Պետության աջակցությամբ կառուցվել է 58 խելացի անասնաշենք. ծրագրում փոփոխություններ են արվում |armenpress.am|
13:00 - 10 ապրիլի, 2025

Պետության աջակցությամբ կառուցվել է 58 խելացի անասնաշենք. ծրագրում փոփոխություններ են արվում |armenpress.am|

armenpress.am: Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ 2019-ից ի վեր կառուցվել է 58 խելացի անասնաշենք:

Կառավարությունն այժմ փոփոխություններ է իրականացնում ծրագրերի պայմաններում: 

Որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության նիստում: 

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ խելացի անասնաշենքերի կառուցման գործող ծրագրի համեմատ իրականացվել են որոշ լավարկումներ և լրացումներ: 

«Եթե նախկին ծրագրում 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 մլն դրամ, որի 50 տոկոսը ֆերմերները կարող են հետ ստանալ որպես փոխհատուցում, այսինքն՝ 23 մլն դրամը՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն»,-ասաց Խոջոյանը:

Սահմանված են արտոնյալ պայմաններ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների և սոցիալական որոշ խմբերի համար.նրանց համար սահմանվել է ծախսերի 70 տոկոսի փոխհատուցում: Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար՝ 45 տոկոս:

Իրականացվել է գլխաքանակի փոփոխություն, կառուցման և վերակառուցման համար մոդելների տեսակի փոփոխություն:  

Փոխնախարարը հիշեցրեց, որ ծրագիրն ունի և՛ փոխհատուցման, և՛ վարկային բաղադրիչ: Վարկային բաղադրիչով կառավարությունը սուբսիդավորում է ներգրավված վարկի 10 տոկոսը: Սահմանվել է 18 ամիս արտոնյալ ժամկետ՝ նախկինում գործող 12-ի փոխարեն: Այսինքն՝ ֆերմերը կարող է 18 ամիս մայր գումարի վճարում չիրականացնել: Իսկ սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ:

«Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է աջակցման մեկ այլ մեխանիզմ, որի համաձայն, եթե շահառուն օգտվում է խելացի անասնաշենքերի ծրագրից և ունենա խելացի անասնաշենք, ապա ձեռք բերվող տոհմային կենդանիների համար կարող է ստանալ փոխհատուցում՝ մինչև 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու դեպքում 30 տոկոս, իսկ 25 և ավելիի դեպքում՝ 40 տոկոս փոխհատուցում»,-ասաց փոխնախարարը:

Երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձինք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին են ծրագրի արդյունքները:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում այսօր կա կառուցված 58 խելացի անասնաշենք, ներմուծվել է 2400 տոհմային կենդանի: Անասնաշենքների կառուցման համար կառավարության կողմից փոխհատուցված գումարը 925 մլն դրամ է, իսկ տավարաբուծության զարգացման ծրագրի վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը՝ 587 մլն դրամ: Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից:

Նիկոլ Փաշինյանը նշեց. «Դժգոհ չենք, որ 58 անասնագոմ կառուցվել է: Բայց ի սկզբանե մեր պատկերացումն այդ չէր: Փոխհատուցման ընդհանուր գումարը՝ 925 մլն դրամ: Սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում»:

Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ծրագրից հանում 10-15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված անասնաշենքի կառուցման բաղադրիչը: Փոխնախարարը նշեց, որ կառուցված 58 անասնաշենքերից ամենաաննշան թիվը կազմել է հենց 10-15 գլուխ կենդանիների համար կառուցվածը:

«Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում: 2018 թվականից սկսած՝ մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքրերի համար՝ հույս ունենալով նրանց աջակցել: Բայց, ըստ էության, արձագանք չենք ստացել: Հայեցակարգային, քաղաքական, սոցիալ–հոգեբանական և սոցիալ-տնտեսական խնդիր կա: Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերն անհաջողության են մատնվում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք: Կարծում եմ՝ սովորական լուծումների ճանապարհով չենք առաջնորդվելու»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատեց, որ այն հատվածում, որտեղ մարդիկ վարկեր ունեն, խնդիր կա, գյուղատնտեսությունն արդյունք չի բերում, տասնյակ որոշումներ է կայացրել կառավարությունը: Սակայն այդ որոշումները չեն աշխատում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել