ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդիրն ամենացավոտն է․ փոխարտգործնախարար
 |civilnet.am|
12:02 - 24 մարտի, 2025

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդիրն ամենացավոտն է․ փոխարտգործնախարար |civilnet.am|

civilnet.am: ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցն ամենացավոտն է, և միակ ոլորտը, որի շուրջ համագործակցությունը չի բավարարում Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Փոխնախարարը նշել է, որ վիզաների վերաբերյալ բողոքները բազմաթիվ են և չեն նվազում։ Հովհաննիսյանն ասել է, որ բանակցում են տարբեր երկրների հետ, և կարծում է, որ հարցը մասամբ կարող է բարելավվել հյուպատոսություններ բացելու արդյունքում։

«Այնուամենայնիվ, հարցը գոհացուցիչ համարել հնարավոր չէ», - ասել է նա։

Հայաստանի քաղաքացիների բողոքները չեն դադարում ԵՄ երկրների դեսպանատներ դիմելու ժամադրությունների և վիզա ստանալու դժվարությունների մասին։ Շատ դեպքերում քաղաքացին ստիպված է լինում հավելյալ խոշոր գումարներ վճարել՝ տուրիստական գործակալությունների միջոցով դեսպանատանը մուտքի օր ամրագրելու համար։

Հայաստանը Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցով բանակցությունները սկսել է դեկտեմբերին, բանակցությունների հաջորդ փուլն ապրիլին է։

Փոխնախարարի խոսքով, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները հնարավոր չէ ավարտել երկու կամ երեք տարում, գործընթացը երեքից վեց տարի է տևում սովորաբար։

«ԵՄ գործընկերները միշտ խուսափում են ժամկետներ նշել։ Այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը։ Մենք բավական լավ ենք պատրաստվել այդ բանակցություններին։ Մեր բոլոր գործընկերները տարբեր գերատեսչություններում լավ պատրաստ են»,- ասել է Հովհաննիսյանը։

Փոխնախարարը վստահեցրել է, որ ԵՄ գործընկերների հետ բոլոր հանդիպումներին ինքն անձամբ անդրադառնում է խնդրին, որպեսզի մինչև բանակցությունների ավարտը որոշակի բարելավում լինի. «Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարեթիվ, որ մենք կավարտենք այդ գործընթացը, բայց ավելի արագ կստացվի, քան այլ երկրների դեպքում»։

Վիզաների ազատականացման գործընթացը Մոլդովայի դեպքում երեք-չորս տարի, Վրաստանի դեպքում՝ հինգ, Ուկրաինայի դեպքում՝ ինը տարի է տևել, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները տասը տարուց ավելի է՝ շարունակվում են:

Եվրահանձնաժողովը այս փորձից ելնելով նշում է, որ Հայաստանի հետ այս երկխոսությունը տարիներ է տևելու, այդ ընթացքում վերահսկվելու են բարեփոխումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել