Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ
22:14 - 26 մարտի, 2025

Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ազգային ժաղովում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը։

«Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ սահմանափակման մասին:

Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»,–ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել