armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է լինելու:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ընդգծեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Խաղաղության համաձայնագիրը խաղաղության գործընթացի մասերից մեկն է, առաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է: Արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, երկու կողմերն էլ ընդունում են: Եվ միայն այս փաստն արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է:
Ադրբեջանի մոտեցումները, իհարկե, կառուցողական չեն այս փուլում: Բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը, մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցություններում»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել: Բանակցությունները տևել են 3 տարի:
«Այդ տեքստում ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանի համապատասխան մարմիններում: Եվ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը և բառերը վերլուծել ենք՝ համեմատելով նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Եվ այսօր հասել ենք այդ արդյունքին: Մնացածը դուք տեսնում են, տեսնում եք, թե Ադրբեջանն ինչպես է արձագանքում: Բայց դուք նաև պետք է նկատեք, թե մյուսներն ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին: Սա ևս կարևոր է»,- ասաց նա:
Եղոյանը հավելեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը կարող է ապակառուցողական արձագանքել, բայց թե ինչպես աշխարհը դա կընկալի, ինչպես միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես կդիրքավորվեն, դրանից է նաև կախված՝ բանակցությունները, խաղաղության գործընթացը հաջողո՞ւմ են, թե՞ չեն հաջողում: «Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց պատգամավորը՝ կրկնելով, որ փաստաթուղթը ստորագրելը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
comment.count (0)