Հայաստան-ԵՄ օրակարգում առաջին անգամ անդրադարձ կա անվտանգային ոլորտին․ Պարույր Հովհաննիսյան
 |civilnet.am|
12:31 - 24 մարտի, 2025

Հայաստան-ԵՄ օրակարգում առաջին անգամ անդրադարձ կա անվտանգային ոլորտին․ Պարույր Հովհաննիսյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգում առաջին անգամ անդրադարձ կա անվտանգային ոլորտին՝ որպես համագործակցության առանձին ուղղություն։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

«ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է։ Նաև քննարկում ենք այդ կոնտեքստում նոր պաշտպանական և անվտանգային հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի մեկնարկը, որը մեր քաղաքական և անվտանգային երկխոսության մաս կկազմի»,- ասել է փոխնախարարը։

Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանն արդեն ներկայացրել է երկրորդ հայտը Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգտվելու համար։

«Պաշտպանության ոլորտում շատ կոնկրետ ու շոշափելի ծրագիր է Եվրոպական խաղաղության գործիքը (հիմնադրամը)։ Մենք արդեն ներկայացրել ենք երկրորդ հայտը 2025-ի համար, և պաշտպանության նախարարության հետ բավականին ակտիվ աշխատանք է ընթանում»,- ասել է փոխնախարարը։

Այս ամսվա սկզբին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ Խորհրդին առաջարկ էր ներկայացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին աջակցության երկրորդ՝ ոչ հարձակողական միջոցների տրամադրման վերաբերյալ։

Եվրոպական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Պեդրո Ֆոնսեկա Մոնիզը մարտի 4-ին ՍիվիլՆեթին հայտնել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում Խորհուրդը կսկսի քննարկել առաջարկը։

2024-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում ԵՄ-ն ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրոի չափով աջակցություն էր տրամադրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել