Առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետտուրքի բազային դրույքաչափը 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով |1lurer.am|
11:00 - 25 մարտի, 2025

Առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետտուրքի բազային դրույքաչափը 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը: Քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումը երեք ուղղություններով:

«Առաջին ուղղությունը ոլորտի որոշակիացումն ու ստանդարտացումն է, ինչի համատեքստում առաջարկվում է օրենքով սահմանել պահնորդական ծառայությունների տեսակները, լրացնել տեսահսկման, ինչպես նաև ահազանգման համակարգի միջոցով պահպանության և արագ արձագանքման ծառայություններով:

Սահմանել մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պարտադիր նվազագույն պահանջ՝ մասնավորապես լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահին կազմակերպությունը պետք է ունենա որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի, պահնորդի և/կամ թիկնապահի հետ կնքված աշխատանքային պայմանագիր: 

Սահմանել մասնավոր պահնորդական կազմակերպության պատասխանատվության ռիսկի պարտադիր ապահովագրություն: Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի բազային դրույքաչափը 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով, ինչը համահունչ կլինի տնտեսության արդի ցուցանիշներին»,- ասաց Մկրտչյանը:

Հաջորդ ուղղությունը, ըստ նրա, վերաբերում է ոլորտի վերահսկողությանն ու հաշվետվողականության ամրապնդմանը, ինչի համատեքստում առաջարկվում է օրենքով սահմանել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան վարելու հնարավորություն:

Առաջարկվում է վերանայել պահնորդական ծառայություններ մատուցելու վայրում միայն պատվիրատուի համաձայնությամբ ստուգում իրականացնելու վերաբերյալ դրույթը՝ բացառություն նախատեսելով միայն բնակարանների կամ բնակարաններին հավասարեցված վայրերի համար:

Երրորդ ուղղությունը, Մկրտչյանի խոսքով, վերաբերում է հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից որոշ խստացումների, որի ապահովման համար առաջարկվում է վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսել զանցանք, այն է՝ մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ 3-ից ավելի թիկնապահով ուղեկցելը՝ սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ: Մեծացնել նաև առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու և այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել