civilnet.am: Հայկական հումանիտար բեռները հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետով ուղևորվել են Սիրիա։
Այսօր՝ մարտի 21-ին, տասն օրով բացվել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Հայաստանից Թուրքիայի տարածքով Սիրիա է ուղարկվել չորս բեռնատար սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության այլ իրեր:
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մարդասիրական օգնության հարցում թուրքական կողմի հետ համագործակցությանը։
«Կցանկանայի գնահատել նաև թուրք գործընկերների համագործակցային մոտեցումը մարդասիրական այս առաքելության վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը։
Մարտի 21-ից 31-ը «Մարգարա» անցակետի բացման մասին որոշումն ընդունվել է կառավարության մարտի 20-ի նիստում։
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վերջին անգամ բացվել էր 2023-ի փետրվարին։ Հարավարևելյան Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը ցամաքային սահմանով փրկարարական խմբեր և մարդասիրականօգնություն էր ուղարկել այդ երկիր։
Հայաստանը և Թուրքիան 2022-ի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն մինչ օրս այդ որոշումն իրականություն չի դարձել։
Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993-ից:
comment.count (0)