Թուրքիայի ՆԳՆ-ն կալանավորված Էքրեմ Իմամօղլուին հեռացրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից |news.am|
19:05 - 23 մարտի, 2025

Թուրքիայի ՆԳՆ-ն կալանավորված Էքրեմ Իմամօղլուին հեռացրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից |news.am|

news.am: Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոններից հեռացրել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Ստամբուլի քաղաքապետարանների երկու այլ ղեկավարների, ասվում է նախարարության հաղորդման մեջ։

«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման, կաշառք ստանալու և մրցութային ընթացակարգերը խախտելու մեղադրանքով։ Սահմանադրության 127-րդ հոդվածի և «Քաղաքապետարանների մասին» օրենքի 47-րդ հոդվածների համաձայն, ՆԳՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է նրա պարտականությունների կատարումը»,- ասված է փաստաթղթում։

Ժամանակավորապես հեռացվել են նաև Ստամբուլի Բեյլիքդուզուի քաղաքապետարանի ղեկավար Մեհմեթ Մուրադ Չալըքը և Շիշլիի շրջանի ղեկավար Էմրահ Շահանը։

Նրանք նույնպես ձերբակալվել են Իմամօղլուի դեմ գործի շրջանակում։

Կիրակի վաղ առավոտյան Թուրքիայի դատարանը պաշտոնապես ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին և մինչև դատավարության ավարտը դատապարտել կալանքի։

Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է այս շաբաթվա սկզբին իր նստավայրում իրականացված խուզարկությունից հետո, ինչը հարուցել է Թուրքիայում վերջին տասնամյակի ընթացքում փողոցային ցույցերի ամենամեծ ալիքը:

 

Այն նաև մտահոգություն է առաջացրել Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ:

Նրա ազատազրկումը դիտվում է որպես քաղաքական քայլ, որն ուղղված է գլխավոր հավակնորդին հաջորդ նախագահական մրցարշավին մասնակցելուց զրկելուն, որը  նախատեսված է 2028 թվականին:

Կառավարության պաշտոնյաները հերքում են այն մեղադրանքները, թե ընդդիմադիր գործիչների դեմ դատական ​​հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն և հայտարարում, որ Թուրքիայի դատարաններն անկախ են գործում:

 

Ավելի վաղ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը սկսել էր նախագահական փրայմերիզներ անցկացնել՝ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու աջակցելու համար՝ չնայած նրան ձերբակալելուն։

Կուսակցությունը նաև ամբողջ երկրում խորհրդանշական քվեատուփեր՝ այսպես կոչված, «համերաշխության քվեատուփեր» է տեղադրել, որպեսզի անկուսակցականները կարողանան իրենց աջակցությունը հայտնել քաղաքապետին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել