«Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացրել է 2025 թ․ մարտի 30-ին կազմակերպված Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների հսկողություն, որտեղ գնահատել է ընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային ստանդարտներին։ Նախաձեռնությունը արձանագրել է՝ նախընտրական քարոզարշավն իրականացվել է մրցակցային պայմաններում և լարված մթնոլորտում։ Քվեարկությունն անցկացվել է ազատ միջավայրում և հիմնականում եղել է լավ կազմակերպված։ Ընտրողներն ունեցել են հնարավորություն ազատ կամարտահայտման համար։
«Առաքելության շրջանակներում ներգրավվել է 2 երկարաժամկետ և 20 շրջիկ դիտորդ։ Երկարաժամկետ դիտորդները դիտարկել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Շրջիկ դիտորդները դիտարկել են քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը 82 տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ), ինչպես նաև ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը քաղաքում։ Առաքելության շրջանակում իրականացվել է նաև թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) աշխատանքների դիտարկում։
Քվեարկության օրը ընտրական գործընթացները հիմնականում ընթացել են խաղաղ, սակայն լարված մթնոլորտում։ Դիտարկված տեղամասերում քվեարկության նախապատրաստման, բուն քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացները հիմնականում կազմակերպվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ առանց լուրջ խախտումների։
Ականատեսի դիտորդներն արձանագրել են հետևյալ խախտումները։
- 31/01, 31/02, 31/03, 31/05, 31/07, 31/08, 31/19, 31/23, 31/29, 31/43, 31/44, 31/46, 31/47, 31/50, 31/51, 31/55, 31/56, 31/57, 31/70, 31/79 տեղամասերի կահավորումը կատարվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
- Նախապատրաստական փուլում 31/22 և 31/42, իսկ ընտրությունների ընթացքում 31/21, 31/68, 31/69, 31/79 ընտրատեղամասերում միևնույն քաղաքական ուժից՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից միաժամանակ ներկա է եղել 2-ական անձ։ Ժամը 9:45-ին Ականատեսի կողմից ԸԸՀ-ին իրազեկելուց հետո նման խնդիր այլևս չի նկատվել։
- 31/78 տեղամասում ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցը յոթից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, այնուհետև առանց գրանցամատյանում որևէ մեկի համար որպես օգնող գրանցվելու՝ ուղղորդել, թե ում քվեարկեն՝ մատնանշելով թիվ 8՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։
- 31/69 տեղամասին հարող 50 մետրը չգերազանցող տարածքում պարբերաբար եղել են մարդկանց կուտակումներ, տարածքում գտնվել են ոստիկաններ, սակայն անձիք լքել են տարածքը միայն ԶԼՄ ներկայացուցիչների ժամանելուց հետո, նույն ընտրատեղամասում անձինք քվեարկելուց առաջ և հետո այցելում էին ընտրատեղամասին հարող խանութ, նաև կուտակված անձանց միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել տվյալ տեղամասից դուրս կուտակումներին և հասարակական կարգի այլ խախտումներին։
- 31/46 տեղամասում ժամը 14:35-ին ընտրողը բացահայտել է իր քվեարկությունը՝ բղավելով․ «ու՞ր է Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը, տվեք միայն Ղուկասյանի քվեաթերթիկը», «էլ ում պետք է ընտրենք, եթե ոչ իրեն», այնուհետ տրվող փաթեթից վերցրել է միայն թիվ 2՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկը և մտել քվեախցիկ ու քվեարկել։ Այնուհետ, սակայն, նա վերադարձել է, վերցրել քվեաթերթիկները և նետել չօգտագործված քվեաթերթիկների համար հատկացված արկղը։ Այդ մասին գրանցամատյանում կատարվել է գրառում։
- 31/69 և 31/70 ընտրատեղամասերի հարակից տարածքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները փորձել են խոչընդոտել դիտորդների աշխատանքը։ Նրանք ընտրատեղամասերի մուտքերի մոտ բարձրաձայն քարոզչություն են իրականացրել՝ բղավելով, որ «միևնույն է, ՔՊ-ն հաղթելու է»։ Դիտորդների կողմից արձանագրվել է, որ ոստիկանները չեն արձագանքել իրավիճակին։ Դիտորդների պահանջին միջամտել և կանխել քարոզչությունը՝ իրավապահները պատասխանել են, որ բղավողները «հիվանդ մարդիկ են»։
- 31/49 տեղամասում ընտրողը քվեարկություն կատարելուց հետո իր հետ տեղամասից դուրս է հանել չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը։ Այդ մասին գրանցամատյանում կատարվել է գրառում։
- 31/23, 31/46, 31/53, 31/65 31/69, 31/70 տեղամասերում արձանագրվել են մարդկանց կուտակումներ։
- 31/65 տեղամասում «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք՝ ի նպաստ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածուի։ Հաշվարկի ընթացքում դիտորդները մի քանի անգամ 8 համարի քվեաթերթիկը դուրս գալիս` ոգևորված բացականչություններ են արել։
- Որոշ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բնակության և ազդեցության թաղամասերում նկատվել են կուտակումներ և լարվածություն։
Թիվ 31 ԸԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացի ժամանակ արձանագրվել են կազմակերպչական բացթողումներ։ Փաստաթղթերի ընդունման գործընթացում ընդգրկված ընդամենը երկու անձը չեն կարողացել ապահովել արդյունավետ աշխատանք, ինչը հանգեցրել է ժամերով ձգվող հերթերի։
ՏԸՀ կողմից ԸԸՀ ներկայացված արձանագրությունների և ընթացիկ փաստաթղթերի մեծ մասը լրացված են եղել տեխնիկական սխալներով, արձանագրություններում առկա են եղել թերություններ, իսկ որոշ փաստաթղթեր կնքված չեն եղել, ինչը վկայում է տեղամասային հանձնաժողովների անդամների ոչ լիարժեք պատրաստվածության և նախապատրաստական դասընթացների անբավարար արդյունավետության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)