hetq.am: Մարտի 31-ի առավոտյան, ժամը 07:30-ին Ֆիրդուսի 50 հասցեում բնակվող Թերեզա Սարուխանյանը և Անահիտ Փխրիկյանը արթնացել են իրենց տունը քանդելու ձայներից։ Նրանց այդ մասին նախապես չէին ծանուցել:
Ոստիկանությունը կանանց 20 րոպե ժամանակ է տվել տունը դատարկելու և դուրս գալու համար։
Փաստաբան Դավիթ Ասատրյանը բնակիչների ահազանգով գնացել է դեպքի վայր։
Նրա խոսքով, ոստիկանությունը մերժել է փաստաթղթեր ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու իր միջնորդությունը։ Դրանք կվկայեին այդ տանը բնակվելու նրանց իրավունքի մասին։
«Հայաստանում գերակա շահ ճանաչված տարածքներից մարդկանց դուրսբերումը կատարվում է օրինախախտումներով։ Անտեսվել են առկա դատական վեճերը, վերջնական դատական ակտի բացակայությունը, բնակիչների սոցիալական ու առողջական վիճակը, ներկայացված առողջական փաստաթղթերը, ինչպես նաև՝ եղանակային ծայրահեղ անբարենպաստ պայմանները, հորդառատ անձրևը։ Այս հորդառատ անձրևին, առանց զգուշացման տարեց կանանց անմարդկային վտարման «օպերացիան» իրականացնելը անցնում է մարդկային բարեխղճության սահմանները։ Իրավապահները չեն հետևել Կառավարության 797-Ն որոշմանը, որը պահանջում է մինչև 30 օր ժամանակ տրամադրել տարածքն ազատելու համար»,-ասում է փաստաբան Դավիթ Ասատրյանը։
Նրանց ասել են, որ իրենք խախտում են հասարակական անվտանգությունը։ Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող են բնակիչներն իրենց տներում ապրելով՝ խախտել հասարակական անվտանգությունը, ու դա ինչպես էր դրսևորվում։
Անահիտը և Թերեզան ընկերուհիներ են, Թերեզան արդեն 15 տարի է՝ բնակվում է Անահիտի տանը։ 73-ամյա Թերեզա Սարուխանյանը և Անահիտ Փխրիկյանը գնալու տեղ չունեն։ Փաստաբան Դավիթ Ասատրյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, համատեղ փորձում են կանանց համար կացարան գտնել։
Դեպքից ժամեր անց մենք այցելեցինք Ֆիրդուս թաղամաս, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Հարևանները մեզ ուղեկցեցին Թերեզա Սարուխանյանի մոտ, նրան տեսանք սահմանազատված և դարպասներով առանձնացված տարածքում, տան գույքի և իրերի կողքին նստած, ժամեր առաջ քանդված շինության փոխարեն իր տունն էր։ Անվտանգության աշխատակիցը մեզ թույլ չտվեց նկարահանել տարածքը՝ ասելով, թե այն սեփականաշնորհված է և մենք իրավունք չունենք ուրիշի տարածքում նկարահանումներ անել։ Մեզ դարպասներից դուրս հանեցին, մի քանի րոպե անց մոտեցավ նաև նախկին տանտիրուհին՝ Անահիտ Փխրիկյանը։
Թերեզա Սարուխանյանը վեր չէր կենում նստած տեղից, ասաց՝ մտավախություն ունի, որ եթե դարպասներից դուրս գա, իրերը կհանեն ու իրեն էլ ներս չեն թողնի։ Տան գույքն ու տեխնիկան, որը դրված էր դրսում, ամբողջությամբ թրջվել էր։ Անահիտ Փխրիկյանի խոսքով, իրենք ժամանակ էին խնդրել, քանի որ դատական գործընթաց էր ընթանում ընդդեմ կառուցապատող «Կարս Քոնսթրաքշն»-ի, բայց կառուցապատողն իրենց խնդրանքը հաշվի չի առել։ Անահիտը չգիտի, թե ինքն ու ընկերուհին ինչ են անելու։
Անահիտ Փխրիկյանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով ճանաչել գույքի նկատմամբ իր օգտագործման իրավունքը և պատշաճ փոխհատուցում տալ իր տան դիմաց, որը գերակա շահ է ճանաչվել եւ օտարվել։
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008-ին, երկրորդ անգամ՝ 2018թ․ մարտի 22-ին, Կառավարության որոշմամբ: Ֆիրդուսի տարածքում, ըստ ծրագրի, նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ են կառուցվելու:
«Կարս Քոնսթրաքշն» ՍՊԸ-նի ներկայացուցիչները, որ ներկա էին վտարման գործընթացին և չէին թողնում մեզ նկարահանել, հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ եւ պահանջեցին լքել տարածքը։
comment.count (0)