Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս պահին լարված իրավիճակ է․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այստեղ քննչական գործողություններ են իրականացնում։
«Ինֆոքոմը» ներկա էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին, երբ այն 10 րոպեով ընդմիջվեց։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը տեղեկացրեց, որ շատ կարեւոր, անհետաձգելի զանգ է ստացել եւ դուրս եկավ նիստերի դահլիճից։ Րոպեներ անց դատարանի միջանցքից աղմուկի եւ իրարանցման ձայներ լսվեցին։ Դատավորի նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստը հետաձգվում է անորոշ ժամանակով։
Քիչ անց պարզեցինք, որ քննչական գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Գործով տուժողները մեզ տեղեկացրին, որ նկատել են՝ ինչպես են քննիչները Գաբրիելյանին ուղեկցում այլ սենյակ։
Փորձեցինք մանրամասներ ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից, որի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց միայն, որ քննիչները դատարանում իրականացնում են քննչական գործողություններ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։
Հաշվի առնելով, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը՝ դիմեցինք նաեւ ԲԴԽ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը եւս մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նորությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ դատաքննությունը։ Կատարվածից հետո որդեկորույս ծնողները մտահոգություն հայտնեցին, որ դատավորի հավանական փոփոխության դեպքում իրենց որդիներին առնչվող գործի քննությունը պետք է նորից սկսվի, մինչդեռ գործով քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետների լրանալուն մնացել է 6 ամիս։
Հիշեցնենք, որ 2024 թ․ նոյեմբերին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: Հակակոռուպցիոն դատարանը հայցադիմումը վարույթ էր ընդունել։
2024 թ․ սեպտեմբերին Արտուշ Գաբրիելյանը ենթարկվել էր նաեւ կարգապահական պատասխանատվության։ Բարձրագույն դատական խորհուրդը նրան հայտարարել էր խիստ նկատողություն։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)