Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին զրկել անձեռնմխելիությունից․ Գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ ԱԺ-ին
13:38 - 12 մարտի, 2025

Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին զրկել անձեռնմխելիությունից․ Գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ ԱԺ-ին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր է ներկայացրել Ազգային ժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Ըստ միջնորդագրի՝ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023 թ․ մի քաղաքացի դիմել է Աղազարյանին, որպեսզի նա առանձնապես խոշոր չափերով՝ 200.000-300 .000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օգտագործի ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, որպեսզի այդ քաղաքացին կարողանա առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով կազմակերպել գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը։

Բացի այդ, մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ 2021 թ․ մաս-մաս, ընդհանուր՝ 23.000 ԱՄՆ դոլար եւ 300.000 ՀՀ դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցչին՝ իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցչի օգնությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Միջնորդագիրը ամբողջությամբ՝ այստեղ։

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, նա, ըստ միջնորդագրի, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած 6.452,9 քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 863,34 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և մտցնել Սասունիկ էսրայելյանի գույքային ֆոնդ։ Դրանից հետո, ըստ Դատախազության, այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, 0.100409 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 863,34 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, 0.186743 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք:

Ըստ Դատախազության՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում հետեւյալ հոդվածներով՝

  • ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ Փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով եւ առանձնապես խոշոր չափերով (4 դրվագ)
  • ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք
  • 447-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՝ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը։

Միջնորդագիրը ամբողջությամբ՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել