Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար, չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Տպավորություն է, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեյան դեպս մենք ժամանակ առ ժամանակ դիտարկել եւ տեսել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ, եւ այլն։
Ինչ նպատակով ենք մենք հրավիրել ԵՄ դիտորներին Հայաստան՝ տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ որպես կայունության եւ ինչ-որ առումով խաղաղության միջոց եւ գործոն։
Երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Մինչեւ այդ կետը ԵՄ դիտորների աշխատանքի որեւէ խոչընդոտ չկա» ,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով միջպետական ատյաններում երկու երկրների հայցերի հետ քաշման հարցին, Փաշինյանը նշեց, որ այդ հայցերը հիմնականում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու եւ լուծելու համար են։
«Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Մենք երբեմն նպատակները եւ միջոցները խառնում ենք իրար, այսինքն՝ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից եւ նախընտրել միջոց»,- ասաց ՀՀ վարչապետը։
comment.count (0)