civilnet.am: Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանին ձերբակալման վայր տեղափոխելու ընթացքում ենթադրաբար խոշտանգած և նսեմացրած անձինք մեկ տարի անց դեռևս հայտնաբերված չեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բացատրությանը, թե կատարվում է փորձաքննություն։
«Ես ունեմ լուսանկարներ։ Երիտասարդին ակնհայտ ծնկաչոք վիճակում նստեցրել են խոտին, տաբատը իջեցրել են, թքել են վրան ու խոշտանգել։ Ի՞նչ փորձաքննություն է պետք այս ամենին։ Ի՞նչ անհասկանալի բան կա, որ արդեն մեկ տարի է անցել, բայց Երևանում գործած այս հանցախումբը չի բացահայտվել։ Նրանք գործել են ազատ և բանուկ հատվածում»,- հայտարարեց Թովմասյանը։
2024-ի ապրիլի 16-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Վարդանյանի և այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը վերջինիս անվանել էր «հակահայ վիժվածք»։
Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբանները հայտնել էին, որ Վարդանյանին Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դաժան խոշտանգումների են ենթարկել։
Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ խոշտանգումը եղել է նախապես կազմակերպված, իսկ հանցագործներին աջակցել են հենց ոստիկանները։ Մինչ օրս խոշտանգող անձինք չեն հայտնաբերվել։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց պատգամավոր հայարարությունը՝ նշելով, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
«Նշանակվել են երեք փորձաքննություններ դեռևս 2024-ի մայիսին, որոնց արդյունքները դեռ չենք ստացել։ Մինչև այդ արդյունքները չստանանք, չենք կարող հիմնվել միայն լուսանկարների վրա, որտեղ, օրինակ, պատկերված է տաբատ՝ ենթադրյալ խոտի հետքերով։ Չենք կարող պնդել, թե այդ հետքերը առաջացել են այն մեխանիզմով, որը նկարագրում է տուժածը»,- ամփոփեց Վարդապետյանը։
Շարունակությունը՝ civilnet.am-ում։
comment.count (0)