ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ընկերությունը առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 19 մլրդ 901 մլն դրամ։
Ցանկում 2–րդը «Մոբայլ սենթր արթ»-ն է` 16 մլրդ 591 մլն դրամ հարկային մուտքերով, 3-րդ՝ «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 12 մլրդ դրամով, 4-րդում` «Սի Փի Էս էներջի գրուպ»–ը` 7 մլրդ դրամով։ 5-րդը «Փրիթի ուեյ» ընկերությունն է` 6 մլրդ 545 մլն դրամով։
6-րդ տեղում «Վայդբերրիզ»-ն է` 5 մլրդ 697.5 մլն դրամով, հաջորդում է «Սիթի»-ն՝ 5 մլրդ 171 մլն-ով, 8-րդը «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ 4 մլրդ 469 մլն-ով, 9-րդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` 4 մլրդ 396 մլն դրամով, 10-րդ տեղում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը՝ մոտ 4 մլրդ-ով։
Ցանկում ներառված չէ ԶՊՄԿ-ն, որը սովորաբար գլխավորում է ցանկը։ Ընկերությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ պատճառը նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձն է։
«2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։
Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։
Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»։
ՊԵԿ-ից ևս Sputnik Արմենիային հայտնել են, որ Կոմբինատը ցանկում չի ներառվել 2024 թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերության պատճառով։
ՊԵԿ-ից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 22 միլիարդ 244 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 123 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 329 միլիարդ 864 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 միլիարդ 230 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 57 միլիարդ 244 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել շուրջ 22 միլիարդ 986 միլիոն դրամ։
comment.count (0)