Երևան-Աշտարակ ճանապարհը բացվեց. Կառավարությունից կընդունեն Քասախի և Պռոշյանի բնակիչների ներկայացուցիչներին
11:30 - 22 ապրիլի, 2025

Երևան-Աշտարակ ճանապարհը բացվեց. Կառավարությունից կընդունեն Քասախի և Պռոշյանի բնակիչների ներկայացուցիչներին

Քասախ և Պռոշյան համայնքների ներկայացուցիչները բացեցին Երևան-Աշտարակ ճանապարհը:

Քաղաքացիների մեկը հայտնեց, որ Կառավարությունն առաջարկել է ապրիլի 25-ին հանդիպել երկու համայնքների բնակիչների ներկայացուցիչների հետ և դարձյալ քննարկել հարցը: 

Չնայած հավաքվածները դժգոհեցին, որ այս պահին չի լուծվում հարցը, և որ հույս էլ չունեն, որ հանդիպման արդյունքում կլուծվի, բայց համաձայնեցին բացել ճանապարհը:

Հիշեցնենք, որ Քասախի և Պռոշյանի բնակիչները այսօր վաղ առավոտից դուրս էին եկել բողոքի ակցիայի իրենց համայնքներում՝ պահանջելով, որ 59 և 25 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ: Այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել 2 համայնքներում: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է: Պռոշյանցիները քայլերթով հասան Քասախ համայնքի մոտ, որտեղ էլ հենց մեկ ժամի չափով փակ պահեցին մայրուղին:

Ակցիայի ընթացքում հայտարարություն տարածեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ներկայացնելով այն առաջարկները, որ հնչել են երկու համայնքների բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ու նշելով, որ այդ «առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական...»:

Քաղաքացիներից մեկը արձագանքել է ՏԿԵ նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ նրանք առաջարկություններով հանդես են եկել, բայց բնակիչները այդ առաջարկներին չեն համաձայնել, քանի որ դրանք չեն բխում համայնքների բնակիչների շահերից, և իրենք սա ասել են հանդիպումների ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել