթական մակարդակից: Սա պետք է ուղենիշ լինի բոլորիս համար և խթանի կանանց ձեռներեցության, մասնագիտական զարգացման և կրթության հասանելիության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:
Մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում հայ կինը եղել է մեր ազգային արժեհամակարգի, մշակութային ժառանգության և ընտանեկան միասնության երաշխավորը: Այսօր, նոր ու տարաբնույթ մարտահրավերների պայմաններում, մեր կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը:
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,
Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում երջանկություն, շարունակական հաջողություններ, ընտանեկան սեր ու ջերմություն և խաղաղություն»։
comment.count (0)