Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
16:07 - 08 մարտի, 2025

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մարտի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունից։

«Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ. Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց «Հրաշափառի» արարողություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։

Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոն այցելելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։

Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը:

Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին», - նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել