ՀՀ-ն հրաժարվել է ընդունել Բրիտանիայում դատապարտված ՀՀ քաղաքացուն․ ինչ են ասում փաստաբանն ու լիազոր մարմինը
18:55 - 12 մարտի, 2025

ՀՀ-ն հրաժարվել է ընդունել Բրիտանիայում դատապարտված ՀՀ քաղաքացուն․ ինչ են ասում փաստաբանն ու լիազոր մարմինը

ՀՀ քաղաքացի Ա․ Ա․-ն, որը տեւական ժամանակ չի բնակվում Հայաստանում, 2021թ․-ին Մեծ Բրիտանիայում դատապարտվել է շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար, նրա նկատմամբ պատիժ է սահմանվել մոտ 30 տարի ազատազրկում։ 2024թ․ մարտին Մեծ Բրիտանիան նրան Հայաստանին փոխանցելու ուսումնասիրության հարցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությանը, սակայն ՀՀ-ն նույն տարվա հուլիսին կայացրած որոշմամբ հրաժարվել է ընդունել իր քաղաքացուն՝ ի թիվս այլնի որպես հիմք նշելով ՀՀ-ի հետ սոցիալական կապի թույլ լինելը, Հայաստանում նման հանցագործությունների տոկոսային աճը՝ հիմնվելով օպերատիվ-հետախուզական մարմինների տրամադրած տվյալների վրա։ Այս մասին «Ինֆոքոմին» հայտնեց Ա․ Ա․-ի փաստաբան Լեւոն Սահակյանը։

Վերջինիս վստահորդը 2024թ․ սեպտեմբերի 13-ին Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ իր Հայաստան վերադարձի առաջարկը մերժելու որոշումը վերացնելու եւ իրեն ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ փոխանցելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Վարչական դատարան հայց ներկայացնելուց 3 ամիս անց՝ 2024թ․ դեկտեմբերին, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը, որը, ի թիվս այլնի, սահմանում է նաեւ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս կիրառելի պարտադիր չափորոշիչները, եւ որոնք, ըստ Լեւոն Սահակյանի, Ա․ Ա․-ին ՀՀ չընդունելու որոշման հիմք է ընդունել Արդարադատության նախարարությունը․ «Այսինքն՝ իմ վստահորդի վերաբերյալ Արդարադատության նախարարության որոշումը կայացնելու պահին Հայաստանի Հանրապետությունում նշված օրենքը դեռեւս ընդունված չի եղել»,- նշում է փաստաբանը՝ միաժամանակ նկատելով, որ քանի որ հայցը պարտավորեցման է, չի բացառվում, որ տվյալ օրենքը համարվի կիրառելի՝ չնայած ավելի ուշ ընդունված լինելու հանգամանքին։

Փաստաբանը Արդարադատության նախարարության որոշման մեջ հակասահմանադրական հիմքեր է տեսնում

Այժմ Լեւոն Սահակյանն ու իր վստահորդը պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Վարչական դատարան, որ Դատարանը կասեցնի վարույթը եւ դիմի Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությանը գնահատական ստանալու։ 

Փաստաբանի կարծիքով՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը հակասում է Սահմանադրության տրամաբանությանը, մասնավորապես այն նորմին, որով սահմանված է, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացին ՀՀ-ի պաշտպանության ներքո է (ՀՀ սահմանադրություն, հոդված 47, մաս 8 - Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են)։ Սահակյանը նշում է, որ ՀՀ սահմանադրությամբ ուղղակիորեն արգելված է ՀՀ քաղաքացուն հանձնել այլ երկիր (ՀՀ սահմանադրություն, հոդված 55, մաս 2 - Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի)։ 

«Հիմա կոնկրետ մեր գործով, եթե այս անձը նույն հանցանքը կատարեր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի քաղաքացու դեմ, եւ Մեծ Բրիտանիան պահանջեր ՀՀ քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ ուղղակիորեն կաշկանդված կլիներ վերջինիս Մեծ Բրիտանիային հանձնելու հարցում»,- նշում է փաստաբանը՝ հավելելով նաեւ, որ Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ ինչպես յուրաքանչյուր ոք իրավունք ունի դուրս գալ ՀՀ-ից, այնպես էլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մուտք գործել ՀՀ․ 

«Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ՀՀ քաղաքացու իրավունքը չի կարող սահմանափակվել անգամ օրենքով, ու տվյալ պարագայում, երբ այլ երկրի իշխանությունները պատրաստ են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձնել Հայաստանի Հանրապետություն, քաղաքացին էլ ցանկանում է վերադառնալ, Հայաստանում կրել իր պատիժը, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է նրան ընդունել՝ առաջնորդվելով ինչ-որ չափորոշիչներով․ սա, կարծում եմ, ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- նշեց փաստաբանը։ 

Սահակյանը դժվարացավ մեկնաբանել, թե որն է այս օրենքի նպատակը կամ տրամաբանությունը՝ նշելով, որ դրա գոյությունը տգեղ է ոչ միայն հակասահմանադրականության իմաստով, այլ նաեւ այսօրվա իրավիճակի համատեքստում [նկատի ունի Բաքվում պահվող հայ գերիներին]։

Ինչ վերաբերում է օրենքի այն նորմին, ըստ որի՝ դատապարտյալին ՀՀ-ին փոխանցման արգելք կարող է հանդիսանալ նաեւ պատիժը կրելու հիմնարկի ռեժիմի հնարավոր անհամապատասխանությունը կամ գերբեռնվածությունը, ինչպես նաև նույն հանցագործության համար դատապարտված և պատիժը կրող դատապարտյալների քանակը, փաստաբանը մեկնաբանում է, որ այդ տեխնիկական խնդիրը ՀՀ կառավարության պարտադիր լուծման հանգամանք է, այլ ոչ թե ՀՀ քաղաքացու խնդիրը։

«Երբ գալիս է ՀՀ քաղաքացու՝ ԶՈՒ զորակոչման տարիքը, նրան զորակոչում են, իսկ եթե նա չի ներկայացել զորակոչման, քրեական վարույթ են նախաձեռնում, մինչեւ իսկ անձին ենթարկում քրեական պատասխանատվության, բայց այդ ժամանակ ոչ մեկը չի հարցնում` ՀՀ-ի հետ սոցիալական կապ կա՞, թե չկա՞, անձը ՀՀ-ում է, Մեծ Բրիտանիայում թե այլուր։ Իսկ երբ հարցը վերաբերում է սեփական, թեկուզ հանցանք կատարած քաղաքացու իրավունքներին տեր կանգնելուն, սոցիալական կապը, պատիժը կրելու հիմնարկի գերծանրաբեռնվածությունը նրան չընդունելու, նրա ՀՀ վերադարձը մերժելու առիթ են դառնում»,- նշում է փաստաբանը։

Որն է Արդարադատության նախարարության որոշման հիմնավորումը

«Ինֆոքոմը» ՀՀ արդարադատության նախարարությանը խնդրեց տրամադրել Մեծ Բրիտանիայի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Ա․ Ա․-ին Հայաստանի Հանրապետությանը փոխանցելը  նպատակահարմար չհամարելու որոշման հիմնավորումը, սակայն նախարարությունը մերժեց այն տրամադրել՝ պատճառաբանելով, որ գործը Վարչական դատարանի տիրույթում է, ուստի այս հարցով սպասում են Դատարանի վճռին։

Նախարարությունից միայն հայտնեցին, որ որոշման հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարի 2021թ․ հոկտեմբերի 21-ի հրամանը, որով հաստատվել է դատապարտյալների փոխանցման կարգը։

Ըստ հրամանի՝ Արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանումը դատապարտյալի փոխանցման նպատակահարմարության վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝  

  • դատապարտյալի քաղաքացիության կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ մշտական բնակության վայրի պետությունում մինչև դատապարտվելը բնակվելու, աշխատելու, սոցիալական կայուն կապեր ունենալու, ընտանիքի անդամների և (կամ) մերձավոր ազգականների՝ մշտապես բնակվելու մասին տվյալների առկայությունը, 
  • դատապարտող օտարերկրյա պետության տարածքում մինչև դատապարտվելը դատապարտյալի և (կամ) նրա ընտանիքի անդամների բնակության ժամանակահատվածի, աշխատելու, սոցիալական կայուն կապեր ունենալու մասին տվյալների առկայությունը, դատապարտյալի փոխանցումն իրականացնելու դեպքում պատիժը կրելու հիմնարկի ռեժիմի հնարավոր անհամապատասխանության և (կամ) գերբեռնվածության վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված դիրքորոշումները եւ այլն։

Դատապարտյալների փոխանցման հարցը կարգավորող հիմքերը՝ մինչեւ նոր օրենքի ընդունումը 

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի ընդունման հիմնավորման մեջ ասված է, որ դրա ընդունումը, ի թիվս այլնի, բխում է նաեւ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությունից, քանի որ դրանք այդ պահի դրությամբ որեւէ ներպետական իրավական ակտով կարգավորված չեն եղել:

Օրենքի ընդունման պահին ՀՀ-ում քրեական վարույթներով իրավական օգնությունը իրականացվել է ՀՀ միջազգային պայմանագրերի եւ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված մի շարք դրույթների համաձայն: 

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում այդ ոլորտի հարաբերությունների կարգավորման նորմեր ընդհանրապես չեն ներառվել՝ դրանք դիտարկելով ոչ թե դատավարական օրենսգրքի, այլ առանձին օրենքի կարգավորման առարկա: Այդ պայմաններում շարունակել են գործել հին օրենսգրքի համապատասխան նորմերը, ինչպես նաեւ նախարարի վերոբերյալ հրամանը։

Հետագայում արդեն Արդարադատության նախարարությունը մշակել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը՝ որպես հիմք ընդունելով ինչպես միջազգային կոնվենցիաները, այնպես էլ նախարարի հրամանը, որում ամրագրված են դատապարտյալների փոխանցմանն առնչվող ներպետական իրավակարգավորումները։

Արդարադատության նախարարությունը միջազգային կոնվենցիաների հիման վրա դատապարտյալների վերադարձի մի շարք դիմումներ է մերժել

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի հիմնավորման մեջ որոշ թվային տվյալներ է ներկայացրել նախարարությունը․ օրինակ՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի մարտի 23-ի  եվրոպական եւ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998 թվականի մարտի 6-ի Մոսկվայի կոնվենցիանների հիման վրա 2021 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել է օտարերկրյա պետության քրեկատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի հանդիսացող 69 դատապարտյալի փոխանցմանն առնչվող դիմում, որոնցից 63-ը մերժվել է, իսկ 2022 թվականի ընթացքում եղած 71 դիմումներից մերժվել է 64-ը: 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է 36 ՀՀ քաղաքացու դիմում, որոնցից 5 քաղաքացու դիմում մերժվել է, մեկ քաղաքացի հրաժարվել է փոխանցվելուց, իսկ 30 քաղաքացու դիմում այդ պահին գտնվել է ուսումնասիրության փուլում:

Այսպիսով, փաստաբան Լեւոն Սահակյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալին Հայաստան փոխանցելու որոշումը հակասում է ՀՀ սահմանադրության մի շարք նորմերի։ Նա նշում է, որ իր վստահորդի դիմումը մերժելու հիմքերն օրենքում ամրագրվել են Արդարադատության նախարարության որոշումը վերացնելու հայցից հետո, ինչը համապատասխանում է իրականությանը, սակայն Արդարադատության նախարարությունը պնդում է, որ որոշման հիմքում եղել է նախարարի՝ 2021թ․ հրամանը, որով կարգավորվել են այդ ոլորտի հարաբերությունները։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել