Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք․ Գալուզին
 |civilnet.am|
11:14 - 14 ապրիլի, 2025

Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք․ Գալուզին |civilnet.am|

civilnet.am: Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք և չենք էլ կարող ունենալ, այս մասին «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Երևանը բացառել Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության որևէ ձևից՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթաց սկսելու հետևանքով, փոխնախարարը պատասխանել է, որ խոսքը Ռուսաստանի կամ որևէ մեկի մասին չէ, որ ցանկանում է բացառել Հայաստանը կամ վնաս պատճառել իրենց շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում։

«Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք և չենք էլ կարող ունենալ։ Անցյալ տարի Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 12 մլրդ դոլար՝ ցույց տալով զգալի աճ։ Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ, ինչպես Վրաստանին, կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, որի 80-ամյակը, հուսով եմ, մայիսի 9-ին միասին կնշենք», – նշել է Գալուզինը։

Այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ է Գալուզինը հայտարարում, որ միաժամանակ անհնար է անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ, դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են։ Մարտին էլ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր համանման հայտարարություն արել, նաև նշել էր Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը։

Գալուզինն «Իզվեստիա»-ին նաև ասել է, որ հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն։

«Այս մասնակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ-ի աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն կազմել է շուրջ 6%», - նշել է նա։

Գալուզինի խոսքով՝ Եվրամիությունն այս փուլում Հայաստանի և այլ երկրների համար պահանջների և չափանիշների մի շարք է՝ մուտքի անհասկանալի հեռանկարով։

Նա հավելել է, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։

«Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով, և իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցությունից», – ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել