Անհուսալի վարկ ունեցող ևս 2968 անձ փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար
12:32 - 23 ապրիլի, 2025

Անհուսալի վարկ ունեցող ևս 2968 անձ փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար

Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը ֆինանսական միջոցներ հատկացնելու համար 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխում կկատարվի: Նպատակն ապրիլ և մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելն է: Առաջարկվում է 2-րդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Հայտնում է 1lurer.am-ը։

«Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը: Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը:

Դիմումների ընդունման ժամկետը, երբ մեկնարկել է գործընթացը, սահմանված է եղել 2025 թվականի փետրվարի 1-ը, վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի հունվարի 31-ը»,- ասաց նախարարի տեղակալը:

Տաթևիկ Ստեփանյանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, ըստ այդմ՝ այս պահի դրությամբ 9630 դիմումից բավարարվել են 3594-ը: Մարտին վճարվել է փետրվարին դիմած և հաստատված 1896 անձի համար աջակցությունը, որի դրամական չափը 70 մլն դրամ է: Մարտին դիմել և շահառու է դարձել ևս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջին: Արդյունքում կստացվի, որ 2968 անձ՝ որպես ծրագրի շահառու, փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմած շահառուներից 680-ն առաջին անգամ են մտել աշխատաշուկա, այսինքն՝ նրանք նախորդող ամսին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն: Սա 22 տոկոսն է մեր թվային ցուցանիշների մեջ»,- ասաց նախարարի տեղակալը, ինչին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ շատ լավ նորություն է:

Թեմային արձագանքեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ պետք է խնդրել բանկերին, որ ավելի ինտենսիվ կապ կազմակերպեն շահառուների հետ, քանի որ ծրագիրն ունի դուալ էֆեկտ, այն է՝ բանկերն էլ դրանից եկամուտ են ստանում:

«Կասկած ունեմ, որ այդ շլյուզը դեռ լավ չի աշխատում, որովհետև բանկերը հիմա պետք է զանգեն իրենց պրոբլեմատիկ հաճախոդներին, ասեն՝ համեցե՛ք, ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս արձագանքեց՝ նշելով, որ այն շուրջ 2900 անձինք, որոնք աշխատանք ունեին դիմելու պահին, նրանց մոտ վերջին ամսվա տվյալներով արձանագրվել է 20 տոկոսով աշխատավարձի աճ. «Եթե այդ բոլոր մարդկանց աշխատավարձի միջինը 1-2 ամիս առաջ 145 հազարի չափ էր, ապա վերջին ամսվա տվյալներով 180 հազարի սահմանում է, ինչը հաջորդ դրական միտումն է, այսինքն՝ սա նպաստում է նաև այդ աշխատակիցների և գործատուների հարաբերություններն ավելի թափանցիկ դարձնելուն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել