Արտառոց խախտում է տեղի ունեցել Գյումրու 31/70 ընտրատեղամասում։
Ընտրող քաղաքացին, քվեախցիկից դուրս գալով, դուրս է բերել դատարկ ծրարը, բոյկոտել, գոռացել, ստեղծել իրարանցում ու դեն նետել ծրարը: Սարքից դուրս եկած կտրոնը վերցրել ու փախել է: Խախտումն արձանագրել են դիտորդները:
«Ոստիկանները քաղաքացուն հայտնաբերել են և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- հայտնել է հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը (ՔՊ):
Մյուս խախտումները վերաբերում են բաց քվեարկություններին, վստահված անձի կողմից քաղաքացիների ընտրության ուղղորդմանը, հանձնաժողովի նախագահի՝ նույն կուսակցության վստահված անձի իրավախախտման նկատմամբ կողմնապահության, չհրկիզվող պահարանի բաց լինելուն, քվեարկության ծրարի վնասմանը:
«Աննախադեպ խախտումներ են թե՛ քվեարկության թերթիկի հափշտակման դեպքը, թե՛ դրոշմանիշների թվի անհամապատասխանությունը՝ 100-ի փոխարեն 101 է եղել: Դրոշմանիշը ամենախիստ հաշվարկվող և պաշտպանվող ընտրական փաստաթուղթն է և ըստ դրա ընտրական գործընթացում վստահություն է ձևավորված, որ դրոշմանիշների քանակը, տպագրությունը իդեալական է: Բայց մեր տեսածից եզրահանգում ենք, որ այդ աքսիոմատիկ մոտեցումը սխալ էր,- «Ինֆոքոմ»-ին հայտնե է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանը նաև նկատել է, որ տվյալ ընտրատեղամասում շատ աղմկոտ է ընթացել, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ բղավել են: Ինչպես նաև նշեց, որ բաց քվեարկության ցուցանիշն է բարձր, որը ոչ թե բխում է ընտրողների իրազեկվածության պակասից, այլ ծրարների որակից. քաղաքացիները դժվարացել են քվեաթերթիկը տեղադրել և ծրարել:
comment.count (0)