Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն ելնում է նրանից, որ այն պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և ճգնաժամի բուն պատճառի վերացմանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ղեկավարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը ուշադրություն դարձնելու համար:
ՌԴ նախագահը նշել է՝ զինադադարի համար երաշխիքներ են պետք․
«Մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի և զենք չի ստանա»։
Հիշեցնենք, որ Ուկրաինան համաձայնել է իր ամբողջ տարածքում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին։
comment.count (0)