Անահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել է իրավաբանական կրթության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը
18:58 - 21 մարտի, 2025

Անահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել է իրավաբանական կրթության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանին և Իրավաբանական կլինիկա ծրագրի օգնական Անահիտ-Աննա Մկրտչյանին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջերս Ֆրանսիական համալսարանում մեկնարկած «Իրավաբանական կլինիկա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրավաբանական աջակցություն տրամադրել խոցելի խմբերին։

 

Այս համատեքստում, քննարկվել է նաև Պաշտպանի ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունը՝ ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել նման նախաձեռնությունների իրականացումը՝ շեշտելով, որ դրանք էական նշանակություն ունեն իրավագիտակցության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների լուծման տեսանկյունից։ Պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունը մանդատի շրջանակում աջակցելու ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ ուսանողների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փորձաշրջան անցնելու, արտահերթ զեկույցների և այլ հետազոտական աշխատանքների մշակման գործընթացում ներգրավելու հնարավորությունների ապահովման միջոցով:

Պաշտպանը հյուրերին ներկայացրել է «Մարդու իրավունքների ձմեռային դպրոց» ծրագիրը, որը 2024 թվականին մեկնարկել է առաջին անգամ և ընդգրկել է Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին, այդ թվում՝ մարզերից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարզային ուսանողների ներգրավվածության հնարավորությունները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գլոբալ մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել ատելության խոսքի, խտրականության բացառման, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ նախաձեռնությունները՝ նպաստելով իրավաբանական կրթության զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել