ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ ապրիլի 10-11-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» թեմայով:
Մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, տարբեր պետական իրավասու գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Քննարկման նպատակն է պաշտպանության՝ կառավարման և վերահսկողության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների ապահովմանն ու խթանմանը վերաբերող հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն իր բացման խոսքում ներկայացրել է երկօրյա քննարկում նախաձեռնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով Ազգային ժողովի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Նա նշել է, որ այդ շրջանակում իրականացվում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր մի շարք ծրագրեր:
ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարևորելով նման քննարկումները, նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում խնդիրները քննարկել տարբեր դիտանկյուններից ու ավելի համապարփակ ուսումնասիրել լուծման տարբերակները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով զինված ուժերում եւ, ընդհանրապես, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներն իր առաջնահերթություններից են: Նա ընդգծել է, որ ինչպես անձամբ, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքեր, ՊՆ զորամասեր, զինկոմիսարիատներ, հոսպիտալներ, մարտական դիրքեր, ներկա են լինում բժշկական հանձնաժողովների նիստերին:
Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը շնորհակալություն է հայտնել ԱԺ մշտական հանձնաժողովներին և մասնակիցներին արդյունավետ քննարկում կազմակերպելու համար: Նա ներկայացրել է DCAF-ի գործառույթները՝ նշելով, որ սերտ համագործակցում են Հայաստանի կառավարության հետ:
Երկօրյա քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման գործում խորհրդարանի դերին, զինված ուժերում ոչ մարտական իրավիճակներում մահերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքներին, օմբուդսմանական հաստատությունների դերի ուժեղացմանը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում մարդու իրավունքների չարաշահումները կանխելու նպատակով և այլ հարցերի:
Միջոցառումը կազմակերպվել է DCAF-ի կողմից Հայաստանում ժողովրդավարական անվտանգության ոլորտին և պաշտպանության ոլորտի բարեփոխումներին աջակցության շրջանակում, իրականացվել Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության դրամաշնորհով:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ
09:27 - 11 ապրիլի, 2025
comment.count (0)