Ավագանին քննարկում է Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի հաշվետվությունը |1lurer.am|
11:48 - 18 մարտի, 2025

Ավագանին քննարկում է Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի հաշվետվությունը |1lurer.am|

1lurer.am: Քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում 2024-ի հիմնական ձեռքբերումներից են 171 նոր ավտոբուսների և 15 էլեկտրական տրոլեյբուսների ձեռքբերումն ու շարժակազմում դրանց գործարկումը: Այդ մասին Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը՝ ներկայացնելով Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:

Անետա Բաբայանը նաև հիշեցրեց՝ 2024-ին տրոլեյբուսային երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն: Պատրաստվել է նաև 2025 թվականից միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը, որին առնչվող հիմնական աշխատանքներն ավարտված են, իսկ բարելավումները շարունակվում են:

«Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսների ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը, և այժմ ֆինանսավորման ու Կառավարության հետ բանակցությունների պրոցեսում ենք»,- ասաց նա:

Ըստ 2024 թվականի հաշվետվության՝ կատարվել է նաև ընդհանուր 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգում, 123 բակային տարածքների բարելավում: Շարունակվում է նաև վերելակների փոխարինման ծրագիրը:

«Երբ ուսումնասիրում եմ տարեկան ծրագիրը, դա, ըստ էության, բավականին ամբիցիոզ և հավակնոտ միջոցառումների ու ծրագրերի փաթեթ է և բավականին լուրջ: Այս մի քանի անշունչ տեքստերի հետևում թաքնված է ահռելի ծավալի աշխատանք»,- ասաց Բաբայանը:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ աղբի վճարը թանկացել է 4 անգամ, բայց հաշվետվության մեջ չներկայացվեց, թե ինչ աշխատանք է կատարվել այս մասով: Դիտարկմանն արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ միայն նախորդ տարի 14 նոր աղբատար մեքենա են գնել:

Ավագանու «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը դժգոհեց, թե թերակատարումներ էլ են եղել, բայց դրանց մասին չնշվեց: Տիգրանն Ավինյանն արձագանքեց. «Եվ այդ «խայտառակ» թերակատարումներով հանդերձ՝ 2024 թվականի Երևանի բյուջեն կատարվել է 94,5 տոկոսով»:

Ավինյանը նաև խոստացավ, որ հաջորդ տարվա հաշվետվությունը հիմնված կլինի որակական ցուցանիշների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել