hetq.am: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղյակ են միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել:
Ներկա փոխարժեքով 2,7 մլրդ դրամը հավասար է 6,9 մլն դոլարի: Հարց է ծագում. ինչու՞ է պետական ընկերությունը նման հսկայածավալ միջոցներ ուղղել իր մոսկովյան մասնաճյուղին, որը, ինչպես կարող ենք եզրակացնել ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության տրամադրած ինֆորմացիայից, անպիտան կառույց է եղել:
Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն, ինչպես նաեւ Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ պետական ընկերության ներկա ղեկավարության տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մասնաճյուղը տարբեր ծրագրերում էր ներգրավված ու արդյունք է ցույց տվել: Նա նաեւ նշում է, որ ԱՆԻՖ-ը «ռեյդերային զավթման» արդյունքում քանդել են «ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ կոմպետենտ» անձինք:
Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած ԱՆԻՖ-ը պետական գրանցում է ստացել 2019-ի մայիսին: Հիմնադրումից մինչեւ 2023-ի նոյեմբեր դրա տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը 2018-2021 թթ. նաեւ ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը:
Ավինյանի օրոք՝ 2019-2024 թթ., ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը եղել է Դավիթ Փափազյանը, որը պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին տնօրենների նոր խորհրդի կողմից:
Ընկերության ստեղծումից ընդամենը 5 տարի անց՝ 2024 թ. գարնանը, Փաշինյանի կառավարությունը որոշեց ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման գործընթաց սկսել: Այսօր ԱՆԻՖ-ը դեռ կա, գործում է, բայց դրա անփառունակ վախճանը սարերի հետեւում չէ:
2024-ի օգոստոսին գործադիրը որոշել է, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել:
Ընկերությունում այս պահին ընդամենը 3 հոգի է աշխատում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ավագ հաշվապահն ու իրավախորհրդատուն, որին 2024-ի դեկտեմբերին աշխատանքի են ընդունել կոնկրետ նպատակով՝ նախկին տնօրեն Փափազյանի հետ դատական վեճի շրջանակներում վերաքննիչ բողոք ներկայացնելու եւ ԱՆԻՖ-ի շահերը պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Դ. Փափազյանը դատարանում վիճարկել էր 2024 թ. հունվարին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կողմից իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը, եւ առաջին ատյանի դատարանում նույն տարվա աշնանը հաղթել էր, սակայն ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Չմոռանանք նաեւ, որ ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի առանցքում ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ վստահված գույքը հափշտակելու հոդվածներն են. նշվածները համարվում են կոռուպցիոն հանցագործություններ:
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալներ մինչ օրս չկան, սակայն վարչապետը հունվարի 31-ի իր ասուլիսում ԱՆԻՖ-ին տվեց այսպիսի գնահատական. «Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ: Ու՞մ ա պետք դատել, պետք ա դատե՞լ, թե՞ պետք չի դատել. ես կարող եմ կարծիք ունենալ, բայց իմ կարծիքը դե յուրե այս դեպքում իրավական ուժ չի կարող ունենալ: Ես դա համարում եմ նաեւ վստահության անթույլատրելի չարաշահում: Անթույլատրելի, խայտառակություն… ինչ բառ ուզեք ասեք, ես համաձայն կլինեմ էդ բառերի հետ»:
Իսկ հարցին, թե արդյոք պետք է այս ամենն ունենա քաղաքական հետեւանքներ (ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ավինյանն այսօր Երեւանի քաղաքապետն է ու Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) վարչապետն արձագանքել է. «Նախ պիտի պարզենք, թե ինչ ա եղել, դրա հաշվապահությունն էլ պիտի պարզվի… Ցանկացած բիզնես գործունեություն ռիսկի էլեմենտ ունի: Բայց մյուս կողմից՝ կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականություն են: Ուրիշ խնդիր ա, թե էդ ընկերությունների վիճակը ոնց ա, ինչքանով են ճիշտ կառավարվել, ինչքանով են արդյունավետ կառավարվել: Սա ավելի շատ խորը վերլուծության անհրաժեշտություն ունի, եւ իրավապահները պետք ա դրանով զբաղվեն: Բայց եթե քաղաքական գնահատականի մասին ա, ես ասում եմ էդ գնահատականը՝ դա ձախողում ա եւ խայտառակություն… Էստեղ մի նյուանս էլ կա, որովհետեւ էս թեմայով քննարկումներ լինում են, եւ էնպես չի, որ կոնսենսուս կա: Կան ձայներ, որ ասում են, որ իրադրության գնահատականը ճիշտ չի: Չեմ ուզում մեղք անել… Կան բաժնեմասեր եւ այլն, եւ այլն, դրանց գնահատականը պետք ա տալ, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք էսօր էլ գործում են եւ այլն»:
Եթե հիմնվենք ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարության փոխանցած տվյալների վրա, ապա մոսկովյան ներկայացուցչության ստացած միլիարդավոր դրամներն ու դրա դիմաց գրանցած 0 արդյունքը թույլ են տալիս այն տեղավորել ոչ թե հաջողված օրինակների, այլ Փաշինյանի ասած խայտառակության ու ձախողման շրջանակներում: Սակայն ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ իր ղեկավարած մասնաճյուղի աշխատակիցները ներգրավված են եղել մի շարք ծրագրերում, որոնք հաջող ընթացք են ունեցել: Դրանց կանդրադառնանք ստորեւ:
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ունեցել է օտարերկրյա 3 ներկայացուցչություն՝ Աբու Դաբիում, Մոսկվայում եւ Փարիզում: Ինչպես տեղեկացել ենք ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանից, որն այդ պաշտոնում է 2024-ի հուլիսից, նշվածներից ոչ մեկն այսօր փաստացի չի գործում:
Փարիզի ներկայացուցչությունը փակված է (ըստ ֆրանսիական պաշտոնական տեղեկագրի՝ դրա գործունեությունը դադարեցվել է 2023-ի օգոստոսի 31-ին), իսկ Մոսկվայի ներկայացուցչության ու Աբու Դաբիում գրանցված ANIV SPV ընկերության փակման/լուծարման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
Մոսկվայի ներկայացուցչությունը ՌԴ պետական գրանցում է ստացել 2019-ի դեկտեմբերի 17-ին: Դրա ղեկավարը եղել է Սերգեյ Արմենակի Գրիգորյանը, որը միաժամանակ (2019-ի հուլիսից) ԱՆԻՖ-ի փոխտնօրենն էր՝ Դավիթ Փափազյանի տեղակալը:
Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ), որի իրականացրած ուսումնասիրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել ՔԿ-ում, 2023-ին մի շարք բացահայտումներ էր արել ԱՆԻՖ-ում: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ պետական ընկերությունում եղել են մասնագետներ, այդ թվում՝ բարձրագույն կառավարման մարմնում, որոնք իրենց լիազորություններն իրականացրել են միաժամանակ թե՛ կենտրոնական ապարատում, թե՛ ներկայացուցչություններից մեկում կամ երկուսում։ Պետրոսյանի այս հայտարարության հասցեատերերից մեկը, թերեւս, հենց Սերգեյ Գրիգորյանն է:
Վերջինս «Հետքի» գրավոր հարցերից հետո ուղարկել է 20 էջից բաղկացած պատասխան: Ըստ ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենի՝ գլխամասում աշխատելու եւ միաժամանակ ներկայացուցչության ղեկավար լինելու մասով օրենսդրական որեւէ արգելք չկա, ավելին՝ նման համատեղումներն ընդունված են միջազգային բիզնես պրակտիկայում: «Ցավոք, օրենսդրական առումով հնարավոր չէ դատարան բողաքարկել ՊՎԾ ակտը, եթե լիներ նման հնարավորություն, ապա, կարծում եմ, ՊՎԾ ակտը դատարանում չէր կարող դիմանալ մեր ծանրակշիռ հակափաստարկներին»,- մեզ փոխանցել է Ս. Գրիգորյանը:
«Հետքի» հարցին, թե արդյոք նրա կողմից երկու պաշտոնների (ԱՆԻՖ-ի փոխտնօրեն եւ Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար) համատեղումը ընկերության ներկա ղեկավարությունը գնահատում է օրինական, իսկ եթե այո, ապա արդյոք այդ գործելաոճը եղել է արդարացված/հիմնավորված կամ արդյունավետ, ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնակատար Դ. Մկրտումյանը պատասխանել է, որ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ 2 եւ ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակը (ներառյալ՝ հանգստի ու սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:
Փոխտնօրենի պաշտոնում Գրիգորյանի աշխատաժամանակի ռեժիմը պայմանագրով սահմանվել է շաբաթական 40 ժամ, 5-օրյա աշխատանքային շաբաթ, օրական 8 ժամ: 2019-ի դեկտեմբերի վերջին Գրիգորյանի օրական 8 ժամ աշխատաժամանակը դարձել է 6 ժամ, այսինքն՝ շաբաթական 30 ժամ:
Դրանից օրեր անց ԱՆԻՖ-ն ու Գրիգորյանը կնքել են նոր պայմանագիր, որով էլ վերջինս դարձել է Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար: Աշխատաժամանակի ռեժիմը սահմանվել է 5-օրյա աշխատանքային շաբաթ, շաբաթական 20 ժամ, այսինքն՝ օրական 4 ժամ:
Երկու պայմանագրերի համադրումը ցույց է տալիս, որ Սերգեյ Գրիգորյանի օրական աշխատաժամանակը եղել է 10 ժամ (6+4), իսկ շաբաթականը՝ 50 ժամ (30+20): Ինչպես ասվեց, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, օրական առավելագույն աշխատաժամանակը 12 ժամն է, իսկ շաբաթական առավելագույնը՝ 48 ժամը, այնինչ Գրիգորյանի դեպքում եղել է 50 ժամ:
Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանը ձեռնպահ է մնացել պետական ՓԲԸ-ի նախկին ղեկավարության քայլերին գնահատական տալուց. «Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է ուսումնասիրություններ ընկերությունում, ինչպես նաեւ հաշվի առնելով հարուցված քրեական գործ(եր)ի առկայությունը՝ ընկերութունը ներկայումս չի կարող հայտնել դիրքորոշում Ձեր կողմից նշված գործելաոճի՝ օրենսդրության համապատասխանության եւ հիմնավորվածության/արդյունավետության վերաբերյալ»:
Բայց ահա Ս. Գրիգորյանը «Հետքին» փոխանցել է, որ խախտում թույլ չի տվել: «Իմ կամ գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության խախտում չի եղել։ Հայաստանում աշխատանքի եմ ընդունվել՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն, իսկ Ռուսաստանում՝ ՌԴ աշխատանքային օրենսգրքով։ Ըստ այդմ՝ Հայաստանի օրենսդրության խախտման մասին խոսք լինել չի կարող։ Ավելին՝ ինչպես գիտեք, բացի ֆոնդի ներկայացուցչությունից ու գլխամասից, ես ներգրավված եմ եղել նաեւ այլ նախագծերում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Նույնիսկ այս լրացուցիչ գործունեությունը հաշվի առնելով՝ աշխատանքային օրենսդրությունը չի խախտվել ո՛չ իմ կողմից, ո՛չ էլ որեւէ գործատուի կողմից։ Տեղեկատվության համար նշեմ, որ անձամբ ինձ համար բավականին հարմարավետ է օրական 12 եւ 13 ժամ աշխատանքային գործունեություն իրականացնելը»,- հայտնել է ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենն ու մասնաճյուղի ղեկավարը։
2020-2024 թթ. ԱՆԻՖ-ի բանկային հաշիվներից Մոսկվայի ներկայացուցչությանը փոխանցվել է ընդհանուր 2,7 մլրդ դրամ, ինչը ներկա փոխարժեքով հավասար է 6,9 մլն դոլարի: Այս գումարից 1,6 մլրդ դրամը կամ 6 մլն դոլարը ծախսվել է աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված վճարումների համար:
Ըստ տարիների՝ մոսկովյան մասնաճյուղն ունեցել է այսքան աշխատող.
2020 – 15 հոգի
2021 – 12
2022 – 4
2023 – 7
2024 – 7
Պետական ընկերության ներկա ղեկավար Դավիթ Մկրտումյանը «Հետքին» հայտնել է, որ Մոսկվայի ներկայացուցչության տարեկան բյուջեների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու ուղղությամբ լրացուցիչ ուսումնասիրություն է կատարվում:
Անդրադառնալով աշխատավարձերին եւ այլ վճարումներին՝ ներկայացուցչության նախկին ղեկավար Սերգեյ Գրիգորյանը նշել է, որ իր մոտ տվյալներ չեն պահպանվել ըստ տարիների մասնաճյուղի բյուջեների վերաբերյալ, հետեւաբար չի կարող հաստատել, որ 6,9 մլն դոլարից 6 մլն-ը ծախսվել է աշխատավարձերի վրա: Այդուհանդերձ, նկատել է. «ԱՆԻՖ-ի ներկայիս ղեկավարությունից Ձեզ հասած որոշ տեղեկություններ, մեղմ ասած, հավաստի չեն։ Սակայն, եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ ցուցանիշը ճիշտ է, դրանում սարսափելի ոչինչ չկա։ Իր գործունեության գագաթնակետին ներկայացուցչությունում աշխատում էր 13-15 մարդ։ Եթե Ձեր նշած բյուջեն վերածեք ամսական մեկ աշխատակցի միջին աշխատավարձի, ապա նման մակարդակի մասնագետների համար բարձր աշխատավարձ չէ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երեւանում եւ, ամենայն հավանականությամբ, աշխարհի որեւէ այլ քաղաքում»։
Գրիգորյանը բարձր գնահատական է տվել թե՛ իր ղեկավարած մասնաճյուղի, թե՛ կենտրոնական ապարատի նախկին աշխատողներին: «Թե՛ Մոսկվայի գրասենյակի, թե՛ գլխամասի կարեւորագույն նվաճումն եմ համարում արտակարգ թիմի ներգրավումը եւ կազմավորումը, ինչը հանդիսացել է ԱՆԻՖ-ի ռազմավարական նպատակներից մեկը՝ ստեղծել գերորակյալ մասնագետների թիմ՝ ՀՀ տնտեսության համար երկարաժամկետ արդյունքներ ապահովելու համար: Ոչ դժվար լրագրողական հետազոտությունը հեշտությամբ կբացահայտի, թե ինչ կարգի եւ որակի մասնագետներ են աշխատել Մոսկվայի ներկայացուցչությունում եւ գլխամասում, ինչպես նաեւ, թե ինչ արդյունքներ են ապահովում այժմ այն մարդիկ, ում ԱՆԻՖ-ից վանեցին «Ախպեր, էդ փողով բա խի տենց բաներ կանեի՞նք մենք» մարդիկ: Ինքս, աննուներ չբացահայտելով, նշեմ, որ ԱՆԻՖ-ի Մոսկվայի ներկայացուցչության եւ գլխամասի նախկին աշխատակիցներից ոմանք հանդիսանում են Հայաստանի եւ Ռուսաստանի հաջողակ խոշոր բիզնեսների հիմնադիրներ եւ կառավարիչներ բազմաթիվ ոլորտներում, ոմանք կառավարում են Ռուսաստանի խոշորագույն դրամական փոխանցումների համակարգերից մեկը, մյուսները ԱՊՀ-ում գործող խոշորագույն վճարահաշվարկային համակարգի ֆինանսներն են կառավարում, ուրիշները ստեղծում եւ կառավարում են մի քանի հարյուր միլիոն դոլարանոց միջազգային ներդրումային ֆոնդեր կամ դուրս են բերում իրենց կառավարած ընկերությունը աշխարհի 50 լավագույն ընկերությունների ցուցակ իրենց մասնագիտական ոլորտում: Բայց դե՝ «Չէ, ախպեր, մեզ տենց մարդիկ պետք չեն, էն էլ էդ փողերով, էդ փողերով մենք էլ կանենք»: Խնդիրը նրանում է, որ չեն անում ոչինչ եւ միայն քննադատում անողներին, այդ թվում՝ որ անողների ֆոնին իրենք տկար չերեւան»,- հայտարարել է ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենն ու մոսկովյան մասնաճյուղի ղեկավարը:
Ի դեպ, «Հետքը» նախկինում գրել է, մասնավորապես, ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում աշխատած մարդկանց մասին: Պարզվել է, որ նրանք իրավապահ ոլորտի ծառայողների հարազատներ են:
2024-ի փետրվարի 16-ին ԱՆԻՖ-ի տնօրենի այն ժամանակվա պաշտոնակատար Տիգրան Ղազարյանը (նա հունվարին փոխարինել էր Դավիթ Փափազյանին) Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանին հրամայել է նույն օրվանից լուծել 7 աշխատակիցների պայմանագրերը եւ կատարել վերջնահաշվարկ: Այս հրամանից տեղեկանում ենք, որ պայմանագրերը կնքված են եղել դոլարով, սակայն Ղազարյանը կարգադրել է, անկախ այդ հանգամանքից, վճարումները կատարել ռուբլով: Ըստ այդմ՝ վերջնահաշվարկը պետք է ներառեր աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, ինչպես նաեւ փոխհատուցում՝ միջին ամսական աշխատավարձի եռապատիկի չափով:
Գրիգորյանի ու մյուս 6 աշխատողների՝ վերջնահաշվարկով նախատեսված ծախսերը կատարելու համար ԱՆԻՖ-ից մոսկովյան մասնաճյուղին է փոխանցվել 13,4 մլն ռուբլի: Ղազարյանը հրամայել է նաեւ վերջնահաշվարկի կատարումից հետո ներկայացուցչության բանկային մնացորդը փոխանցել ԱՆԻՖ-ի հաշվեհամարին:
Այդուհանդերձ, չնայած բոլոր աշխատողների, այդ թվում՝ մասնաճյուղի ղեկավարի ազատմանը՝ Մոսկվայի ներկայացուցչությունը ֆորմալ առումով մինչ օրս կա, Գրիգորյանն էլ թղթի վրա մնում է դրա ղեկավար:
Վերջինս դժգոհ է այս հանգամանքից, ինչը փոխանցել է նաեւ «Հետքին». «ԱՆԻՖ-ի ղեկավարությունը մինչեւ օրս չի բարեհաճում կամ չի կարողանում ինձ պաշտոնապես հանել ղեկավարի պաշտոնից ՌԴ հարկային մարմնում, չնայած արդեն մեկ տարուց ավել է, ինչ իմ աշխատանքային պայմանագիրը լուծված է, իսկ ես բազմիցս գրել եմ պաշտոնապես ղեկավարի պաշտոնից ինձ հանելու անհրաժեշտության մասին»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)