Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններ․ քարտեզ [թարմացվող]
10:10 - 31 մարտի, 2025

Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններ․ քարտեզ [թարմացվող]

Կարդալ թարմացվող լրահոսը

Քարտեզում ներկայացված են 2025 թվականի Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրությունների բոլոր ընտրատեղամասերի տվյալները՝ համարը, տեղակայման վայրը, հասցեն, հանձնաժողովի նախագահի անունը, նրան առաջադրած քաղաքական ուժը։ Իրական ժամանակում կարող եք տեսնել յուրաքանչյուր ընտրատեղամասում արձանագրված խախտումների, խնդիրների, միջադեպերի մասին հաղորդագրությունները և քվեարկության վերջնական արդյունքները։


Թարմացվող լրահոս

10:10- ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին. «ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում:

10:01- Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած 2 ընդդիմադիր ուժ՝ «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, հայտարարել են, որ ավագանիում քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին:

09:55- Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքների հաշվարկի վրա: Անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%։

00։18- Գյումրու որոշ թաղամասերում հոսանքազրկումներ են, տեղամասերում քվեների հաշվարկը դեռևս ավարտված չէ։ Մասնավորապես՝ ԿԸՀ կայքում 82 տեղամասից պաշտոնապես նշվում են 5 տեղամասի արդյունքներ։

00։07- Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 41-ի արդյունքների հաշվարկի վրա: Անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%։

30․03․2025

22։49- Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 10-ի արդյունքների հաշվարկի վրա:

22։17- «Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»,- հայտնել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալումների շուրջ Իոաննիսյանը ստույգ տեղեկություն չուներ, թե արդյոք հենց այդ անձինք են ընտրակաշառք բաժանել, բայց իրենց տեղեկության համաձայն՝ նման դեպքեր Գյումրիում տեղի են ունեցել։ Ընդհանուր առմամբ դիտորդական առաքելությունը առանձնացրել է Փարաքարի 7 և Գյումրու 11 ընտրատեղամաս, որտեղ ամենաշատն են խախտումներ արձանագրվել։ Արձանագրվել են ընթացակարգային խախտման դեպքեր 12 տեղամասում, կուտակումներ 8 տեղամասում, բաց քվեարկության դեպք 6 տեղամասում, 5  տեղամասում գրանցվել է վիճաբանության 6 դեպք՝ երկու դեպք մեկ տեղամասում։

21։58- ՏԻՄ ընտրական գործընթացում ՄԻՊ-ը արձանագրել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ։ «Արձանագրվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ" Տեղեկատվություն է ստացվել, որ անձը, հաշմանդամությամբ պայմանավորված, չի կարողացել տնից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության»,- ասվում է ՄԻՊ ամփոփման մեջ։

21։19- Գյումրու 31/70 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ իրավիճակը լարվեց «Մեր քաղաքը» դաշինքի վստահված անձ Նաիրա Գրիգորյանի և հանձնաժողովի անդամների միջև։ Վստահված անձը նախ նշեց, որ սխալ են իրականացնում հաշվարկը, ապա ՔՊ-ի՝ ընտրատեղամասից դուրս գալ ցանկացող վստահված անձանց հայտնեց, որ եթե դուրս գան, թույլ չի տալու՝ ներս մտնեն։  Հանձնաժողովի նախագահն արձագանքեց, որ վստահված անձն անընդհատ խանգարում է իրենց աշխատանքներին։ Ապա դռան առջև աթոռ դրեցին, հետո, սակայն, հանեցին այն։ Տեսանյութերը՝ այստեղ։

21։11- Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։

Մասնավորապես՝

  • քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1,
  • խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1,
  • քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2,
  • ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու 2 հաղորդում։

Որպես պատահար գրանցված և ստուգման փուլում գտնվող 14 հաղորդումներից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ 6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից։

20։20-  Արտառոց խախտում՝ Գյումրու 31/70 ընտրատեղամասում։ Ընտրող քաղաքացին, քվեախցիկից դուրս գալով, դուրս է բերել դատարկ ծրարը, բոյկոտել, գոռացել, ստեղծել իրարանցում ու դեն նետել ծրարը: Սարքից դուրս եկած կտրոնը վերցրել ու փախել է: Խախտումն արձանագրել են դիտորդները: «Ոստիկանները քաղաքացուն հայտնաբերել են և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- հայտնել է հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը (ՔՊ): Մյուս խախտումները վերաբերում են բաց քվեարկություններին, վստահված անձի կողմից քաղաքացիների ընտրության ուղղորդմանը, հանձնաժողովի նախագահի՝ նույն կուսակցության վստահված անձի իրավախախտման նկատմամբ կողմնապահության, չհրկիզվող պահարանի բաց լինելուն, քվեարկության ծրարի վնասմանը:

20։05- Քվեարկությո ւնը 20:00-ին ավարտվել է: Ձայների հաշվարկին կարող եք հետևել ԿԸՀ կայքի միջոցով՝ բոլոր 98 տեղամասերից:

20։01- Գյումրու 31/17 ընտրատեղամասում առավոտյան միջադեպ է գրանցվել։ «Ինֆոքոմ»-ի թղթակցի զրույցում հանձնաժողովի նախագահ Կարեն Մանուկյանը պատմեց, որ ընտրողը, խախտելով Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրության գաղտնիությունը, դուրս է եկել քվեախցիկից առանց իր նախընտրած քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու և բոլորին բացահայտ ցույց է տվել իր ընտրությունը։ «Թերթիկը բոլորի ներկայացությանբ վերցրել ենք, մարել (պատռել՝ խմբ.) և կնոջը դուրս հրավիրել, նա այլևս ընտրելու իրավունք չի ստացել»,- ասաց Մանուկյանը։ Ժամը 19:00-ի դրությամբ այստեղ գրանցված 1386 ընտրողից քվեարկել է 470-ը։

19:31- Գյումրու 31/10 ընտրատեղամասում ՌԴ անձնագրով ընտրողը մոտեցավ սարքին, սակայն նրա տվյալները չճանաչվեցին։ Ըստ հանձնաժողովի անդամի՝ սարքում նշված է, որ նա չի կարող քվեարկել, ինչին ի պատասխան՝ ընտրողն ասաց, որ դրսում փակցված ցուցակում իր անուն-ազգանունը կա։ Հանձնաժողովի անդամը զանգեց տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից ասացին՝ նա ունի հայկական անձնագիր, որին ի պատասխան՝ ընտրողը ասաց, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Դեպքից հետո ընտրողի ամուսինը եկավ ներս և ասաց՝ իրենք չեն գնա ընտրատեղամասից, մինչև ընտրողի ընտրելու իրավունքը չվերականգնվի։ Իրավիճակը թեժացավ, երբ «Իմ հզոր համայնք» կուսակցության վստահված անձանցինց մեկը նշեց, թե «ում համար պետք է, սարքը աշխատում է, մեր բարեկամի համար՝ չէ»։ Այլ վստահված անձ մոտեցավ՝ նշելով, որ եթե չվերականգնվի ընտրողի իրավունքը, «փակել կտա ընտրատարածքը տեսանելի խախտումների պատճառով»։ Մի փոքր անց հանձնաժողովի անդամի հորդորով ամուսինները գնացին տուն՝ բերելու կացության թուղթը, ինչը բերելուց հետո սարքը հաստատեց, որ քաղաքացին կարող է այստեղ ընտրել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ սարքը թույլ չի տալիս ՌԴ անձնագրով քվեարկել, եթե տվյալ անձը ռեգիստրում գրանցված է հայկական անձնագրով։

19։04- Գյումրու 31/70 ընտրատեղամասի դիմաց երկու կին ագրեսիվ վարք են դրևորել, բղավել են դիտորդների վրա, որոնք փորձել են նկարել, թե ինչպես են կանայք ուղղորդում ընտրություն կատարել ՔՊ-ի օգտին: Դիտորդները դիմել են ոստիկաններին, որոնք փորձել են կանանց հեռացնել: «Ականատես»-ի դիտորդի խոսքով, սակայն, ոստիկաններից մեկն ասել է՝ դե հիվանդ մարդիկ են, ինչ անենք: Հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը նշում է, որ չի տեսել դրսում կատարվող դեպքը: Տեսանյութը՝ այստեղ։

18։52- ՔՊ կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՔՊ վստահված անձանց մոտ նկատված թերթիկներին, հայտարարել է․ «Մեր բոլոր վստահված անձինք ունեն թերթիկներ, որոնցով հաշվում են բոլոր ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում։ Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը»։

18:12- Դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Այդ մասին մեկ արձանագրություն եղել է տեղամասի գրանցամատյանում՝ «Ինֆոքոմի» թղթակցի՝ այնտեղ գնալու դրությամբ: Մեր թղթակիցը նրա ձեռքին ևս նկատել է նման թուղթ, որի վրա նշված են եղել հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր է արել՝ ջնջելով թվերը։ Մեր թղթակիցը մի քանի փորձից ի վերջո կարողացել է մեկնաբանություն ստանալ վստահված անձից։ Նա, թեև դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասել է. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի»։ «Ինֆոքոմի» թղթակիցը խնդրել է նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, և Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։

17։43-  Ժամը 17:00-ի դրությամբ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 39 181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 236 է: Արմավիրի մարզի Փարաքարի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

17:17- «Մեր քաղաքը» դաշինքը ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

17։11- Գյումրիի 31/24 ընտրատեղամասում 835 ընտրողներից 230-ը քվեարկել է։ Մի կին եկել է քվեարկության ու տեսել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է։ Հանձնաժողովի նախագահ Արտուշ Իսկանդարյանը «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ սխալմամբ մեկ այլ ընտրող այդ կնոջ անվան դիմաց ստորագրել է, այնուամենայնիվ այդ կնոջը հնարավորություն տվել են քվեարկելու։ Գրանցամատյանում համապատասխան նշում են կատարել, հաշվարկի ժամանակ կփորձեն պարզել՝ ով էր սխալ անվան դիմաց ստորագրել։ Արտուշ Իսկանդարյանը նշեց նաև, որ ակնկալում էր, որ այս ընտրություններին ավելի շատ մարդ կմասնակցի և հույս ունի, որ մասնակցության թիվը մինչ ընտրական օրվա ավարտը դեռ կավելանա։

16։58- Ժամը 16։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ընտրությունների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով:  Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ [ՀՀ ՆԳՆ]

16։47- Գյումրու 31/45 ընտրական տեղամաս ցերեկը ՌԴ անձնագրով մեկ այլ տղամարդ եկել է քվեարկության, սակայն էլեկտրոնային սարքը նրան չի նույնականացրել։ Առաջարկել են ստուգել տվյալները անձնագրայինում և նորից գալ տեղամաս։ Տղամարդը ժամեր անց նույն անձնագրով եկավ և խնդրեց մեկ անգամ էլ ստուգել՝ պնդելով, որ ինքն այս տեղամասում է գրանցված։ Նրա տվյալները դարձյալ մուտք արվեցին համակարգ, այս անգամ նա ընտրությանը մասնակցելու հնարավորություն ստացավ, սակայն վրդովվեց, որ առաջին այցի ժամանակ կրկնակի չեն փորձել։ Բացի դրանից՝ նա նշեց, որ իր որդին, որը ևս ռուսական անձնագիր ունի, նույնպես չի կարողացել ընտրել այս տեղամասում, չնայած գրանցված է եղել։ Տղամարդն ասած, որ եղածը պատահականություն չի համարում, քանի որ գիտի՝ այլ տեղամասերում ռուսական անձնագրերով ընտրելու խնդիրներ չեն եղել։ «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ խնդիրը միայն տեխնիկական է, և նման խնդիր առաջանում է հիմնականում այլ երկրի անձնագրերի դեպքում, կամ երբ անձը սխալմամբ այլ անձնագիր է ներկայացնում, փոխանակ ներկայացնի այն մեկը, որով գրանցված է տեղամասում։

16։30- «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»։ Իոաննիսյանի խոսքով՝ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև դրանք լատենտային բնույթ կրող են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց ինդիկատորները թույլ են տալիս ասել, որ տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ։ «Սրա ցուցիչներից մեկը՝ եթե գյուղում տրամաբանական է, որ մարդիկ առավոտյան են քվեարկում, որ հետո անցնեն իրենց գործերին, քաղաքում մարդիկ կիրակի առավոտյան երկար են քնում։ Եվ այն թաղամասում որտեղ կրիմինալն ավելի ներկայացված է, այդ թաղամասերում կա մասնակցույթան բաձր մարակարդակ, ընդ որում որոշներում ավելի բարձր քան միջին մակարդակը, ես կասեմ ժամը 20։00-ից հետո, որովհետև եթե հիմա ասեմ միանգամից կհասկանան, որ ուժի վերաբերյալ է խոսքը։ Այս պարագայում իրենք ունենում են իրենց ենթարկեցրած էլեկտորատ և հնարավորինս շուտ են բերում, որ ամբողջ օրվա ընթացքում շատ ժամանակ ունենալու գտնելու այն մարդկանց, որոնք իրենց էլեկտրատից չեն եկել։ Նախքան 2018 թվականը այդ ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր էր, քան 2018 թվականից հետո»։

16։18- Գյումրու 35/46 ընտրական տեղամասում 15:30-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1654 քաղաքացուց ընտրության է մասնակցել 566-ը (34%-ը)։ Այս տեղամասի գրանցամատյանում «Ինֆոքոմի» թղթակցի գալու դրությամբ երկու արձանագրություն է առկա եղել այն մասին, որ բացահայտ քարոզչություն է իրականցվել քվեարկության սենյակում, դեպքն արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը։ Մյուս դեպքում անձը սկզբում չի պահպանել գաղտնիության կարգը, նրան զգուշացում է արել հանձնաժողովի նախագահը, անձը քվեարկել է ըստ կարգի և հեռացել։ Ապա «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձ Նաիրա Գրիգորյանը պահանջեց արձանագրել, որ «ընտրելու իրավունք չունեցող անձին թույլ է տրվել ընտրություն կատարել կողմնակի անձի օգնությամբ»։ Միաժամանակ հարկ է նշել, որ նշյալ անձը փաստացի գրանցված էր այս ընտրատեղամասում և էլեկտրոնային համակարգը նրան նույնականացրել է, ինչպես և հաստատող տեխնիկական մասնագետը։  «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձը մի քանի այլ խախտման մասին էլ բարձրաձայնեց, օրինակ, որ չհրկիզվող պահարանը, որտեղ ընտրությանը վերաբերող կարևոր առարկաներ են պահվում, ամբողջությամբ փակ չէր, կամ որ քվեախցիկից դուրս քվեարկություն էր կատարվում։

15:52- «Մեր քաղաքը» դաշինքը (գլխավորում է Մարտուն Գրիգորյանը) հայտարարում է, որ «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են իրենց ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին»։ «Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում  որևէ  տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին», - հայտնել են դաշինքից։

15:35- Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ցուցակը գլխավորող անձինք այսօր իրենց ընտրությունը կատարելիս պատասխանեցին լրագրողների հարցերին։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Նրա խոսքով՝ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է։
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման 50+1 հավաքելու է:
Վարդան Ղուկասյանը նշեց,  որ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանա նրանց։
Անդրադառնալով Ղուկասյանի առաջարկին, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսենք»:
«Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա կազմելու, եթե ես նման բան չեմ հայտարարել, հակառակը՝  ես ասել եմ, որ ոչ մեկին մենք քվե չենք տալու»,-ասել է ՀԱՍԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը:
«Մայր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանը նշեց՝ «Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատարել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին։ «Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը և ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրիում»,- ասաց նա:

15։22- Գյումրու 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ համեմատությամբ 14։00-ի դրությամբ ընտրության մասնակցության ցուցանիշի էական աճը պահպանվել է․ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 25255 ընտրող կամ 22,7 %-ը։  Համեմատության համար՝ 2021 թվականի ընտրություններին քվեարկությանը ողջ ընթացքում մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 24․14 %-ը։ Փարաքարում համայնքում էլ ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 7067 ընտրող կամ 33,71%-ը։

15։19- Գյումրու 31/45 ընտրական տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1726 քաղաքացիներից 656-ն արդեն եկել են քվեարկության։ Այստեղ մասնակցությունը, ի համեմատ այլ ընտրատեղամասերի, բավականին բարձր է։ Այս տեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը նկատեց, որ մի քաղաքացի ընտրեց քվեախցիկից դուրս, քանի որ բոլոր քվեախցիկները զբաղված էին, մեկ այլ քաղաքացու հետ քվեախցիկին մոտեցավ նաև նրա ազգականը [ակնադիտական տեսանկյունից՝ անչափահաս]։ Երկու դեպքն էլ տեսանելի էին քվեարկության սենյակում ներկա վստահված անձանց (հանձնաժողովի նախագահը սենյակում չէր), սակայն նրանք որևէ կերպ չարձագանքեցին։ Նույն տեղամասում ՌԴ անձնագրով երիտասարդ տղամարդը տևական ժամանակ է՝ սպասում է քվեարկելու. թեև նա ունի կացության վկայական և գրանցված է այս տեղամասում, սակայն էլեկտրոնային սարքը նրա տվյալները չի հայտնաբերում։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ճշտումներ են կատարում նրա՝ ՀՀ-ում բնակվելու ժամկետի վերաբերյալ։ Պարզվեց, որ նա ևս մեկ անձնագիր ունի, նրան առաջարկվեց բերել այն և այդ ժամանակ մասնակցել քվեարկությանը։

15։10- «Հայաքվե» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ Գյումրիի 31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն: «ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք։ Այս դեպքում այդ քաղաքացու անունն ընդհանրապես պետք է ընտրողների ցուցակից բացակայեր», - նշված է հաղորդագրության մեջ:

14:45- Գյումրու 31/06 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են այնպես, որ պատշգամբ բարձրանալու դեպքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը։ «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց․ «Վերևը մարդ չի լինում, մենք բոլորս նայում ենք, հատկապես ես, որպեսզի եթե մի հոգի լինի, միանգամից դա արձանագրվի»։ Լրագրողի դիտարկամը, որ վերևում գտնվող սենյակի դուռը բաց է եղել, ապա փակվել, նախագահն ասաց՝ տեսախցիկի հետ կապված խնդիր են ունեցել․ «Մենք այդտեղ մարդ էինք բարձրացրել, տեսախցիկը թեքեց ու անջատեցինք տեսախցիկները։ Կարող է՝ ինքն է բաց թողել, հետո մեկը նկատել է, ասել է՝ գնա փակի։ Ինձ համար կարևոր է, որ մարդ էս հատվածում չլինի»։

14։30- Գյումրու 31/31 ընտրատեղամասում միաժամանակ գրանցվել են Կոմունիստական կուսակցությունից երկու վստահված անձ, նրանցից մեկը գրանցվել է 7:11-ին, մյուսը՝ 1 րոպե անց, և ժամը 11:06-ի դրությամբ նրանք երկուսն էլ չէին նշել, որ դուրս են եկել, սակայն նրանցից միայն մեկն էր ընտրասենյակում։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Մնացականյանը հրաժարվեց մեզ մեկնաբանություն տալ։

14։15- Գյումրիի 31/06 ընտրատեղամասում կուտակումներ են։ Տեղամասում ընտրողների քանակը 1419 է, արդեն ընտրել է 322 քաղաքացի։ Տեսանյութը՝ այստեղ

1։30- Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտորդին. հանձնաժողովի ողջ կազմը կողմ է քվեարկել հարցին։ Գրանցամատյանում արձանագրված է, թե դիտորդը էապես խաթարել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը։ Ըստ հանձնաժողովի նախագահ Երվանդ Պետրոսյանի՝ մի տարեց մարդ եկել է քվեարկության թոռան հետ, սկզբում ասել է, որ իրեն օգնություն պետք չէ, իսկ հետո թոռան օգնությանն է ապավինել։ Իսկ ըստ դիտորդ Սևադա Ղազարյանի՝ ընտրողին մի քանի անգամ են հարցրել՝ օգնություն պետք է, թե ոչ, նա պատասխանել է՝ ոչ, սակայն այնքան են նույն հարցը տվել, որ ի վերջո ընտրողը համաձայնել է, որ իրեն օգնեն։ Այս մասին դիտորդը բարձրաձայնել է, նրա և հանձնաժողովականների միջև լարված բանավեճ է եղել և ի վերջո հանձնաժողովը դիտորդին հեռացնելու որոշում է կայացրել։  Հանձնաժողովի նախագահն ասում է՝ թյուրիմացությունը հարթվել է, անձնական խնդիր չկա։ Սևադա Ղազարյանը պնդում է, որ որոշումն ապօրինի է, և առաջիկայում դրա առնչությամբ հաղորդում կներկայացվի։

 

13։22- Գյումրու 31/03 ընտրատեղամասում Հայաստանի կոմունիստական կուսակցության երկու վստահված անձինք են ներկա։ «Ինֆոքոմի» թղթակցին հանձնաժողովի նախագահը ասաց․ «Օրենքով երկու վստահված անձ հանգիստ կարող են մնալ, երկուսից ավելը արդեն խնդիր է։ Մտնող դուրս եկողները երկուսն էլ պարբերաբար մտել դուրս են եկել, գրանցվել են հետո․․․»։ Սակայն գրանցամատյանում նշված կուսակցության երկու վստահված անձանց դուրս գալու ժամն էլ արձանագված չէ։ Միևնույն ժամանակ, ըստ Ընտրական օրենսգրքի, քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ:

13։15- Գյումրիի 31/48 ընտրատեղամասում քաղաքացին եկել է քվեարկելու ժամկետնանց անձնագրով և ID քարտով, հանձնաժողովի անդամները քաղաքացուն ասել են, որ գնա Ոստիկանություն՝ տեղեկանք բերելու, որ կարող է քվեարկել։ Ոստիկանությունից քաղաքացուն ասել են, որ ժամկետնանց անձնագիրը խնդիր չէ, կարող է քվեարկել։ Ընտրատեղամասում, սակայն, կրկին թույլ չեն տվել, որ քաղաքացին քվեարկի։ Հանձնաժողովի անդամ Հերմինե Ասատրյանը «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ քանի որ քաղաքացին չի բերել տեղեկանքը, հանձնաժողովն ասել է, որ չի կարող քվեարկել։

13։04- Ժամը 12։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

12։58- Գյումրիի 31/48 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացիներից մեկը մի քանի փորձից չի կարողացել ինքնուրույն քվեարկել, քվեախցիկից դուրս նրան օգնել է «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձը։

12։54- Գյումրիի 31/48 ընտրատեղամասում քաղաքացին գնացել է քվեախցիկ, ապա հետ եկել՝ ասելով, որ 8-րդ համարի քվեաթերթիկը չկա, վերցրել է 8-րդ համարի քվեաթերթիկը։ «Եվրադաշինքի» վստահված անձը միջնորդել է, որ մարեն նախորդ քվեաթերթիկները ու քաղաքացին նորից վերցնի բոլոր թերթիկները։ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ քվեաթերթիկների մարումը չեն արձանագրել, արձանագրելու կարիք չկա, քանի որ հարցը տեղում լուծվել է։

12:40- Գյումրու 31/03 ընտրատեղամասում քաղաքացին ընտրությունը կատարելուց հետո մոտեցել է կողքի քվեախցիկ։ Ինչպես երևում է տեսանյութում, վերջին պահին հանձնաժողովի նախագահը միջամտել է՝ դուրս հրավիրելով քաղաքացուն։ «Ինֆոքոմի» հարցին, թե արդյոք նշված անձը գրանցված է եղել օգնող, հանձնաժողովի նախագահը տվել է բացասական պատասխան՝ նշելով, որ իրենք բոլոր օգնողներին գրանցում են։ 

12:20- Ժամը 11։00-ի դրությամբ՝ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 8100 մարդ կամ 7.28 %-ը։ Փարաքարում ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 3094 մարդ կամ 14.76%-ը։ [ԿԸՀ]

12:18- Գյումրիի 31/65 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից միաժամանակ երկուական վստահված անձինք են ընտրատեղամասում գտնվել։ «Ինֆոքոմի» թղթակցի հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՔՊ վստահված անձանցից մեկը շատ արագ է դուրս եկել, երբ ճշտել են, որ նույն տեղից են։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է, որ արձանագրություն չեն կազմել։

12։15- Գյումրիի 31/69 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեաթերթիկների անհամաչափություն է եղել։ 2-րդ, 5-րդ և 7-րդ համարների քվեաթերթիկների թիվը մյուսներից նկատելիորեն քիչ է եղել։ «Հայաքվեի» դիտորդի դիտարկումից հետո համաչափությունը վերականգնվել է: [«Հայաքվե» դիտորդական առաքելություն]

11։56- Ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ 

Դիտարկված տեղամասերում հանձնաժողովի առավոտյան նիստը 2 տեղամասերում սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, որոնք վերաբերել են անհրաժեշտ գործողությունների հերթականությունը: 

Գյումրիի մեկ տեղամասում անբավարար է համարվել քվեարկության սենյակի տարածքը քվեարկությունը կազմակերպելու համար, ևս մեկում լուսավորությունը՝ հանձնաժողովի աշխատանքի և քվեարկության համար: 

Բացառությամբ մեկ տեղամասի, որում առհասարակ նիստին ներկա չէին քաղաքական ուժերի վստահված անձինք, մյուսներում վերահսկողությունը իրականացնում էին մեկից ավելի կուսակցությունների վստահված անձինք:

Դիտորդների այցելած տեղամասերից 7-ում տարածքն անբավարար է ընտրողների և քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար։ Քվեասենյակի լուսավորությունն անբավարար է 6 տեղամասում և քվեախցիկի լուսավորությունն անբավարար է 4-ում։ Քվեախցիկի դիրքը խնդրահարույց էր Գյումրիի մեկ տեղամասում և, հանձնաժողովի նախագահի ուշադրությունը գրավելուց հետո, քվեախցիկների դիրքը փոխվել է։ Կահավորումն ընդհանուր առմամբ անհարմար է գնահատվել 2 տեղամասում։

11։45- Գյումրիի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացրել։ «Ինֆոքոմի» թղթակիցը տեսել է ֆլեշային լույսը, որից հետո միացրել իր տեսախցիկը։ Ընտրողը նաև քվեախցիկից հեռախոսազանգ է կատարել (տեսանյութում երևում են համապատասխան շարժումներ)։ Ընտրական հանձնաժողովի նախագահը հենց քվեատուփի դիմաց է եղել։ Հանձնաժողովի նախագահ Նարինե Ղազարյանը մեկնաբանելով, նշել է, որ ինքը երկար ժամանակ կանգնած է եղել այնտեղ բայց ոչինչ չի նկատել։

11։30-  «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց՝ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Նա նաև ասաց, որ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է. «Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է, ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գան ընտրության: Բարձր մասնակցության դեպքում ոչ մի վարչական ռեսուրս»:

11։25- «Ինֆոքոմի» թղթակիցը 31/66 տեղամասից հայտնում է՝ մի տղամարդ առանց բեյջի ներսուդուրս է անում, ստուգում: Ապա կանգնել է լրագրողի հետևում՝ տեսնելու, թե ինչ է անում հեռախոսով, ինչից հետո դուրս է եկել և միանգամից ինչ-որ մեկին զանգահարել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լիանա Գալստյանը «Ինֆոքոմի» հարցին՝ թե ով է եղել տղամարդը, նշեց՝ չի նկատել. «Ես էստեղ շատերին դուրս հրավիրեցի, ասեցի, որ իրավունք չունեք էստեղ գտնվելու։ Եթե ընտրող է գալիս, ես իրավունք չունեմ, որ ասեմ։ Մեկ-երկուսին էլ ասեցի, ասեցին՝ «ընտրող ենք, սպասում ենք հերթին»։ Միգուցե ընտրող է եղել, չեմ նկատել, եթե նկատեմ անպայման»։

11։02- «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ Գյումրիի 31/41 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը հեռախոսով շտաբին թելադրել է՝ որ կազմակերպություններից դիտորդներ կան տեղամասում։

10։35- 31/34 ընտրատեղամասի 3 քվեախցիկներից մեկի թիկունքն ամբողջությամբ փակված չէ, հատվածական փակ է կտորով։ Քվեասենյակից մուտք կա դեպի երկու սենյակ, «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սարիբեկ Ղուկասյանը նշեց, որ 2 դռները, որոնք երևում են քվեասենյակից, փակ են․ «Օրենքով թուլատրվում է», - նշեց նա։ Հարցին, թե ինչու ամբողջությամբ ծածկված չէ խցիկի թիկունքը, նախագահը նշեց՝ մանկապարտեզի հնարավորությունների սահմանում ինչքան կարողացել, ապահովել են գաղտնիությունը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ից եղել են տեղամասում և վստահեցրել, որ կահավորումը բավարարում է չափանիշներին։ ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց, որ այդ տեղամասի կահավորումը ի սկզբանե տեսել են։ Նա նշեց, որ կարևորն այն է, որ քվեախցիկի հետևում անձանց տեղաշարժը բացառվի։ Ըստ նրա՝ նման կահավորանքն, ըստ էության, այդ խնդիրը լուծում է։ Կարապետյանը նաև ասաց, որ քվեախցիկները այլ տարածքում տեղադրելը խնդիր կարող էր առաջացնել ուղիղ տեսանկարահանման հարցում՝ տեսախցիկները այլ տարածքում քվեարկության սենյակում կատարվողը չէին կարող ֆիքսել։

10։18- Գյումրիի 31/67 ընտրատեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը արձանագրել է, որ քվեախցիկները տեղադրված են այնպես, որ կարող է խախտվել քվերկության գաղտնիությունը։ 31/67 ընտրատեղամասում քվեախցիկները գտնվում են պատուհանների կողքին, որոնք ամբողջական ծածկված չեն։ Մեկնաբանելով՝ հանձնաժողովի նախագահ Անի Քոչարյանը նշել է, որ բակը [պատուհանից երևացող] ամբողջովին փակ է, և արտաքին մուտք ընդհանրապես չունի։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ քվեախցիկները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:

10։15- Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, իսկ մենք ընդդիմադիրներով այդ հարցի շուրջ համաձայնության կգանք և այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չի լինի։ Այս մասին Գյումրիի ավագանու ընտրություններում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: «Ընդդիմադիր թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր և որդու ձերբակալության ժամանակ գրեթե բոլորը զանգել են, եկել են, հանդիպել են մեզ: Ես չեմ կարծում, որ եթե մենք նեղ պահին կարող էինք համախմբվել, իրար աջակցել, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք»,- ասաց Գրիգորյանը։ 

10։07- Գյումրիի 31/41 ընտրատեղամասում 9:50-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1384 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 47-ը։ Այս ընտրատեղամասում Հայաստանի կոմունիստական կուսակցությունից միաժամանակ 2 վստահված անձ է գրանցվել, ինչն օրենքով թույլատրված չէ։ Հանձնաժողովի քարտուղարը միայն «Ինֆոքոմի» թղթակցի հարցից հետո է նկատել նրանց միաժամանակյա ներկայությունը և նրանցից մեկին խնդրել լքել ընտրատեղամասը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը պահանջել է այդ մասին արձանագրություն անել գրանցամատյանում։

10։02-  Ինֆոքոմի թղթակիցը հայտնում է, որ Գյումրու 31/56 ընտրատեղամասում Հայաստանի կոմունիստական կուսակցությունից միաժամանակ 2 վստահված անձ է գրանցվել, ինչն օրենքով թույլատրված չէ։ Այս խախտման վերաբերյալ գրանցամատյանում արձանագրություն դեռ առկա չէ։

09։25- Գյումրու 31/43 ընտրատեղամասում քվեարկությունը պասիվ չէ։ Ընտրատեղամաս եկավ ՌԴ անձնագիր ունեցող մի տղամարդ, սակայն ընտրել չկարողացավ, քանի որ, հանձնաժողովի անդամների պնդմամբ, նրա մոտ առկա չէր կացության կարգավիճակը հաստատող վկայական։ Տղամարդը վրդովվեց՝ ասելով, որ իր անունը ցուցակներում ներառված է։ Նրան առաջարկեցին կացության վկայականով մոտենալ տեղամաս կամ համապատասխան մարմիններից [անձնագրային, ԿԸՀ] ճշտումներ կատարել։ Նրանից հետո ևս մի կին ոչ հայկական անձնագրով եկավ քվեարկության և կարողացավ ընտրել, քանի որ ներկայացրեց կացության վկայական։

08։09 

08։00 - Գյումրիում ու Փարաքարում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ընտրատեղամասերը կբացվեն առավոտյան 08:00-ից, ընտրողները քվեարկելու հնարավորություն կունենան մինչև երեկոյան 20:00-ն։ Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը, 
«Իմ հզոր համայնք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը,
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը,
«Ապրելու երկիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը,
«Մեր քաղաքը դաշինք, ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը,
«Եվրադաշինք», ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

 Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝ 

«Միասնություն» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Լյուդվիդ Գյուլնազարյանը,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը,
«Կայունություն» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել