ՀՀ էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարներն այցելել են Խնածախ, Վաղատուր և Խոզնավար
16:42 - 29 ապրիլի, 2025

ՀՀ էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարներն այցելել են Խնածախ, Վաղատուր և Խոզնավար

Հայաստանի  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մեկնել են Սյունիքի մարզ, ծանոթացել Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը՝ ներկայացնելով նաև լուսանկարներ:

«Նախարարները գիշերել են Խնածախում, առավոտյան հանդիպել են բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև հանդիպումները շարունակել Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում։Նրանց ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպումների ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես իր քաղաքացիների կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։

Նախարարը բնակիչների հետ զրույցում ևս մեկ անգամ փաստել է, որ համայնքների, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է, ինչը նաև բնակիչների կողմից է ողջունվել: Նրանք նշել են, որ խաղաղության ապահովումն անհրաժեշտ պայման է համայնքների ավելի արդյունավետ զարգացման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել