civilnet.am: Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցի շուրջ համաձայնության գալ՝ ապահովելով երկրի ազգային շահերը: Այս մասին նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է տարբեր նահանգների կառավարիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է Mehr գործակալությունը:
Փեզեշքիանն ասել է, որ այս հարցում ինքը ոչ լավատես է, ոչ էլ հոռետես:
«Բայց եթե նրանք (Միացյալ Նահանգները՝ խմբ.) չեն ցանկանում բանակցել մեզ հետ հավասար դիրքերից, մենք կշարունակենք ինչպես նախկինում: Մեր սեփական ռեսուրսների վրա հենվելով՝ մենք կարող ենք զարգացնել երկիրը: Մենք՝ իրանցիներս, իրավասու և հմուտ մարդիկ ենք, և մենք երբեք չենք թերագնահատում մեր կարողությունները», – ասել է Իրանի նախագահը:
Ապրիլի սկզբից Իրանն ու ԱՄՆ-ն վերսկսել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին ուղղակի բարձր մակարդակի բանակցությունները տեղի էին ունեցել տասը տարի առաջ՝ 2015-ին, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն աշխատում էին ավարտին հասցնել Իրանի հետ միջուկային գործարքը:
2015-ին Իրանն ու միջազգային վեցնյակը (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ կնքելով միջուկային համաձայնագիրը:
ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս է եկել 2018-ին:
comment.count (0)