azatutyun.am: Ֆրանսիան երկու միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ չորեքշաբթի Ելիսեյան պալատում ընդունելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Ուկրաինան կստանա հակատանկային հրթիռներ, Mirage կործանիչների համար նախատեսված հրթիռներ, ՀՕՊ միջոցներ, զրահատեխնիկա։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան օգնում է զարգացնել զենքի արտադրությունը հենց Ուկրաինայում։
Ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ ողջունում է Ուկրաինայում պատերազմի դադարեցման բոլոր նախաձեռնությունները՝ Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է՝ հրադադարը չի նշանակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում։
Մակրոնի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը վերադառնա Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և հրաժարվի օկուպացված տարածքներից։
Մակրոն-Զելենսկի հանդիպումը կայացել է Ուկրաինայի դաշնակից եվրոպական երկրների՝ Փարիզում մարտի 27-ին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կքննարկվի դաշնակիցների նոր կոալիցիայի աշխատանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե Եվրոպան պետք է առաջինը լուծի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները կքննարկեն նաև Կիևին աջակցելու հետագա միջոցառումները, հրադադարի շուտափույթ դադարեցման հեռանկարները և Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը։
comment.count (0)