Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա |armenpress.am|
14:14 - 24 ապրիլի, 2025

Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական վիշտ։

Մարիա Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։ 

«Ապրիլի 24֊ին լրանում է 20-րդ դարի պատմական ամենամեծ ողբերգության` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, և հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը։  Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում, անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցում են ոչ միայն հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնց միավորում է ցանկությունը՝ պահպանելու անցյալի ողբերգական իրադարձությունների հիշողությունը, որը չի կարելի մոռացության մատնել։ 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավարի` Սերգեյ Դմիտրիի Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության դերակատարները կատարվածը որակել են որպես մարդկության դեմ հանցագործություն։ Պատմական վկայությունների համաձայն՝ 1915թ. Ռուսական կայսերական կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացել է  ռուս-թուրքական սահմանը և փրկել է ավելի քան 350 հազար հայերի»,- նշել է Զախարովան: 

Նա հավելել է, որ Ռուսաստանն առաջիններից մեկն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա նաև հիշեցրել է, որ 2015թ.-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում մասնակցել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։  

Ռուսաստանի Պետական Դուման 1995 թվականի ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել