azatutyun.am: Երևանն արդեն հայտնել է իր մոտեցումը Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ առաջիկայում հնարավորություն կունենան ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և «ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը»։
«Մոտեցումները համապատասխանում են Հայաստանի արդի մարտահրավերներին, մեր խաղաղության օրակարգին, խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությանը և ՀՀ շահերին», - ասաց Միրզոյանը։
Հայկական կողմը փետրվարի վերջին է ստացել խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ չհամաձայնեցված երկու կետ կա և այդ երկու կետերի վերաբերյալ Երևանն առաջարկներ էր արել։ Բաքվից 12-րդ խմբագրումը ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխանցել էր՝ դրանք մնում են չհամաձայնեցված:
Հաղորդվել էր, որ կողմերը դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
Հարցին, թե հայկական կողմը համաձա՞յն է հրաժարվել միջազգային հայցերից նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, Միրզոյանը պատասխանեց․ - «Մի շարք հարցեր քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, և հետևաբար, եթե համաձայնեցվում են, կարող են և պարտադիր պետք է կիրառվեն՝ պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այո՛, մենք քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»։
comment.count (0)