Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են այցելել Թուրքիայի գլխավոր հյուպատոսն ու փոխհյուպատոսը
18:10 - 26 մարտի, 2025

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են այցելել Թուրքիայի գլխավոր հյուպատոսն ու փոխհյուպատոսը

Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը․ տեղեկացնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

«Ողջունելով հյուրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման. ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին: Ա. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ

: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը: ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում է:

Հանդիպման ավարտին Մ. Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու ԹՀ հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ՝ հրավերն ընդունվել է:

Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել