ՔՊ-ն հաստատ քաղաքապետ չի ունենալու, իսկ մենք ընդդիմադիրներով այդ հարցի շուրջ համաձայնության կգանք․ Մարտուն Գրիգորյան |news.am|
09:56 - 30 մարտի, 2025

ՔՊ-ն հաստատ քաղաքապետ չի ունենալու, իսկ մենք ընդդիմադիրներով այդ հարցի շուրջ համաձայնության կգանք․ Մարտուն Գրիգորյան |news.am|

news.am: Մինչ այս պահը, քարոզարշավն այնքան էլ նորմալ չէր, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի. Հուսանք ամեն ինչ նորմալ կլինի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

«Մինչեւ հիմա թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը նշում էին, թե թշնամական հարաբերություններ պետք է լինեն, բայց դուք տեսաք, որ ընդդիմադիր թեկնածուների միջեւ ոչ մի լարվածություն չկա: Այն, ինչ Գյումրիում լարվածություն եղավ եւ շարունակվում է, դա միայն ՔՊ-ի կողմից է արվում»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի առաջարկին, որ եթե ընդդիմադիր թեկնածուներից որեւէ այլ մեկը շատ ձայն հավաքի, ինքը կմիանա նրան, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Ես դրա մասին արտահայտվել եմ, մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսենք»:

Նա կրկնեց իր միտքը, որ իր կարծիքով Վարդան Ղուկասյանն իշխանության համար ձեռնտու թեկնածու է. «Բայց դա չի նշանակում, որ ես Վարդան Ղուկասյանին մեղադրել եմ ինչ-որ բանում: Ես ասել եմ, որ ինքն իմ ասածը լավ չի հասկացել, պետք է մի հատ էլ լսի:

Ընդդիմադիր թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր եւ որդու ձերբակալության ժամանակ գրեթե բոլորը զանգել են, եկել են, հանդիպել են մեզ: Ես չեմ կարծում, որ եթե մենք նեղ պահին կարող էինք համախմբվել, իրար աջակցել, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք:

Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, իսկ մենք ընդդիմադիրներով այդ հարցի շուրջ համաձայնության կգանք եւ այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չի լինի»,-ասաց նա:

Հարցին՝ չի՞ վախենում, որ հաղթելու դեպքում կձերբակալվի, նա արձագանքեց. «Բացարձակապես վախենալու բան չունեմ: Եթե իմ հետ կապված փորձեն ինչ-որ բան անել, դա կլինի բոլորիդ աչքի առաջ, դա պիտի լինի  շինծու: Ես նախկինում չունեմ որեւէ բան, որ կարողանան ինձ կպնել, կամ ես խոցելի դառնամ, ի տարբերություն մյուս թեկնածուի: Ես ասացի, որ եթե ինձ հետ կապված բան լինի, պետք է հորինեն ու իմ հայտարարության երկրորդ օրը հորինեցին շիբինի պատմությունը: Դա ծիծաղելի է: Ես ասել եմ՝ ինչ իմ դեմ անեք, դա շրջվելու է ձեր դեմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել