Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր
 |news.am|
14:12 - 25 ապրիլի, 2025

Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր |news.am|

news.am: «Գոլդեն փելես» հյուրանոցը  նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է 15 միլիարդ 800 դրամով, այդքան է գնահատվել պետության կողմից նվերի գինը, բայց այդ նվերը երկուս ու կես տարի հետո 5 միլիարդ դրամով է վաճառվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ընդ որում վաճառվել է մարելու տարբերակով, ամեն տարի մեկ միլիարդով պիտի գործարարը մարի, մյուս տարի լրանում է վերջնաժամկետը։ Այսինքն ուզում եմ հասկանալ այստեղ պետության ահռելի կորուստը, որ կրել է, արդյոք դատախազության կողմից որևէ ուշադրության արժանացել է»,-ասաց նա:

Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Դուք նվիրատվություն եզրույթն եք օգտագործում, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, խոսքը պատճառված հնարավոր վնասի վերականգնման մասին է։ Մենք նմանատիպ իրավիճակներ էլի ունենք։ Օրինակ, բոլորովին վերջերս քրեական մեծ վարույթի շրջանակներում մի քանի միլիարդ արժողությամբ գույք կրկին վերադարձվեց պետությանը և կողմը գրել էր, որ քանի որ անցել են վաղեմության ժամկետները, համաձայն է իր նկատմամբ վաղեմություն կիրառելու և ցանկանում է նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելը։ Տվյալ դեպքում վնասը վերականգնվել էր գույքային արտահայտմամբ։

Ուստի ձեր կողմից նշված իրավիճակը ևս մեխանիկական նվիրատվություն չէ:

Այստեղ դուք կորուստ բառը օգտագործեցիք, ճիշտն ասած, այս ընթացքում ես ոչ մի անգամ տարաժամկետ վճարումների հետ կապված կոռուպցիոն դրսևորման չեմ հանդիպել»:

Թագուհի Թովմասյանը հստակեցրեց, որ իր հարցը ոչ թե տարաժամկետ վճարման մասին էր, այլ այն մասին, որ պետությունը նվիրատվություն է ստացել 15.8 միլիարդ դրամ, բայց վաճառել է այդ գույքը 5 միլիարդով։

«Հիմա պետությունը օգտվե՞լ է, թե՞ տուժել այս թվաբանության մեջ։ Արդյո՞ք այստեղ կա ձեզ իրավաբանորեն հետաքրքրող հարց։ Օրինակ, ինձ մոտ առաջանում է այդ հարցը, ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ հենց այդ գործարարին, ինչու՞ հենց այս դեպքով և ինչո՞ւ 15.8 միլիարդանոց գույքը նա կարողանում է գնել 5 միլիարդով:

Հիմա եթե ասեն, որ չի վաճառվում, բա այդ դեպքում պետությունը ուռճացված գներով է նվիրատվությունը ստացե՞լ, եթե նույնիսկ վնասի վերականգնումն էլ հետն է»:

Գլխավոր դատախազը միայն ասաց, որ իրենք լիազորություն չունեն որոշելու, թե գույքը ոնց պետք է տնօրինվի.

«Եթե դուք որևէ պարզաբանման անհրաժեշտություն եք տեսնում, կխնդրեմ պետգույքի կառավարման կոմիտեից ճշտեք, թե գնահատումը ինչ տրամաբանությամբ է իրականացվել, և եթե մտահոգություններ ունեք, խնդրում եմ ուղղակի ուղարկեք մեզ, մենք ստուգողական գործողությունների արդյունքում կհասկանանք կոռուպցիոն դրսևորումներ կան, թե չէ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել