Դատավորի լիազորությունը 5 ձայնով դադարեցնելը հակասահմանադրական է. ՍԴ որոշումը՝ Արթուր Ստեփանյանի գործով
18:24 - 25 ապրիլի, 2025

Դատավորի լիազորությունը 5 ձայնով դադարեցնելը հակասահմանադրական է. ՍԴ որոշումը՝ Արթուր Ստեփանյանի գործով

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի գործով որոշումը։

Արթուր Ստեփանյանն այն դատավորներից է, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր նախորդ տարի։ Ոորոշումը կայացվել էր Խորհրդի 5 անդամի քվեարկությամբ։

Դրանից հետո նախկին դատավորը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ իր լիազորությունները դադարեցվել են ոչ թե պահանջվող՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն առնվազն 6 ձայն է (քանի որ ԲԴԽ կազմը բաղկացած է 10 հոգուց՝ 5 դատավոր եւ 5 իրավաբան գիտնական), այլ՝ 5 կողմ ձայնով․

«Թեև դատական նիստին մասնակցել են 10անդամները, օգտվելով դատավորին վերապահված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ հարցեր տալու, ինչը կարող էր ազդել նրանց դիրքորոշումների ձևավորման վրա, ձայների հաշվարկի հիմքում դրվել է 8-ը: Բացի այդ, ԲԴԽ-ն քվեարկությանը նիստին մասնակցած բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու հնարավորություն ունենալով, չի ստեղծել նման պայման, իսկ ձայների հաշվարկի նպատակով անտեսել է դատա-կան նիստին մասնակցած 2 դատավորներին, ինչը խախտում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն ու 63-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով ԲԴԽ-ի կողմից նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պայմաններում դատավորի լիազորությունները դադարեցվել են ոչ թե պահանջվող՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն առնվազն 6 ձայն է, այլ՝ 5 կողմ ձայնով»,- իր դիմումում նշել էր դատավորը։

Պատասխանող կողմը՝ ի դեմս Ազգային ժողովի, առարկել էր՝ նշելով, որ կոլեգիալ մարմիններում որոշումների կայացման համար միաձայնության պահանջն անխուսափելիորեն հանգեցնելու է որոշումների կայացման անհնարինության և տվյալ մարմնի գործունեության համար անհաղթահարելի խոչընդոտների․ «Բարձրագույն դատական խորհրդի պարագայում օրենսդիրը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացման համար նախատեսելով նիստին մասնակցող խորհրդի անդամների մեծամասնության, բայց ոչ պակաս քան խորհրդի անդամների առնվազն կեսի ձայնի առկայություն, գտել է, որ նշված քանակությամբ ձայների առկայությունը բավարար է Խորհրդի կողմից լեգիտիմ որոշում կայացնելու համար»։

Լսելով կողմերին՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդիրը պետք է նախատեսի այնպիսի կարգավորում, որը մի կողմից կբացառի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման ընդունման հնարավորությունը բացառապես 5 դատավորի կամ բացառապես 5 իրավաբան գիտնականների կողմ ձայներով, մյուս կողմից կերաշխավորի վերոնշյալ որոշման ընդունումը Խորհրդի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ առնվազն 6 կողմ ձայներով, քանզի Խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կազմված է 10 անդամից:

«Մինչդեռ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված կարգավորման գործողության ուժով դատավորը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, արդյունքում՝ նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով կարող են դադարեցվել Խորհրդի համապատասխան որոշմանը Խորհրդի 5 անդամի կողմ քվեարկելու դեպքում: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Խորհրդի՝ 10 անդամից կազմված լինելու վերաբերյալ սահմանադրական դրույթի գործողության պայմաններում Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունում գործածված «խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը» ձևակերպումը չի տեղավորվում «մեծամասնություն» եզրույթի ներքո: Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը վերաբերում է Խորհրդի՝ որպես դատարան հանդես գալիս լիազորությունների իրականացմամբ որոշումների ընդունմանը, ինչն ավելի է ընդգծում վերոնշյալ օրենսդրական կարգավորման՝ սահմանադրականության առումով խնդրահարույց լինելը՝ առավել ևս այն պայմաններում, երբ Խորհրդի՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ դատարանակազմական լիազորություններ իրականացնելիս որոշումների ընդունման համար պահանջվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ այս որոշումը կարող է հիմք հանդիսանալ գործի վերանայման համար։

Ամբողջական որոշումը՝ այստեղ։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել