Դատախազությունը պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետին մինչև դատը
 |azatutyun.am|
10:52 - 23 մարտի, 2025

Դատախազությունը պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետին մինչև դատը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի դատախազությունը դատարանից պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և նրա չորս օգնականներին մինչև դատավարությունը, հայտնում է Իմամօղլուի գրասենյակը:

Իմամօղլուն, որ ընդդիմության առանցքային ներկայացուցիչն է և նախագահ Թայիփ Էրդողանի հավանական մրցակիցը, չորեքշաբթի ձերբակալվել է կաշառակերության և ահաբեկչական խմբավորմանը օժանդակելու մեղադրանքներով:

Նա հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «աներևակայելի և զրպարտություններ»:

Զուգահեռ շաբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Ստամբուլի քաղաքապետարանի և գլխավոր դատարանի շենքի մոտ: Երկու վայրերում էլ տեղակայված հարյուրավոր ոստիկաններ արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Ցուցարարների և ոստիկանության բախումները շարունակվել են նաև արևմտյան ափամերձ Իզմիր նահանգում և Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երրորդ գիշերն անընդմեջ: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել:

Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 323 մարդ: Այս մասին կիրակի վաղ առավոտյան հայտնել է ներքին գործերի նախարարը:

Կառավարությունը հերքում է այս հարցի վրա որևէ ազդեցությունը և հայտարարում, որ դատական համակարգն անկախ է:

Լուսանկարը՝ AP Photo/Khalil Hamra/22․03․2025


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել