Ապրիլի 8-ին «Ինֆոքոմը» հրապարակեց «Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով» հոդվածը, որում պատմում ենք, թե ինչպես է փոխվել Հայաստանում գիտնականների ընդհանուր թիվը, ըստ տարիքային խմբերի հարաբերակցությունը 2016-2024 թթ․ ընթացքում, որոնք են հետազոտություններ իրականացնող «ամենաերիտասարդ» կառույները, և ինչու է կառավարությունը կարծում, որ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը գիտության սերնդափոխության խնդիրը լուծելու ամենաարդյունավետ միջոցն է։
Այս նյութում կպատմենք, թե ինչպես ենք իրականացրել այդ հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումը և մշակումը, ինչ աղբյուրներից ենք օգտվել, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա, և ինչ հավանական շեղումներ կարող են լինել։
Աղբյուրներ
Տվյալները ներառում են՝
Տվյալները հավաքագրվել են հետևյալ աղբյուրներից՝
Պաշտոնական վիճակագրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակում է «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը» վիճակագրական ժողովածուն, որի «Գիտատեխնիկական գործունեություն» բաժնում ամեն տարի ներկայացվում են գիտնականների մասին թվային տվյալներ՝ ըստ տարիքի, սեռի և այլ բնութագրիչների։ Այս պահի դրությամբ ամփոփված են մինչև 2023 թվականի տվյալները։ Մենք նախ փորձեցինք առանձին գիտական կազմակերպությունների վերաբերյալ տվյալները ստանալ հենց Վիճակագրական կոմիտեից, որը հրաժարվեց տրամադրել դրանք՝ հաշվի առնելով, որ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքն արգելում է Կոմիտեին անվանական տվյալներ փոխանցել երրորդ կողմին։
Տվյալների հավաքագրման համար մենք հաջորդիվ դիմեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին (ԲԿԳԿ)։ ԲԿԳԿ-ն իրականացնում է Հայաստանում գիտության ֆինանսավորումը և տիրապետում է ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտնականների մասին տվյալներին։
Ըստ հարցումն ուղարկելու դրությամբ գործող օրենսդրության՝ ԲԿԳԿ-ն իրականացնում էր գիտության ֆինանսավորման երեք ծրագիր՝
Պարզ ասած՝ բազային ծրագրերը հետազոտությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրն են, և բազային ծրագրերում ներգրավված գիտնականները կարող են ունենալ նաև նպատակային-ծրագրային կամ դրամաշնորհային ֆինանսավորում։ Բայց չի բացառվում, որ վերջին երկու ծրագրերում ներգրավված գիտնականները ներգրավված չլինեն բազային ծրագրերում և պայմանագրային հիմունքներով հետազոտություններ իրականացնեն որևէ կառույցում։ Այդ պատճառով Հայաստանում գիտական հետազոտություններ և մշակումներ իրականացնող բոլոր անձանց մասին տվյալներ ստանալու համար պետք է ունենալ այս երեք ծրագրերում ներգրավվածների թիվը՝ հանած համընկնումները։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ բազային ծրագրերում ներգրավված գիտնականները կազմում են գիտնականների ընդհանուր թվի ավելի քան 80%-ը։
ԲԿԳԿ-ից հարցմամբ խնդրեցինք տրամադրել 2014-2023 թթ. ընթացքում (2024-ի տվյալներն այդ պահի դրությամբ ամբողջական չէին լինելու) Հայաստանում գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացրած բոլոր անձանց թիվը (ԲԿԳԿ բազային և կամ դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված)՝ ըստ տարիքային մի քանի խմբերի։ Խնդրեցինք նաև այդ տվյալները տրամադրել ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական ամեն կազմակերպության և ամեն բուհի մասին առանձին-առանձին։
Կոմիտեից հաջողվեց ստանալ 2016-2023 թթ․ համար բոլոր գիտնականների տվյալները՝ ըստ տարիքային հետևյալ խմբերի՝ 35 տարեկանից ցածր, 35-49 տարեկան, 50-64 տարեկան, 65 տարեկան և բարձր։ 2022 և 2023 թթ. համար միայն բազային ծրագրերում ներգրավված գիտնականների տվյալները ներկայացված էին նաև ըստ առանձին կազմակերպությունների։
Տվյալների հավաքագրումը՝ կազմակերպություն առ կազմակերպություն
Տարիների կտրվածքով առանձին կազմակերպությունների մասին ամբողջական տվյալներ ունենալու նպատակով որոշեցինք այդ տյալները ստանալ հենց կազմակերպություններից։ ԲԿԳԿ-ից վերցրինք այն բոլոր կազմակերպությունների ցանկը, որոնք ամենաթարմ տվյալներով ընդգրկված են Կոմիտեի բազային և դրամաշնորհային ծրագրերում։ Ընդհանուր առմամբ հարցում ուղարկեցինք 20 կառույցի` 7 գիտական հաստատության (այդ թվում Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ), որը ներառում է 33 կազմակերպություն), 10 բուհի, ինչպես նաև Առողջապահության և էկոնոմիկայի նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին, Կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարությանը (վերջիններիս ենթակայությամբ գործում են գիտական կառույցներ)։
Ե՛վ գիտական կազմակերպություններին, և՛ բուհերին խնդրեցինք տրամադրել գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացնող բոլոր աշխատակիցների մասին տվյալները՝ ըստ տարիների և տարիքաին խմբերի։
ԳԱԱ-ն տրամադրեց իր բոլոր 33 կառույցների՝ և՛ բազային, և՛ դրամաշնորհային ծրագրերում ներգրավված գիտնականների մասին տվյալները։
Հարցված բուհերից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտմամբ մեր հարցմանը չպատասխանեց։ Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային և Հայ-ռուսական համալսարանները տրամադրեցին ոչ ամբողջական տվյալներ։ Ագրարային համալսարանի տվյալները նյութում ներկայացված չեն, իսկ Տնտեսագիտական և Հայ-ռուսական համալսարանի տվյալները ներկայացված են միայն 2024-ի պատկերը ներկայացնող առանձին, ինչպես նաև բոլոր բուհերի պատկերը ներկայացնող գումարային վիզուալներում, քանի որ այս երկու բուհերի դեպքում առկա չէին ուսումնասիրվող ողջ ժամանակահատվածի տվյալները։ Ամբողջական պատասխաններ ստացանք Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական բժշկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններից։
Բժշկական համալսարանը, բացի բազային և դրամաշնորհային ծրագրերում ներգրավված գիտնականներից, տրամադրեց նաև այդ ծրագրերում չներգրավված, սակայն ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հոդվածներ ունեցող աշխատակիցների տվյալները։ Իսկ Երևանի պետական համալսարանը տրամադրեց միայն բազային ծրագրերում ներգրավված գիտնականների տվյալները՝ պատճառաբանելով, որ դրամաշնորհային ծրագրերում ներգրավված գիտնականների մասով վիճակագրություն չի վարում։ Հետևաբար՝ այս համալսարանի տվյալներում կարող են որոշակի շեղումներ լինել։
Գիտական անկախ կառույցներից «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը տրամադրեց ոչ ամբողջական տվյալներ, որոնք նյութում ներկայացված չեն։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Մատենադարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտը տրամադրեցին միայն բազային ծրագրերում ներգրավված գիտնականների տվյալները։ Բոլոր երեք կառույցներից մեզ հետ զրույցում նշեցին, որ բացառապես դրամաշնորհային ծրագրերում ներգրավված հետազոտողների թիվն իրենց մոտ շատ փոքր է, հետևաբար՝ այս կառույցների դեպքում շեղումը մեծ չէ։
Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը տրամադրեցին ամբողջական տվյալներ։ ԿԳՄՍՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը տրամադրեց ոչ ամբողջական տվյալներ, հետևաբար այ կառույցի տվյալները ներկայացված են միայն գերատեսչական գիտական կառույցներում 2024-ի ընդհանուր պատկերը ներկայացնող վիզուալներում։
Այսպիսով, նյութում ներկայացված են տվյալներ ընդհանուր առմամբ 52 կառույցի մասին՝ ԳԱԱ 33 կազմակերպությունները, 8 բուհ, 3 գիտական անկախ կազմակերպություն, 8 գերատեսչական պատկանելիության գիտական կազմակերպություն:
Տվյալների սահամանափակումներ, հնարավոր շեղումներ և կարևոր նշումներ
Քանի որ նպատակային-ծրագրային ֆինանսավորմանը շատ քիչ կառույցներ են մասնակցում, և փոքր է հավանականությունը, որ դրանց մասնակիցները ներգրավված չլինեն բազային ծրագրերում, հարցումներում այս ծրագրերում ներգրավվածների մասին առանձին նշում չենք արել։
Հաշվի առնելով, որ մեր հավաքած տվյալների հիման վրա ցանկանում էինք ստանալ նաև գումարային տվյալներ, հարցումներում խնդրել էինք նշել, թե յուրաքանչյուր տարվա յուրաքանչյուր տարիքային խմբում ներառված գիտնականներից քանիսն է զուգահեռ գիտական գործունեությամբ զբաղվում նաև այլ բուհերում/գիտական կազմակերպություններում՝ նշելով այդ կառույցների անունները։ Նպատակն էր գումարային թիվը ստանալիս հանել տարբեր կառույցների միջև համընկնումները։ Սակայն այլ կազմակերպություններում ներգրավված գիտնականների մասին ամբողջական տվյալներ տրամադրեցին ընդամենը 9 կառույցներ՝ Բժշկական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը (Երևանի քաղաքապետարան), Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը (Առողջապահության նախարարություն), Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, Երկրագործության գիտական կենտրոնը, Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը (երեքն էլ՝ Էկոնոմիկայի նախարարություն), Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը։ Հետևաբար՝ ԳԱԱ, բուհերի և գիտական անկախ կառույցների գումարային տվյալները ստացվել են մեծամասամբ առանց համընկնումները հանելու և կարող են փոքր-ինչ ուռճացված լինել։
Ասպիրանտների թվի մասին տվյալները ներկայացված են մինչև 2023-ը, քանի որ Վիճակագրական կոմիտեն դեռ չի ամփոփել 2024-ի վիճակագրությունը։
Հարցումների պատասխանները ստացվել են 2024-ի դեկտեմբերից մինչև 2025-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում։
Եթե որևէ կառույցում կոնկրետ տարվա բոլոր տարիքային խմբերի դիմաց նշված է 0, նշանակում է՝ այդ կառույցը տվյալ տարում չի ունեցել ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտնականներ։
ԲԿԳԿ-ի տվյալներում կան կառույցներ, որոնք չկան մեր հավաքագրած տվյալներում, ինչպես, օրինակ, Ագրարային համալսարանը, ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների կենտրոնը։
Գիտական կառույցներին և բուհերին խնդրել ենք տվյալները տրամադրել 2016-2024 թթ․ համար, որպեսզի դրանք համադրելի լինեն ԲԿԳԿ տվյալների հետ (հարցումներն իրականացվում էին այն փուլում, երբ ԲԿԳԿ-ից սպասում էինք տվյալների վերջնական ճշգրտման)։
Լրացուցիչ պարզաբանում ԲԿԳԿ վիճակագրության մասին
ԲԿԳԿ և մեր հավաքագրածտվյալները, սակայն, ոչ ամբողջությամբ են համադրելի և համեմատելի։ Մեր տվյալները բաշխված են՝ ըստ հետևյալ տարիքային խմբերի՝ մինչև 35 տարեկան, 35-50 տարեկան, 51-65 տարեկան, 65 տարեկանից բարձր։ ԲԿԳԿ-ից տվյալները հնարավոր եղավ ստանալ միայն հետևյալ տարիքային խմբերով՝ 35 տարեկանից ցածր, 35-49 տարեկան, 50-64 տարեկան, 65 տարեկան և բարձր՝ հաշվի առնելով, որ իր վերլուծությունների համար Կոմիտեն տվյալների բաշխումն ուներ միայն այս տարբերակով։
Բացի այդ՝ եթե Կոմիտեի տրամադրած՝ Հայաստանի բոլոր գիտնականների մասին տվյալները ներառում են Կոմիտեի և՛ բազային, և՛ դրամաշնորհային ֆինանսավորման ծրագրերը, ապա առանձին կազմակերպությունների վերաբերյալ տրամադրած տվյալները ներառում են միայն բազային ֆինանսավորման ծրագրերը։ Իսկ մեր հավաքագրած տվյալների դեպքում կա որոշակի տատանում՝ կախված նրանից, թե կազմակերպությունն ինչ տվյալ է ներկայացրել՝ միայն բազայի՞ն, թե՞ և՛ բազային, և՛ դրամաշնորհային ծրագրերում ներգրավված գիտնականների թիվը։
Աննա Սահակյան
comment.count (0)