2020 թ․ հոկտեմբերի 10-ին Մարտունի 3 զորամասի 73-հոգանոց վաշտի կազմում մարտական առաջադրանքի է ուղարկվել ընդամենը 1 ամսվա ժամկետային զինծառայող Սարգիս Խաչատրյանը։ Ընդ որում, Սարգիսը եղել է այդ զորամասի 14-րդ, այլ ոչ թե 7-րդ վաշտից, որն էլ հենց հրաման էր ստացել՝ մեկնելու Հադրութի «9-րդ կմ» կոչվող տեղանք։ Սարգսի մայրը՝ Նելի Մանուկյանը, հետագայում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես․
«Իմ տղային սեպտեմբերի 29-ին տեղափոխել են 7-րդ վաշտ, էդ տեղեկությունն ինձ տվող զինվորը 2023 թ․-ին զոհվել է, անունը Տիգրան էր․․․ Էդ էրեխեն ինձ ասաց, որ իրենց հրամանատարը՝ սպիտակցի Վահե Սահակյանը, ասել է՝ ով լավ տղա է, թող առաջ գա։ Այդպես իրենց վաշտից 18 նորակոչիկ մեկ քայլ առաջ է եկել՝ չիմանալով՝ ինչու․․․ Իմ տղան ինձ զանգել է ամսի 1-ին, 6-ին եւ 10-ին, ինձ հարց է տվել՝ մամ, ճի՞շտ է, որ 5 հազար զոհ ունենք։ Մինչեւ հիմա ես մտածում եմ՝ հոկտեմբերի 10-ին իմ էրեխեն էդ հարցը ինձ խի՞ է տվել (նկատի ունի՝ պատերազմի այդ փուլում ինչպե՞ս է, որ շրջանառվել է պատերազմի ավարտին եղած զոհերի թիվը,-հեղ․)։ Ասել է՝ մամ, ժամս կանգնել է, ես էլ ասել եմ՝ չհանես ձեռքիցդ․ երեւի դա ներքին ձայն էր, հետո դրանով գտա որդուս․․․»։
Սարգիս Խաչատրյանն ու մյուս 72 զինծառայողներն անցել են նախապես որոշված «9-րդ կմ» տեղամասը, քանզի նրանց այդտեղ ոչ ոք չի դիմավորել, այդպիսով նրանք հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, որտեղ էլ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են։
Ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար այժմ մեղադրվում են նույն զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք, սակայն, իրենց վերաբերյալ դատական նիստերին ներկա չեն գտնվում, դատարանի որոշմամբ՝ դատաքննությունն ընթանում է նրանց պաշտպանների մասնակցությամբ։
Նելլի Մանուկյանը, ինչպես նաեւ մի շարք այլ ծնողներ այսօր ներկայացել էին Երեւանի ընդհանուր իարվասության քրեական դատարան՝ որպես տուժողի իրավահաջորդներ հարցաքննվելու։
Նելլի Մանուկյան
Նելլի Մանուկյանը դատարանում պատմեց, որ վերջին հեռախոսազանգի ժամանակ որդին՝ Սարգիս Խաչատրյանը, ասել է, որ հաջորդ օրն իրենց տանելու են զորամաս՝ լողանալու, հանգստանալու, զգուշացրել է, որ չի զանգելու, որ մայրն էլ չզանգի․ «Քանի որ ես որդուս երդման արարողությանն էլ ներկա չեմ եղել կորոնայի պատճառով, ոչ մեկին չեմ ճանաչել, ծանոթների միջոցով ճշտել եմ Սահակյան Վահեի համարը, զանգել իրեն։ Ասում եմ՝ ով եմ, ում ծնողն եմ, ասում է՝ տիկին, ես իմ վաշտի 18 զինվորի տվել եմ 7-րդ վաշտին, իրենց տարել են Ջրական, ու իրենք չկան։ Ասում եմ՝ այսի՞նքն չկան, ապրա՞նք են, որ տվել եք, դու իմ մի ամսվա էրեխուն ինչի՞ հիման վրա ես տվել, էդ էրեխեն մի անգամ չի կրակել, 7 օր հոսպիտալում է եղել, անգամ զորամասի տարածքը չգիտի, ասում է՝ տիկին, ինձ էլ չզանգես, ու անջատում է»։
Նելլի Մանուկյանը
Նելլին պատմեց, որ հետո, երբ էլի է զանգել, Սահակյանը բառացի ասել է․ «Լսի, արա՛, ինձ էլ չզանգես, կարողա՞ ջոգել ես՝ տղուդ հերն եմ, պիտի իմանամ՝ տղադ ուր ա։ Դրա համար ինքը, իհարկե, ներողություն է խնդրել, բայց իր ներողությունն ինձ ոչ մի բան չի տալիս։ Գոռ Իշխանյանն ի՞նչ հիմունքով է իմ մի ամսվա ծառայող տղային տարել»,- վրդովվեց տուժողի իրավահաջորդը՝ հավելելով, որ իր որդու վաշտից բոլորը, բացի այդ 18 զինծառայողից, այսօր ողջ են։
Դիանա Ավագյան
Հարցաքննված մյուս տուժողը Դիանա Ավագյանն էր, որի ամուսինն է եղել հիշյալ 73-հոգանոց զորքի կազմում։ Դիանան պատերազմում կորցրել է նաեւ եղբորը։
Այգեստանում կատարվածի վերաբերյալ Դիանան մանրամասն տեղեկություններ չուներ, ասաց՝ 14 տարվա ամուսիններ էին, բայց ամուսինը երբեք մանրամասն ոչինչ իրեն չի հայտնել, ասել է միայն, որ տեղափոխվելու են Հադրութ, եւ միայն ռադիոկապով է կարողանալու խոսել, երբ հասանելի կդառնա, կզանգի․ «Ես կյանքում չեմ ուզենա, որ այլ երեխաներ, ոնց որ իմ 4 անչափահաս երեխաներն են, առանց հայր մեծանան․․․ Առաջին անգամ է, որ դատի մասնակցում եմ, բայց խոսակցություններ եմ լսել, որ քանի որ իրենք չկան, փորձում են մեղքը բարդել իրենց վրա, բայց տենց չի լինի, ես էս դատին մասնակցում եմ հենց դրա համար, թեկուզ ինքը չկա, բայց նենց չեմ անի, որ իրենք չոր դուրս գան, մեղքը բարդեն ամուսնուս վրա։ Ով մեղավոր է, թող իր պատիժը ստանա՝ Ջալալ Հարությունյանը կլինի, թե Գոռ Իշխանյանը, թե մեկ ուրիշը»։
Դիանա Ավագյանը
Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենց հայտնի չէ նման վարկած, թե որեւէ մեկը իր ամուսնուն է մեղադրում։ Փոխարենը նա հետաքրքրվեց՝ ըստ Դիանա Ավագյանի՝ Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր չկատարել իրեն տրված հրամանը։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ անձնակազմի զորաշարժի հրամանը զորամասի հրամանատար Իշխանյանին տվել է ՊԲ՝ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանը, իսկ 18-րդ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանն էլ պետք է դիմավորեր նրանց․ «Հիմա եթե ես դպրոցում եմ ուսուցչուհի, իմ տնօրենը ինչ հրաման տա, պիտի կատարեմ, ու իմ ամուսնուն էլ ինչ հրաման տվել են, դա է կատարել, իմ ամուսինը որ 7-րդ վաշտի հետ գնացել է, իր չամուսնացած ընկերոջն ասել է՝ դու մնա, ես կգնամ, ես 4 անչափահաս երեխա ունեմ, դրա համար եմ գնում, դու մնա, որ դու էլ երեխա ունենաս»,- պատասխանեց տուժողի իրավահաջորդը։
Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը, Վազգեն Վարդանյանը
- Հիմա Գոռ Իշխանյանը Ջալալ Հարությունյանի հրամանը կարո՞ղ էր չկատարել։
Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանն առարկեց հարցի դեմ, դատավորը Կարապետյանին առաջարկեց այն վերաձեւակերպել․
- Քանի որ Դուք ուսուցչուհու օրինակը բերեցիք, դրա համար եմ հարցնում։ Ասացիք՝ Ձեր ամուսինը, իմանալով, որ ծանր առաջադրանքի է գնում, համաձայնվել է։ Բայց կարո՞ղ էր չգնալ։
- Ո՞նց կարող էր։
- Իսկ Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր իր վերադասի հրամանը չկատարել։
- Ինձ թվում է՝ եթե հրաման են տվել, ո՞նց չկատարի,- պատասխանեց Դիանան։
Աշոտ Չոբանյան
Դիանայի այդ կարծիքին համաձայն չէր մեկ այլ տուժողի իրավահաջորդ, ՊՆ N զորամասի զինծառայող Աշոտ Չոբանյանը։ Նա զոհված Արմեն Չոբանյանի հայրն է․ «Գնդի հրամանատար կլինի, գումարտակի հրամանատար կլինի, եթե հասկանում է, որ ճիշտ հրաման չէ, եթե ինքը համոզված է դրանում ու կարող է դա ապացուցել, չեմ ասում՝ ուղղակի գիտի, այլ համոզված է, ապա կարող է չկատարել»,- ասաց նա։
Աշոտ Չոբանյանը, մյուս տուժողների իրավահաջորդները
Չոբանյանը պատմեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2019 թ․-ին։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հոկտեմբերի 11-ին․ «Գիտեր, որ ես էլ եմ մարտի դաշտում եղել, ուղղակի խաբել է, որ իր մասին չմտածեմ, չանհանգստանամ, ասել է՝ Մարտունի 3-ում ենք, մեր դիրքերում ենք, սաղ նորմալ է, մի մտածի, ու էդքանով ավարտվել է»։
Օրեր անց, երբ որդուց այլեւս լուր չի եղել, հայրը կապ է հաստատել Գոռ Իշխանյանի հետ․ «Մի քանի օր անցել է, զանգել եմ Իշխանյան Գոռին, ասել է՝ էրեխեքը ապահով տեղ են, արխային, ասել եմ՝ կապը կտրվել է, ի՞նչ է կատարվում, ասել է՝ սաղ նորմալ է, ուղղակի մարտական գործողություններ են»։
Մեղադրող Վազգեն Վարդանյանի հարցին՝ հեռախոսազանգից ի՞նչ տպավորություն ստացավ, Իշխանյանը տիրապետո՞ւմ էր իրավիճակին, Չոբանյանը պատասխանեց․ «Ինքն ինձ դուր չեկավ, ասաց՝ տեղակալներից մեկին ուղարկում էր էրեխեքի հետեւից, մթամ ինքը գիտեր՝ ուր են, իսկ դրանից հետո զանգերի էլ չպատասխանեց։ Ինքը, որպես գնդի հրամանատար, զորամասի բնագծերից դուրս իրավունք չուներ զորք տաներ, դա արդեն թերացում է»։ Պաշտպանի հարցին՝ իսկ եթե վերադասից հրաման ունե՞ր, նա պատասխանեց՝ ասելով՝ ուրեմն՝ վերադասն էլ է իր նման անփույթ։ Նա նշեց, որ նման դեպքերի համար նախատեսված է ռեզերվ։
- Ի վերջո, ի՞նչ է տեղի ուենցել, առ այսօր ի՞նչ է Ձեզ հայտնի։
- Գիտեմ, որ անփութության հետեւանքով է զոհվել․․․ Եթե ուղարկում են էրեխեքին, չեն հասցնում դիրքավորվել, ճակատ–ճակատ դուրս են գալիս թշնամու դեմ․․․ Հրամանատարդ պիտի տիրապետի օպերատիվ դրությանը, իմանա՝ եթե զորք է ուղարկում, էդ զորքը կարո՞ղ է դիրքավորվել, ամեն ինչը պիտի ճշտի, նոր, ոչ թե ինչ-որ մեկը պիտի դիմավորի, չի դիմավորում, անցնում են էդ տարածքը, գնում ճակատ–ճակատ․․․ Դա թերացում էլ չէ, չգիտեմ՝ ինչ է։
- Որտեղի՞ց այդ տեղեկությունը, որ իքս տեղանքի փոխարեն իգրեկ տեղանք են գնացել։
- Փաստ է, որ էրեխուն էդտեղից են բերել։
- Իսկ որ ի սկզբանե այլ տեղանքում պիտի գտնվեի՞ն։
- Շատ մարդիկ գիտեին, տարբեր մարդկանցից զանգերով ճշտել եմ։
Ձախից՝ Արման Բայադյանը, Դավիթ Կարապետյանը
Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը պարզաբանեց՝ զորքին մի տարածքից մեկ այլ տարածք տեղափոխելը Ջալալ Հարությունյանի ղեկավարած կառույցի գործն է, իսկ Կանոնագրքով հստակ սահմանված է՝ եթե կոնկրետ մի ստորաբաժանման բնագծում է, կապի ապահովումը կատարում է կոնկրետ զորամասի շտաբը, բայց եթե մի քանի ստորաբաժանումներ են, կապի ապահովումը կատարում է Գլխավոր շտաբը․
- Հիմա եթե հանձնարարությունը գալիս է Ջալալ Հարությունյանի օպերատիվ շտաբից, ո՞վ է կապը ապահովում,- հարցրեց պաշտպան։
- Բա Կարեն Առստամյանը ինչի՞ է ասում՝ ինձ ոչ ոք տեղյակ չի պահել էդ զորքի շարժի մասին,- հարցին հարցով պատասխանեց ծնողը։ Նշենք, որ Կարեն Առստամյանը այս գործի շրջանակում ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նա այժմ մեղադրվում է մեկ այլ գործով եւ գտնվում է հետախուզման մեջ։
- Գոռ Իշխանյանի սխալը նրանում է, որ գնդի հրամանատար լինելով, չտիրապետելով տվյալներին՝ զորք է ուղարկում,- պնդեց ծնողը։
- Այսինքն՝ հրամանը չպիտի՞ կատարի,- հարցրեց պաշտպանը։
- Լսեք, մի բան ասեմ, այո, եթե 73 հոգի պիտի զոհվի, մի ողջ ստորաբաժանում, չպիտի կատարի։
Նվեր Մարտիրոսյանի պաշտպանն էլ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Իշխանյանը հեռախոսով չէր կարող քննարկել գաղտնի տեղեկություններ, դրա համար է իրեն կարճ-կարճ պատասխանել, Չոբանյանն ասաց՝ հնարավոր է։
Դահլիճում գտնվող ծնողների մեկնաբանությունները զայրացրին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին, վերջինս դատական սանկցիա կիրառեց ծնողներից մեկի նկատմամբ՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից․
- Մենք մեր էրեխեքին ենք ուզում, ասում եք՝ լռեք-լռեք, ինչի՞ լռի, իրականություն է ասում։ Ես տեսնում եմ, որ Դուք, դատավոր լինելով, ջղայնանում եք, բա մենք ո՞նց չջղայնանք,- վրդովվեցին նրանք։
- Մարդկանց տներ են քանդվել, 5 տարի է՝ մենք մեր մերերին չենք կարողանում հիվանդանոցներից տուն բերենք, էդ որ տաքանում են մարդիկ, նորմալ է,- արձագանքեց Չոբանյանը։
Աննա Սարոյան
Հարցաքննված մյուս ծնողը Աննա Սարոյանն էր՝ զոհված Գեւորգ Ներսեսյանի մայրը։ Նա պատմեց, որ որդին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է զանգել․ «Ասեց՝ մամ, մի շաբաթ չեմ զանգելու, շատ խառնված էր, չանհանգստանաս, ուղղակի կապերի հետ լուրջ խնդիր կա, բայց դրանից րոպեներ անց իմ հորեղբոր տղային էր զանգել, ասել՝ մեզ տեղափոխում են չգիտեմ՝ ուր, հետո իմացա իրենից այդ նախադասությունը, հետո արդեն զանգերը անպատասխան էին։ Բնականաբար, փորձեցինք ծնողների հետ միահամուռ փնտրել, մի անգամ եկանք ՊՆ, բայց․․․ Պարզվել է, որ Գեւորգիս 73-հոգանոց վաշտին 3 մեծ մեքենաներով տեղափոխել են Հադրութ, հրաման են ի կատար ածում, էնտեղ պիտի դիմավորող ունենային, կարծեմ՝ Կարեն Առստամյանը, բայց չեն ունեցել, 4-5 կմ խորացել են դեպի Այգեստան, բայց այդ տարածքը գրավյալ տարածք է եղել ու ընկել են շրջափակման մեջ։ Գիտեմ, որ կռվել են մինչեւ վերջին պահը, ու ոչ մի տեղեկություն, ոչ մեկը չի վերադարձել»։
Աննա Սարոյանը
- Իսկ Ջալալ Հարությունյանի մասին լսե՞լ եք այս գործով,- հարցրեց պաշտպան Կարապետյանը։
- Լսել եմ, որ իր հրամանով Գոռը հրաման է տվել գնալ Հադրութ օգնության։
- Տեղյա՞կ եք՝ ինչի չեն դիմավորել։
- Չէ, դատական նիստերին ինչքանով։
- Ո՞վ էր էդ ամենի մեղավորը։
- Եթե իմ ընկալմամբ պիտի լինի, մենք մեր էրեխեքին տվել ենք Գոռին, նա ասել է՝ 2 տարի մեր տրամադրության տակ են, չհամարձակվեք խնձոր անգամ ուղարկել, որովհետեւ նրանք մերն են, եթե տվել ենք, հենց Գոռից էլ պիտի ուզեինք, ուրիշ ում անունը տամ։
- Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր վերադասի հրամանը չկատարել։
- Պատերազմական իրավիճակը, իմ կարծիքով՝ այո, ինչո՞ւ ոչ, կարող էր չգնալ այդ քայլին, իմանալով, որ նման տեղ են գնալու, որ հետ չեն դառնալու։
Հրանտ Պապյան
5-րդ տուժողն էլ, որ հարցաքննվեց, Հրանտ Պապյանն էր։ Նա պատմեց, որ որդին 2020-ի հուլիսին է զորակոչվել Ասկերան, դեկտեմբերի 3-ին նրան տարել են Մարտունի 3։
Հրանտ Պապյանը
Վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 10-ի երեկոյան․ «Ես, որպես զինվորական, ավելորդ հարցեր չեմ տվել, ասել եմ՝ ոնց ես, ասել է՝ լավ եմ, հետո, որ տեսա երկար ժամանակ չի զանգում, սկսեցի զանգահարել, շատ եմ փորձել, որ մարդ գտնեմ, չեմ գտել, անհայտ էր, ոչ մեկը ոչ մի բանից տեղյակ չէր։ Հետագայում խոսակցություններից եմ լսել, որ հրաման են տվել գնալ Հադրութ, Այգեստան, երբ Հադրութը ամսի 8-ին [արդեն] տված էր»։
Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը Տավուշի մարզում մեկ այլ դատական նիստի էր։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հայտարարություն արեց՝ նշելով, որ անհրաժեշտ է առավել հաճախակի նիստեր նշանակել, իսկ այլ նիստերի առկայության պայմաններում գոնե հեռախոսազանգով փորձել մի փոքր հետաձգել, քանի որ ենթադրյալ հանցանքի համար նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետի լրանալուն քիչ ժամանակ է մնացել։
Նշենք, որ մեղադրյալներին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, ինչը նշանակում է, որ դրա վաղեմության ժամկետը 5 տարի է, այսինքն՝ լրանալու է 2025 թ․ հոկտեմբեր ամսին։
Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 1-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)