Թուրքիան չի հանձնվի փողոցային տեռորին. Էրդողանը` բողոքի ակցիաների մասին

 |factor.am|
22:33 - 21 մարտի, 2025

Թուրքիան չի հանձնվի փողոցային տեռորին. Էրդողանը` բողոքի ակցիաների մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ, երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգուր Օզելի կոչին, որը քաղաքացիներին կոչ էր արել այսօր երեկոյան իֆթարից հետո փողոց դուրս գալ՝ ի նշան Ստամբուլի քաղաքապետարանի հետաքննության շրջանակում տասնյակ մարդկանց, այդ թվում՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի։

«Այն փողոցը, ուր կանչում է CHP-ի նախագահը, փակուղի է։ Հասկանալի է, որ CHP-ն պետք է հեռու մնա ոչ միայն մունիցիպալիտետներ ներխուժած ավազակներից, այլև մարգինալ կառույցներից և ահաբեկչական կազմակերպություններից»,- ասել նա։

Էրդողանը հավելել է՝ «ինչպես երբեք չեն տրվել փողոցային տեռորին, այնպես էլ չեն տրվելու վանդալիզմին»։

«Մենք աչք չենք փակի մի խումբ ապաշնորհ, հավակնոտ մարդկանց գործողությունների վրա, որոնք սպառնում են մեր երկրի խաղաղությանը, հրահրում մեր ժողովրդին և փորձում են ահաբեկել Թուրքիային, որպեսզի չվնասեն սեփական բարեկեցությանը, շահերին և թալանին։ Թուրքիան այն երկիր չէ, որը փողոցում է, այն չի հանձնվի փողոցային տեռորին»,- հայտարարել է Էրդողանը։

Հավելենք, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում այսօր շարունակվել են բողոքի ակցիաները, հատկապես, ուսանողների մասնակցությամբ։ Ոստիկանության կողմից կրկին ուժի կիրառմամ դեպքեր են գրանցվել։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել