«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
18:58 - 15 ապրիլի, 2025

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ հարաբերությունների առկա վիճակին և զարգացման հեռանկարներին։

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, մասնավորապես՝ ոստիկանության, դատաիրավական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները և հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։

Նախագահն ընդգծել է Հայաստանի կայուն դիրքորոշումը և հավատարմությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ, նշելով, որ երկրի զարգացման ներկա փուլում այս բարեփոխումները ունեն ռազմավարական նշանակություն:

Իր հերթին, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և քաղաքական կամքը՝ շարունակելու հստակ քայլերն այս ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Եվրախորհրդի տարբեր հարթակներում և ձևաչափերում արդյունավետ համագործակցությունը:

Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում առկա մարտահրավերները և տարածաշրջանային կայունության հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել