44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի 3 զորամասի 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդների հարցաքննությունների փուլը մոտենում է ավարտին։ 55 իրավահաջորդներից 45-ը հարցաքննվել է, 3-ը Հայաստանի Հանրապետությունում չէ, 2-ը ներկայացրել է տեղեկանք, որ առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ ներկայանալ դատարան, եւս 5-ը դեռ պետք է հարցաքննվի (մյուսները, ըստ ամենայնի, տուժողի իրավահաջորդ ճանաչված չեն)։
Նրանք այն անձինք են, որոնց որդիները եւ այլ հարազատներ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտունիից «9-րդ կմ» կոչվող տեղանք մեկնելու հրաման են ստացել։ Սակայն վաշտը անցել է նախապես որոշված այդ տեղամասը, քանի որ նրանց ոչ ոք չի դիմավորել։ Այդպիսով նրանք հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, որտեղ էլ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են։ Զոհվածների հարազատները, սակայն, կատարվածի վերաբերյալ հստակ տեղեկություններ չունեն, որոշները չգիտեն անգամ՝ իրենց հարազատը երբ, որտեղ եւ ինչ հանգամանքներում է զոհվել։
Ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար այժմ մեղադրվում են նույն զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք, սակայն, իրենց վերաբերյալ դատական նիստերին ներկա չեն գտնվում, դատարանի որոշմամբ՝ դատաքննությունն ընթանում է նրանց պաշտպանների մասնակցությամբ։
Արեւ Պետրոսյան
Արեւ Պետրոսյանը, որ զոհված Կամո Շահվերդյանի կինն է, պատմեց, որ պատերազմը սկսելուն պես ամուսնուն կանչել են, գնացել է 3-րդ պաշտպանական շրջան, ընդգրկվել 7-րդ վաշտում։ Կնոջ հետ կապի մեջ է եղել մինչեւ հոկտեմբերի 6-ը:
«Լսել էի, որ Ջալալ Հարությունյանի (ՊԲ հրամանատարը,-հեղ․) եւ Կամո Վարդանյանի (ՊԲ հրամանատարի առաջին տեղակալը-հեղ․) հրամանով գնացել էին Հադրութ՝ օգնության, եւ էնտեղ նրանց պիտի դիմավորեր Կարեն Առստամյանը (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը-հեղ․), որը չի դիմավորել։ Վաշտը գնացել է ու էլ չկա։ Տարբեր բաներ էին ասում, որ գերի է, որ շրջափակման մեջ է․․․ Փորձեցի հանդիպել Գոռ Իշխանյանին, տեսնել՝ նա ինչ է ասում: Ես այդ ժամանակ մորգերում ամուսնուս էի ման գալիս, ուզում էի հասկանալ՝ շարունակե՞մ ման գալ թե՞ շրջափակման մեջ էին։ Երեք անգամ գնացի, ասացին՝ տեղում չէ, կգա, մինչեւ երեկոյան հինգը նստեցի, սպասեցի, քանի որ երեխես էլ էդ ժամանակ չկար, Եղնիկներում էր ծառայում, հետ եկա Հայաստան, շարունակեցի որոնումներս»,- պատմեց տուժողի իրավահաջորդը։
Ամիսներ անց՝ 2021 թ․ հունվարի 15-ին, որդուց ԴՆԹ նմուշառումով հաստատվել է Արեւ Պետրոսյանի ամուսնու զոհվելու հանգամանքը։
Շողիկ Հարությունյան
Շողիկ Հարությունյանը զոհված ժամկետային զինծառայող Ռազմիկ Մադաթյանի մայրն է։ Նա պատմեց, որ որդին վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 6-ին, ասել է՝ ամեն ինչ լավ է, լավ է լինելու, չմտածես․ «Ասաց՝ ինձ պարգեւատրել են, մամ, ամեն ձեւով կռվել ենք։ Շատ ուրախ էր․․․ Ասաց՝ հիմա մեզ տանում են Հադրութ, հարցրի՝ ինչի՞, ասաց՝ տենց ա պետք, զինվոր չկա, չեմ կարող երկար խոսել, կապերի խնդիր կա, ասացի՝ ոչինչ, քեզ լավ նայի, զգույշ եղի, կապի մեջ եղի։ Դրանից հետո էլ ոչ մի լուր չունեցանք»։
Հարությունյանի խոսքով՝ ուր ասես, ում ասես, դիմել են, միայն պատերազմի դադարից հետո են տեղեկացել, որ հոկտեմբերի 9-ին Հադրութը, իր խոսքով, տվել են, իսկ հոկտեմբերի 11-ին՝ տղաներին ուղարկել այնտեղ․ «Հրադադարից 13 օր անցել էր, ոչ մի լուր չունեի ոչ փոքրիցս, ոչ մեծիցս, ես ու եղբայրս գնացինք Ղարաբաղ, մտանք Արայիկ Հարությունյանի շենք, ուզում էինք իրեն տեսնել, ինքը տեղում չէր, փոխարինողն էր, ուղղակի անունը չեմ հիշում հիմա, ասաց՝ չեք գտնի նրանց, մենք էլ լուր չունենք, սպասում ենք՝ Կարմիր Խաչը մտնի էդ տարածք»։
Դրանից հետո Շողիկ Հարությունյանը գնացել է «Մարտունի 3»՝ հենց այն զորամաս, որտեղ ծառայում էր որդին՝ հանդիպելու նրա հրամանատար Գոռ Իշխանյանին․ «Հարցրինք՝ ո՞ւր են մեր էրեխեքը, ասաց՝ մենք էլ ենք սպասում, Կարմիր խաչը գնացել է․․․ Բայց գրիչը ձեռքին դողում էր․․․ Դուրս եկանք, եղբորս ասացի՝ էրեխեքը չկան, ու էդ պահին Գոռ Իշխանյանին թե մեկ ուրիշին, լավ չեմ հիշում, եղբայրս հարցրեց՝ ի՞նչ կա մեր էրեխեքից, նա էլ պատասխանեց՝ զանգել ենք, հեռախոսին թուրք է պատասխանել, էդտեղ եղբայրս հասկացավ, որ լավ հոտ չի գալիս։ Հետ եկանք, ասացինք՝ գոնե Ջրականի էրեխեքից տեղյակ պահեք, էդպես փոքրիս գտա»:
Ամիսներ անց միայն տիկին Շողիկը ԴՆԹ նմուշ է հանձնել․ Կարմիր Խաչը այդ տարածքներից մարմիններ էր դուրս բերել, որոնց մի մասը՝ այրված․ «Ես լսել եմ, որ իրենք քիչ են եղել, թշնամին՝ շատ, դրա համար շրջափակման մեջ են ընկել, մեկ էլ լսել եմ, որ Գոռ Իշխանյանը գումարով ծախել է էրեխեքին»: Մեղադրողների ճշգրտող հարցերին ի պատասխան՝ տուժողի իրավահաջորդը դժվարացավ հավելյալ տեղեկություններ հայտնել իր այս հայտարարության վերաբերյալ, ասաց՝ անձամբ ոչ ներկա է եղել, ոչ լսել, ուրիշներն են փոխանցել։
Սիրուշ Միրզաբեկյան
Սիրուշ Միրզաբեկյանը զոհված Գրիշա Միրզաբեկյանի կինն է։ Նա պատմեց, որ ամուսինը պատերազմ է մեկնել կամավոր, նույնիսկ իրար չեն էլ տեսել․ «Քանի որ էրեխեքս անչափահաս էին, ինձ ստիպեցին գալ Երեւան, դուրս եկա, եկա էստեղ, նույնիսկ իր տեղը չգիտեի, միայն գիտեի, որ դիրքերում է։ Վերջին անգամ հոկտեմբերին խոսեցինք, ոչ մի բան չասաց, միայն գիտեի, որ մեր գյուղից 7 կամավորով միացել էին 7-րդ վաշտին»։
Միրզաբեկյանի խոսքով՝ քանի որ ամուսինը հայր չուներ, իսկ մայրը անկողնային հիվանդ էր, ինքն էր նրան խնամում, իսկ որոնողական աշխատանքներով զբաղվում էր իր եղբայրը․ «Մեկ ասում էին՝ ողջ է, մեկ՝ չէ, բայց ես հույսս կորցրած էի․ եթե ողջ լիներ, ինձ կզանգեր»,- հուսահատ ասաց տուժողի իրավահաջորդը։
Բորիկ Սարգսյան
Հարցաքննված մյուս ծնողը Բորիկ Սարգսյանն է՝ զոհված Արմեն Սարգսյանի հայրը։ Նա դեպքի վերաբերյալ մանրամասն ոչինչ չգիտեր, ասաց՝ որդին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է զանգել, ասել՝ տանում են Հադրութ․ «Ասաց՝ որ գամ, կզանգեմ, մինչեւ էսօր չի զանգել․․․»։
Հրամանատար Գոռ Իշխանյանի հետ Սարգսյանը բջջայինով է խոսել, վերջինս էլ ասել է՝ էրեխեքին ման են գալիս, որ գտնեն, տեղյակ կպահեն։
Մուրադ Հարությունյան
Զոհված պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանի հայրը՝ Մուրադ Հարությունյանը, նույնպես տեղեկություններ չուներ, անգամ չգիտեր՝ որտեղ ու ինչպես է որդին զոհվել։ Նշեց միայն՝ հոկտեմբերի 11-ին է զանգել, ասել՝ անհասանելի է լինելու։ Դրանից հետո ոչ որդու հետ է խոսել, ոչ էլ որեւէ մեկին հանդիպել։
Հետագայում Հարությունյանը եւս ԴՆԹ նույնականացման միջոցով է գտել որդու մարմինը։
Էլմիրա Սիրելյան
Զոհված զինծառայող Նաիրի Սիրելյանի մայրը՝ Էլմիրա Սիրելյանը, դժվարացավ ցուցմունք տալ, ասաց՝ տղայից հետո հիշողություն չունի։ Հայտնեց միայն, որ երբ վերջին անգամ որդին զանգել է, ասել է՝ մեզ տեղափոխում են Հադրութ, չմտածես, մամ ջան, լավ կլինի․ «Ու ես խոսակցություններից լսել եմ, որ այդ ընթացքում ռումբը ընկել է մեքենայի մեջ։ Ուրիշ բան չգիտեմ»։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Շողիկ Հարությունյանը, պաշտպանները, դատավորը
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
comment.count (0)