Ըստ Միրզոյանի՝ պետք չէ կենտրոնանալ պահանջների քանակի վրա, պետք է կենտրոնանալ նրա վրա, որ «Հայաստանը դուրս է գալու խոր ճահճից»
13:20 - 14 մարտի, 2025

Ըստ Միրզոյանի՝ պետք չէ կենտրոնանալ պահանջների քանակի վրա, պետք է կենտրոնանալ նրա վրա, որ «Հայաստանը դուրս է գալու խոր ճահճից»

Խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց, թե այս պայմանագրին հասնելու համար ինչ է զիջել Ադրբեջանը՝ նշելով, որ իրենք տեսնում են, որ Հայաստանի գործող իշխանությունները համաձայնագրի ստորագրման համար զիջումների են գնում՝ կատարելով ադրբեջանական կողմի բոլոր պահանջները, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունը, միջազգային դատական հայցերից հրաժարումը և այլն:

Ի պատասխան հարցի՝ Արարատ Միրզոյանը ասաց, որ համաձայնեցված համաձայնագրի տեքստում նշված է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը նրա խոսքով հստակ սահմաններ է տալիս: Նա կոչ արեց ընդդիմությանը, որ նրանք որոշեն, թե որ կողմի զիջումն է սա, իսկ ինքը սա համարում է «էական ձեռքբերում»:

«Երբ փաստաթուղթը կհրապարակվի, կտեսնեք՝ չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա որևէ կարգավորում, որ մեզ ձեռնտու չէ, ձեռնտու է միայն Ադրբեջանին, և չկա որևէ կարգավորում, որ մեզ տանում է ոչ թե խաղաղության, հարաբերությունների կարգավորման, այլ ՀՀ նվաստացումն է արձանագրում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խաղաղությունը ՀՀ գոյության միակ ձևն է:

Քրիստինե Վարդանյանը ևս մեկ անգամ ուղղեց հարցը, թե Ադրբեջանը ինչ զիջումների է գնացել. «Ո՞ր պահանջն է, որ սկսել եք բանակցել, և այդ պահանջը դուրս է եկել»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ պետությունների մասին խոսելիս ճիշտ չի համարում չափել պահանջների քանակով՝ հավելելով, որ դա էլ իր տեղն ունի. «Առաջարկում եմ՝ ուրիշ բանի վրա կենտրոնանալ. հենց էս տեքստով խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ և խոր, երկարամյա ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք և թաղվենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել