«Խորհէ՜, կարդա՜, գրէ՜, պատմէ՜, դատէ՜, գլո՜ւխդ ուսուցուր․ «մտքի աշխատանք» անուն տված են ասոնց»․․․ Սա հատված է լիբանանյան Ջբեյլի որբանոցի «Տուն» աշակերտական ամսագրի 1923-ի օգոստոսյան համարից։ «Մտքի աշխատանք» վերնագրով հոդվածի հեղինակը ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայ որբերից մեկն է։
Հայ ցեղասպանագետների՝ History of Education ամսագրում վերջերս տպագրված հոդվածը պատմում է, թե ինչպես էին ցեղասպանությունից հետո թուրքացումից և իսլամացումից փրկված հայ որբերը կանգնել ազգային ինքնության կորստի վտանգի առջև, և ինչպես էր Ջբեյլի որբանոցի «Տուն» ամսագիրն օգնում նրանց հաղթահարել ցեղասպանության տրավմաներն ու վերագտնել ազգային ինքնությունը։
Հայ որբերի թուրքացումն ու իսլամացումը՝ որպես ցեղասպանական գործողություն
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, հոդվածի համահեղինակ Էդիտա Գզոյանը պատմում է՝ Հայոց ցեղասպանության տարիներին մարդկանց սպանելուն զուգընթաց տեղի էր ունենում «ընտրության» միջոցով որոշ հայ կանանց և երեխաների ձուլման գործընթաց։
Էդիտա Գզոյանը
Երիտթուրքական կառավարության համակարգմամբ հայ երեխաներից ու կանանցից «ամենագեղեցիկներին, ամենախելացիներին, ամենաառողջներին» ընտրում էին․ կանանց սեռական բռնության էին ենթարկում կամ բռնի ամուսնացնում, իսկ երեխաները թուրքացվում և իսլամացվում էին։ Երեխաներն ուղարկվում էին թուրքական որբանոցներ, բաժանվում էին թուրք ընտանիքներին որպես «որդեգիրներ» կամ որպես սպասավորներ, բազմաթիվ թուրքեր, արաբներ, քրդեր էլ իրենց հերթին երեխաներին տեղահանվածների քարավաններից առևանգում էին կամ թուրք ժանդարմներից փողի դիմաց վերցնում։
Էդիտա Գզոյանը նշում է՝ երբեմն լինում էին, այսպես կոչված, «կամավոր հանձնումներ»․ շատ հայ ծնողներ, գիտակցելով տեղահանության ճանապարհի հետագա դաժանությունները, հանձնում էին երեխաներին իրենց հարևաններին, մուսուլման ընտանիքներին։
«Շատերը նույնիսկ այդ պահին չէին պատկերացնում, որ իրենց հարևանը, որի հետ միշտ լավ հարաբերությունների մեջ են եղել, ուղղակի չի պահի երեխային, այլ ինքնությունը կփոխի»,- ասում է գիտնականը։
Նա նշում է՝ լինում էին դեպքեր, երբ երեխաներն իրենք էին փախչում և խնդրում, որ մուսուլման ընտանիքները որդեգրեն իրենց կամ վերցնեն որպես ծառա, որովհետև հասկանում էին, որ դա փրկության միակ ճանապարհն է։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ որբերին նվիրված ցուցադրությունից
Հոդվածի հեղինակները գրում են, որ թուրքական որբանոցներում և խնամակալ ընտանիքներում հայ երեխաները դաստիարակվում և կրթվում էին որպես թուրքեր: Երիտթուրքական կառավարությունը կեղծում էր նրանց ծննդյան վկայականները և հայկական անունները փոխարինում թուրքականներով․ «Երեխաներից պահանջվում էր խոսել թուրքերեն և հրաժարվել իրենց անցյալ կյանքի հետքերից: Նրանք դաստիարակվում էին միայն իսլամական և թուրքական սովորույթներով»:
Էդիտա Գզոյանն ասում է՝ դեռ մինչև ցեղասպանությունը գոյություն ուներ հայերի թուրքացման պրակտիկա, սակայն ցեղասպանության ժամանակ այն զանգվածային բնույթ էր կրում և հայերի ոչնչացման նպատակ ուներ։ Նա շեշտում է՝ կանանց ու երեխաների բռնի թուրքացումն ու իսլամացումը ցեղասպանական գործողություններ են։
«Տպավորություն կա, թե ցեղասպանությունը միայն մարդկանց սպանությունն է, բայց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի» կետերից միայն մեկն է անմիջականորեն վերաբերում մարդկանց սպանությանը։ Ցեղասպանությունն ինքնության դեմ ուղղված հանցագործություն է, և երեխաներին տեղափոխելն ու կանանց հետ բռնի ամուսնությունները ինքնության փոփոխման հնարավոր ձևերից են»,- ասում է գիտնականը։
Փրկություն․ «Մեկ հայը՝ մեկ ոսկի»
Հոդվածի հեղինակներն այնուհետև պատմում են, որ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հայ և օտարերկրյա անհատներն ու կազմակերպությունները, հայ հոգևոր իշխանությունները սկսեցին որբերի փրկության գործընթաց, և նրանց տեղավորելու համար որբանոցներ բացվեցին ժամանակակից Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքներում: Որբերին հավաքագրելու համար կազմակերպվեցին դրամահավաքներ այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են «Փրկե՛ք անապատի որբերին», «Մեկ հայը՝ մեկ ոսկի»:
Էդիտա Գզոյանը նշում է՝ Առաջին համաշխարհաին պատերազմի ավարտին կնքված Մուդրոսի զինադադարի կետերից մեկը պահանջում էր բաց թողնել բռնի պահվող հայերին։ Հաշվի առնելով այդ կետը, ինչպես նաև տնտեսական վատ վիճակն ու որբերին պահելու խնդիրը՝ որոշ թուրքեր սկզբում իսկապես բաց էին թողնում որբերին։ Բայց դա ժամանակավոր բնույթ կրեց, և հետագայում որբերին փրկելու գործընթացը բարդացավ։ Գիտնականի խոսքով Կոստանդնուպոլսում, որտեղ պատերազմը հաղթած երկրների զինվորական ուժեր կային, հաջողվում էր երեխաներին որբանոցներից ու թուրքական ընտանիքներից գտնել և փրկել՝ չնայած ուժեղ հակազդեցությանը։
Ցեղասպանությունից փրկված որբեր, ցուցադրությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի
«Ծննդյան կեղծ վկայականներ էին ներկայացնում, երեխաներին սպառնում էին, արգելում, որ խոսեն իրենց հայկական ինքնության մասին։ Երեխաներ կային, որոնց շատ փոքր տարիքում էին վերցրել, և նրանք ընդհանրապես ոչինչ չէին հիշում․ այս պարագայում նրանց հայությունը պարզելը կա՛մ անհնարին էր, կա՛մ շատ բարդ»,- ասում է նա։
Էդիտա Գզոյանի խոսքով որբերին փրկել հնարավոր էր լինում նաև ժամանակակից Սիրիայի, Լիբանանի, Հորոդանանի, Պաղեստինի տարածքներից, քանի որ այդ տարածքներում հաստատվել էին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մանտադները։ Իսկ Արևմտյան Հայաստանի նահանգներից, որտեղ հաղթած տերությունները հասանելիություն չունեին, որբերին փրկելու գործընթացը գրեթե անհնար էր։ Ընդհանուր առմամբ, թուրքացված ու իսլամացված մոտ 200 հազար երեխաներից հնարավոր եղավ փրկել մոտ կեսին։
Հայ որբերի ինքնության կորստի վտանգը
Փրկվելուց հետո հայ երեխաները տեղավորվում էին որբանոցներում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի գիտքարտուղար, հոդվածի համահեղինակ Նարինե Մարգարյանն ասում է՝ Ջբեյլի որբանոցը ամենադասական որբանոցներից մեկն էր, որ գործում էր Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության ֆինանսավորմամբ։ Գիտնականը նշում է՝ ամերիկյան մարդասիրական այս կազմակերպությունը ստեղծվել էր Համաշխարհային պատերազմի ընթացքում երեխաների խնամքը ապահովելու համար և որբանոցներ ուներ Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում։
Նարինե Մարգարյանը
Հայոց ցեղասպանության հետևանքով հայ որբերը, որոնք հայտնվել էին Սիրիայի, Լիբանանի, Հունաստանի կամ այլ երկրիների որբանոցներում, կանգնած էին ազգային ինքնության կորստի վտանգի առաջ։
Թերևս դա էր պատճառը, որ հայ հոգևոր իշխանությունները որբանոցներ բացելու ուղղությամբ ջանքերին զուգահեռ հոգում էին, որ այդ որբանոցներում հայկական ներկայություն լինի, և այնտեղ էին ուղարկում հայ ուսուցիչների ու աշխատակիցների։
Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության հայտարարությունը՝ հերթական երեխայի փրկության մասին, ցուցադրությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի
Նարինե Մարգարյանը նշում է՝ Ջբեյլի որբանոցը բացվեց 1920-ին, երբ Կիլիկիայի հայաթափման հետևանքով փակվեց Այնթափի որբանոցը, և Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպությունը դուրս բերեց այնտեղի որբերին։ Որոշվեց նոր որբանոց կառուցել Ջբեյլում՝ նախկին մետաքսի գործարանի հարակից տարածքում։ Գիտնականն ասում է՝ ծովափնյա այդ տարածքը լքված տեսք ուներ, և ուսուցիչներն ու աշակերտներն իրենց ձեռքով բարեկարգեցին այն, կառուցեցին ճաշարան, գրադարան, ընթերցասրահ, խոհանոց, այգի։
Ջբեյլի որբանոցի սաների անվանացանկը
Հոդվածի հեղինակները պատմում են՝ Ջբեյլի որբանոցը ապաստան տվեց 4-16 տարեկան 1200 տղաների։ Հետագայում որբերի թիվը հասավ 1500-ի։ Որբանոցի տնօրեն դարձավ ամերիկացի Ռեյ Թրևիսը, որին որբերը կոչում էին «պապա», և որը հայանպաստ գործունեության պատճառով համարվում էր «հայացած ամերիկացի»։ Ուսուցչական անձնակազմի մեծ մասը ևս ապրել էր ցեղասպանության սարսափները, և ուսուցիչների ու աշակերտների ամուր կապեր ձևավորվեցին։
Ռեյ Թրևիսը
Բացի ինքնության կորստի վտանգից՝ կարևոր խնդիր էր նաև երեխաների հետցեղասպանական տրավմաների հաղթահարումը։ Նարինե Մարգարյանը նշում է՝ այդ նպատակով որբանոցում, բացի դասերից, երեխաների համար այլ զբաղմունքներ էլ էին մտածում․ որբերը տարբեր արհեստներ էին սովորում, շինարարական աշխատանքներով զբաղվում, պեղումների գնում, սպորտով զբաղվում, հոգևոր թեմաներ քննարկում։
Ջբեյլի որբանոցի սաների մարզական կյանքից
Այս ամենին զուգահեռ կյանքի կոչվեց որբանոցային մամուլի գաղափարը։ Հայկական ինքնությունը վերագտնելու, ինչպես նաև ցեղասպանության տրավման հաղթահարելու համար Այնթապի, Թիֆլիսի, Հալեպի և այլ որբանոցներում ամսագրեր հիմնադրվեցին, որոնց հոդվածագիրներ դարձան հայ որբերը։
Դրանցից մեկն էլ Ջբեյլի որբանոցի «Տուն» ամսագիրն է։
Որբանոցային մամուլը՝ ինքնությունը վերագտնելու և ցեղասպանությունը հաղթահարելու միջոց
Ջբեյլի որբանոցի սաներից Հովհաննես Մեղրունին, որը «Տուն» ամսագրի հեղինակներից էր, իր հուշերում պատմում է, թե ինչպես իր և որբանոցի մի քանի ընկերների մոտ միտք հղացավ ամիսը երկու անգամ հրատարակել «Հոսանք» ամսագիրը: «Հոսանքը» կարճատև կյանք ունեցավ։ Անցավ որոշ ժամանակ և մի կիրակի երեկո որաբանոցի ուսուցիչներից մեկը որբերին հուշեց նոր ամսագիր ստեղծելու գաղափարը։ Առաջարկվեց այն անվանակոչել «Տուն», որը կմիավորեր իրենց տունը կորցրած հայ որբերին։
Ուսուցիչ Ստեփան Տարտունու դասարանը, կանգածների շարքում աջից առաջինը՝ Հովհաննես Մեղրունին
Նարինե Մարգարյանի խոսքով գործընկերներից մեկը, որը գիտեր, թե ինքը որքան հետաքրքրված է հայկական որբանոցների ուսումնասիրությամբ, մի անգամ իրեն տրամադրեց «Տուն» ամսագրի 34 համարների թվանշայնացված տարբերակները։ Ամսագրի համարները միասին կազմում էին մոտ 850 էջ էին, և այդ 850 էջերի ընթերցումը ցեղասպանագետներին օգնեց բացահայտելու որբանոցի կյանքի մանրամասներն ու տպագրելու այս գիտական հոդվածը։
Այսպիով, 1922-ի սեպտեմբերին լույս տեսավ «Տուն» ամսագրի առաջին համարը։ Ամսագրի օրինակներն ուղարկվում էին տարբեր կազմակերպությունների ղեկավարների, որբանոցների, նաև՝ Կիլիկիայի հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայանին:
«Տուն» ամսագրի էջերից․ նկարում որբանոցի սաները պատկերել են իրենց գրական ակումբի գրադարանը, ընթերցասրահը և ամսագրի խմբագրությունը
Նարինե Մարգարյանը նշում է՝ ամսագիրը միջոց էր երեխաներին համախմբելու և հնարավորություն էր տալիս, որ նրանք շարադրեն իրենց մտքերը, ապրումները, հույզերը։ Բացի այդ, ապրելով իսլամական միջավայրում, որբերը կանգնած էին հայերենը կորցնելու վտանգի առաջ։ Սկզբում ուսուցիչների օգնությամբ, ապա՝ ինքնուրույն հայերեն հոդվածներ գրելով՝ նրանք վերհիշում էին հայերենը։
Հայ ցեղասպանագետներն իրենց հոդվածում պատմում են, որ «Տուն» ասմագրի թեմաները բազմազան էին՝ բնություն, գրականություն, առողջ ապրելակերպ, հումոր, որբանոցի ներքին կյանք, անգամ քաղաքական և պատմական իրադարձություններ, ինչպիսիք էին Ղրիմի պատերազմը, Ֆրանսիական հեղափոխությունը, Ամերիկայի անկախության հռչակագիրը։
Հաշվի առնելով այն, որ ամսագրի ստեղծման նպատակներից էր ազգային ինքնության վերակերտումը՝ հոդվածներում կարևոր տեղ էին զբաղեցնում հայոց պատմությունը, գրականությունը, հայ գործիչներին վերաբերող պատմությունները։ Ամսագրի առաջին էջում պատկերված էին հայկական խորհրդանիշեր Արարատ լեռը, Նոյյան տապանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, կռունկ թռչունը։
«Տուն» ամսագրի առաջին էջը
Հոդվածում նշվում է, որ ամսագիրը հատուկ ուշադրություն էր դարձնում հայ մեծանուն ուսուցիչներին և հոգևոր հայրերին՝ Գրիգոր Լուսավորիչ, Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց։ Ամսագրի համարներում խոսվում էր, օրինակ, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու, Վարդանանց պատերազմի մասին։
Ջբեյլի որբանոցն ուներ «Գրական ակումբ», որը զգալի ազդեցություն ուներ «Տուն» ամսագրի բովանդակության վրա։ Ակումբի շրջանակում ամսագրի հոդվածագիրները պատմում էին հայ հայտնի գրողների, բանաստեղծների ու նրանց գործերի մասին։ Ամսագրի մի քանի համարներ անդրադառնում էին ցեղասպանության ընթացքում նահատակված հայ մտավորականներին, ինչպիսիք էին Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը։
Նարինե Մարգարյանի խոսքով հոդվածագիրների հուշերից պարզ է դառնում, որ որբանոցի ուսուցիչները երեխաներից պահանջում էին մեծ պատասխանատվությամբ մոտենալ ամսագրի տպագրման աշխատանքներին։ Իսկ տպագրության համար գրվածքներից ընտրվում էին լավագույնները։
Որբանոցի գրական ակումբի վարչությունը․ կանգնածների շարքում ձախից երկրորդը Հայկ Պալյանն է, որը «Տուն» ամսագրի պատասխանատուն էր
Հոդվածագիրները խոսում էին նաև հայրենիք վերադառնալու ցանկության և այն մասին, թե ինչպես են «բռնակալներն իրենց հալածել ու աքսորել»։ Որբերի ուշադրությունից չէին վրիպում 20-րդ դարի քաղաքական իրադարձությունները՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը, 1920-ի հայ-թուրքական պատերազմը, Սևրի պայմանագիրն ու դրա հետ կապվող հույսերը։
Երեխաների հոդվածներից նաև պարզ է դառնում, որ նրանց այցելել ու ոգեշնչել են հայ գործիչներ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը վերապրած գրող-երգիծաբան Երվանդ Օտյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության Լուսավորության նախկին նախարար Նիկոլ Աղբալյանը, Կիլիկիայի հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայանը։
Վերջինս նաև նամակ էր գրել որբերին՝ ասելով․ «Աչքերնիդ չորս կողմերնիդ դարձուցէք, պիտի տեսնէք, որ արաբախօս, թրքախօս, քրտաբարբառ հայերը կէս հայեր են։ Այս պարագան նկատի ունեցէք, որպեսզի «Աշտարակ»ին պէս կիսաւարտ չմնայ Ձեր սկսած «Տուն»-ը: … Աշխատեցէք լաւ Հայեր ըլլալ»:
Ցեղասպանությունը որբերի հուշերում
Էդիտա Գզոյանը հիշում է՝ ամսագրի համարները կարդալիս մտածում էին, որ ամենաշատը ցեղասպանության թեմայով հոդվածների կհանդիպեն, մինչդեռ այդ թեմայով հոդվածներն ամենաքիչն էին․ «Թվում էր որ նրանք խուսափում են այդ թեմայից, խոսում են դրա մասին, բայց միջնորդավորված»։
Հոդվածի հեղինակները նշում են՝ որբերի գրվածքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանցից մի քանիսն անգիտակցաբար արգելափակել և լռեցրել էին ցեղասպանության հիշողություններն ու իրենց զգացումները։
Ցեղասպանության թեմային անդարդարձ էր լինում ասմագրի ապրիլյան համարներում։ Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, որբանոցում կազմակերպվում էին հուշ-միջոցառումներ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, և այդ մասին հիշատակումներ կան որբերի հոդվածներում։
Ջբեյլի որբանոցի սաներից, 1922
Որոշ հոդվածներում էլ հանդիպում են անհատական պատմություններ։ Ջբեյլի որբանոցի սաներից Սարգիս Մկրտիչյանն, օրինակ, «Ջուրի արժեքը» հոդվածում պատմում է, թե ինչպես էին աքսորի ժամանակ ջուր փնտրում, ինչպես էր ծարավը տանջում իրենց, ինչպես էր իր հայրն արտասվում ջրի անհույս երկարատև փնտրտուքներից հետո։ Նա հիշում է, որ անհույս որոնումների ժամանակ իրենց ողջ ընտանիքը սկսեց աղոթել, և առաջին անգամ աղոթքին միացավ հայրը: Եվ այդ երեկո, երբ անձրև եկավ, ողջ ընտանիքը շնորհակալություն հայտնեց Տիրոջը:
Նարինե Մարգարյանը նշում է՝ կարդալով միևնույն հեղինակների տարբեր հոդվածներ՝ պարզ է դառնում, որ նրանք աստիճանաբար հաղթահարում էին իրենց տրավմաները։
«Նույն հոդվածագիրն առաջին համարում գրում է ցեղասպանության վերաբերյալ իր պատկերացումների, իր անցած ճանապարհի մասին, հետագայում մենք տեսնում ենք նրա մյուս հոդվածը, որտեղ նա արդեն խոսում է իր հետագա կյանքի, անելիքների մասին»,- ասում է գիտնականը։
Իսկ ահա ամսագրի ամանորյա համարները լի էին լավատեսական մտքերով, օրհնություններով, մաղթանքներով և ապագայի հանդեպ հավատով։ Գիտնականների խոսքով սա ցույց էր տալիս, որ ցեղասպանության ազդեցությունն աստիճանաբար մեղմանում էր։
«Մեռած է Ճիպէյլը, բայց կեցցէ՛ Ճիպէյլը»․ որբանոցի փակումը
«Տուն» ամսագիրը հրատարակվեց մինչև 1925-ի փետրվար․ որբերի թվի նվազմամբ պայմանավորված՝ Ջբեյլի որբանոցը փակվեց, և դադարեց նաև ամսագրի հրատարակությունը։ Նարինե Մարգարյանը նշում է՝ 1925-ին որբերից շատերն արդեն չափահաս էին դարձել, իսկ նրանք, ովքեր դեռ փոքր էին ու պիտի տեղափոխվեին այլ որբանոցներ, ծանր ապրումներ ունեին։ Այդ ամենը պարզ է դառնում որբերի հուշերից, որտեղ որբանոցի նախկին սաները գրում էին․ «Մեռած է Ճիպէյլը, բայց կեցցէ՛ Ճիպէյլը»։
Ջբեյլի որբանոցի սաներից շատերը 40 տարի անց միավորվեցին ու որբանոցի հիմնադրման 40 ամյակի առթիվ հուշամատյան տպեցին։
Ջբեյլի որբանոցի սաները՝ 40 տարի անց
Նարինե Մարգարյանը պատմում է՝ Ջբեյլը 1928 թ․ վերաբացվեց և իր գործունեությունը շարունակում է մինչև օրս որպես «Թռնոց բույն» որբանոց, իսկ որբանոցի մի մասը վերածվել է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի։
Գիտնականը մի ամիս առաջ Ջբեյլում էր և առիթը բաց չթողեց այցելու թանգարան-որբանոց։
«Մուտք ես գործում որբանոցի տարածք, և այն կարծես թե ամբողջությամբ քեզ ծանոթ է թվում, որովհետև ամեն մի հոդվածի հետ կարողանում ես վերապրել որբերի հույզերը, պատմությունները, փոքրիկ դրվագները, թե ինչպես էին դասասենյակներում քննարկումներ կազմակերպում, ինչպես էին պատուհաններից լուռ ծովին նայում, ինչպես էին ամեն անգամ ծովը գնում լողալու, ինչպես էին կառուցում ճաշարանի շենքը կամ պարտեզում հաջողություններ գրանցում պտուղների, բանջարեղենի մշակման գործում»,- պատմում է նա։
Ջբեյլի որբանոցը հիմա, լուսանկարը՝ Նարինե Մարգարյանի արխիվից
Հայ որբերի թուրքացումն ու իսլամացումը՝ ավելի լայն համատեքստում
Այս պահին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտնականներն ավարտել են աշխատանքները մի գրքի հրատարակման ուղղությամբ, որը բազմակողմանիորեն ուսումնասիրում է հայ երեխաների թուրքացումն ու իսլամացումը։
«Գործընթացն ուսումնասիրել ենք իրավական, գաղափարախոսական, կրոնական, պատմական տեսանկյունից։ Գաղափարական առումով կարծես հակասություն է առաջանում․ ցեղասպանությունը խմբի ոչնչացման մասին է, մի կողմից՝ այդ խմբին ոչնչացնում ես, մյուս կողմից՝ ընտրում ես երեխաների, կանանց, ինտեգրում քո հասարակության մեջ»,- ասում է Էդիտա Գզոյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ ցեղասպանության որբերին նվիրված ցուցադրությունից
Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի տնօրենը նշում է՝ այս աշխատությամբ իրենք ցույց են տալիս, թե որքան կեղծ է թուրքական այն թեզը, թե ընտրելով ու ինտեգրելով՝ երիտթուրքական իշխանությունները կանանց ու երեխաների «փրկել են»։ Գիտնականը շեշտում է՝ անգամ եթե «փրկել» են, փոխել են նրանց ինքնությունը, իսկ ինքնության դեմ հանցագործությունը ցեղասպանական գործողություն է։
Գլխավոր լուսանկարում՝ Ջբեյլի որբանոցի սաները, կենտրոնական շարքում ուսուցիչները (ձախից չորրորդը՝ Ռեյ Թրևիսը)
Հեղինակ՝ Աննա Սահակյան
Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի
Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ»
«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։
![]() |
comment.count (0)