civilnet.am: Չինաստանը հայտարարել է 2025-ի իր պաշտպանական բյուջեն 7,2%-ով ավելացնելու մասին: Պեկինը իր ռազմական ծախսերի աճի տեմպը պահպանում է ճիշտ նույն տոկոսով, ինչ նախորդ տարի։ Չինաստանի 2025-ի պաշտպանական բյուջեն կաճի մինչև 249 մլրդ դոլար (մոտ 1,8 տրլն յուան): Այն պաշտպանական ծախսերով աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին:
«Պեկինը պաշտպանական բյուջեի թիրախային աճը սահմանում է յուրաքանչյուր հինգ տարվա համար: Այն փոփոխվում է ըստ ինֆլյացիայի կամ արտակարգ իրավիճակների, եթե անհրաժեշտություն է լինում: 2001-ից մինչև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նրանք ծրագրում էին բյուջեի կրկնապատկում յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և գրեթե հասան դրան: 2010-ից ի վեր Չինաստանը ծրագրել է բյուջեի կրկնապատկում յուրաքանչյուր տասը տարին մեկ: Հայտարարված տարեկան բյուջեի թիվը վերևից ներքև է, ոչ թե ներքևից վերև: Օրինակ՝ 2014-ին՝ 112 մլրդ դոլար, 2024-ին՝ 230 մլրդ դոլար»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության սպա և ԿՀՎ պաշտոնաթող վերլուծաբան Ջոն Կալվերը։
Չինաստանի խորհրդարանի՝ Համաժողովրդական ներկայացուցիչների ժողովի 2,977 անդամները մարտի 5-ին հաստատել են այս բյուջեն և Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացրած մյուս ծախսերը:
Չինաստանի այս տարվա բյուջեն վկայում է, որ տասը տարի առաջվա երկնիշ աճը վաղուց անցյալում է: Իրականում, սա տասներորդ տարին է անընդմեջ, երբ պաշտպանական ծախսերի աճը միանիշ է: Միաժամանակ, Չինաստանի տնտեսությունը փորձում է պահպանել աճը. ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5% առաջիկա տարում՝ նույնը, ինչ ակնկալվում էր վերջին երկու տարիների ընթացքում: 7,2% աճով ռազմական բյուջեն ՀՆԱ-ի ընդհանուր կառուցվածքում 1,5%-ից ցածր է:
Չինաստանի խորհրդարանի նախագահ Լոու Ցինցզյանն ասել է, որ իրենք պաշտպանական ծախսերի տոկոսը ՀՆԱ-ում 1,5%-ից ցածր են պահել շատ տարիների ընթացքում, ինչը աշխարհի միջինից ցածր է:
Այնուամենայնիվ, Չինաստանի պաշտպանական պաշտոնական բյուջեից դուրս են ֆինանսավորման այլ ուղղություններ, որոնք հատկացված են պաշտպանությանն առնչվող այլ գործողությունների, օրինակ՝ բանակի կողմից ղեկավարվող տիեզերական ծրագրին, պաշտպանական մոբիլիզացիայի ֆոնդերին, նահանգային ռազմական բազաների գործարկման ծախսերին, ռազմական կենսաթոշակներին և նպաստներին և քաղաքացիական/երկակի նշանակության գիտական հետազոտություններին ու մշակումներին: Պաշտպանական բյուջեն չի ներառում նաև կիսառազմական խոշոր կազմակերպությունների բյուջեները, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական զինված ոստիկանությունը և Չինաստանի ափապահ պահակախումբը, որոնք հսկայական ուժեր են՝ ի լրումն Չինաստանի ժողովրդական բանակի:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) գնահատմամբ՝ Չինաստանի 2023-ի իրական պաշտպանական բյուջեն 37%-ով ավելի է եղել, քան հայտարարվածը, իսկ բրիտանական Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հաշվարկներով՝ այն 42%-ով ավելի է պաշտոնապես հայտարարվածից: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե որքան է մեծ անհամապատասխանությունը Չինաստանի հայտարարված և փաստացի պաշտպանական ծախսերի միջև: 2023-ին Պենտագոնը գնահատում էր, որ Պեկինի իրական ծախսերը կարող են 30-40%-ով ավելի լինել պաշտոնականից:
Չինաստանի ՊՆ խոսնակ Վու Ցյանը, իր երկրի պաշտպանական ծախսերի ավելացումը պայմանավորելով գլոբալ պաշտպանական ծախսերի աճով, նշել է, որ ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերի աճը մտահոգիչ է. «Միացյալ Նահանգները պետք է առաջինը լինի, որ կրճատի իր միջուկային զինանոցը և ռազմական ծախսերը, և գործնականում այս առումով իրականացնի «Ամերիկան առաջինը» կարգախոսը»:
Չինական պետական «Սինխուա» գործակալությունը ևս նշում է, թե իրենց «քաղաքականությունը բնույթով պաշտպանական է, և Չինաստանի ռազմական ծախսերը հիմնականում կենտրոնանում են երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանության վրա»: Ըստ գործակալության՝ Չինաստանի զարգացումը ամրապնդում է խաղաղության համաշխարհային ուժը, և իրենք երբեք չեն ձգտի հեգեմոնիայի կամ էքսպանսիայի՝ անկախ նրանից, թե զարգացման որ փուլին կհասնեն:
«Քանի որ Չինաստանը գնալով ավելի կարևոր դեր է խաղում համաշխարհային ասպարեզում՝ նրա զինվորականությունը ստանձնել է ավելի մեծ պատասխանատվություն՝ միջազգային հանրությանն ավելի շատ հանրային անվտանգության բարիքներ ապահովելու համար: Տարիների ընթացքում չինական զինվորական անձնակազմը հաճախ միացել է միջազգային մարդասիրական աջակցության և աղետների օգնության ջանքերին՝ նշանակալիորեն նպաստելով գլոբալ կայունությանը»: Ըստ «Սինխուա» գործակալության՝ Չինաստանը ավելի քան 50,000 խաղաղապահ ունի, որոնք ուղարկվել են ավելի քան 20 երկիր վերջին 30 տարվա ընթացքում, և «որպես այդպիսին՝ այն գլոբալ խաղաղության խոշորագույնաջակիցն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մեջ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը/Wang Zhao/AFP Getty Images
comment.count (0)